ԶՈՒՏ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ. ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԹԱՂԵՑ ԻՐ ԻՄԻՋԸ ՅՈԹ ՔԱՐԻ ՏԱԿ

Մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը, երբ հանդիպելու են անգլիական երկու ակումբ՝ «Արսենալը» և «Չելսին»։ Զուտ մարզական իրադարձությունը, սակայն, արդեն հասցրել է ուղեկցվել քաղաքական և իմիջային բնույթի աղմկալի սկանդալներով։ Ընդ որում, ինչպես թվում էր նախկինում, գլխավոր հարցը՝ եզրափակիչին Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը, փոքր-ինչ մղվեց երկրորդ պլան առավելապես Մեծ Բրիտանիայից հնչող ազդանշաններով։ Եվ կրկին՝ ոչ այնքան մարզական, որքան քաղաքական-դիվանագիտական մակարդակով։

Առաջինը հասցրեց աչքի ընկնել գերմանացի նշանավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որի արտահայտությունը Բաքվի հասցեին ոչ թե պարզապես վիրավորական էր, այլ իսկապես նվաստացուցիչ։ «Եվրոպայի Լիգայի եզրափակիչը Բաքվո՞ւմ. սա ծիծաղելի է։ Չգիտեմ, թե նախաճաշին ինչ են օգտագործում նման որոշումներ ընդունողները (…)։ Եզրափակիչների անցկացման վայրի մասին որոշումները պետք է ավելի հիմնավորված ու պատասխանատու լինեն։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք դա անում»,- հայտարարեց նա։ Ընդ որում ուշագրավ է, որ ինքը՝ Կլոպը բարեհաջող խուսափեց «երջանիկ» ուղևորութունից Բաքու, քանզի իր թիմը խաղալու է մյուս եզրափակիչում՝ Մադրիդում։ Համարձակվենք ենթադրել, որ նշանավոր մարզիչի հայտարարությունները պայմանավորված են այդ թվում նաև 2015 թվականին համանման իրավիճակի մասին հիշողություններով, երբ դորտմունդյան «Բորուսիան» եվրոպական մրցամարտի փուլերից մեկում խաղում էր ադրբեջանական ակումբի հետ, և այն ժամանակ գերմանական ակումբի կազմում ու հենց Կլոպի ղեկավարության ներքո փայլող Հենրիխ Մխիթարյանը ստիպված եղավ բաց թողնել Բաքվում տեղի ունեցած խաղը։

Գերմանացի մասնագետի խոսքերում, սակայն, կա նաև այլ կարևոր բաղադրիչ. ինչպե՞ս են ընդունվում պատվաբեր մարզական միջոցառումներն Ադրբեջանի կարգի երկրներում անցկացնելու մասին որոշումները։ Այստեղ Կլոպը շոշափում է բնավ ոչ ֆուտբոլային բնույթի խնդիրների մի ամբողջ համալիր, քանզի առաջին հերթին մտաբերում ես 2015-ին Բաքվում անցկացված և որպես Իլհամ Ալիևի ու իր թանկագին փոխնախագահի անսահման սնապարծության ու ինքնահիացման հաղթանակ մտահղացված Եվրոպական խաղերը։ Իրականում ամեն ինչ փոխարկվեց աղմկոտ սկանդալների՝ ինչպես մարզական, այնպես էլ քաղաքական բնույթի։ Ընդ որում քննադատության առաջնագծում կրկին անգլիական մամուլն էր, իսկ The Guardian-ի լրագրողին թույլ չտվեցին մտնել Բաքու։

«Ազատություն» ռադիոկայանը «Իմիջային խաղեր» բնորոշ վերնագրով հոդվածում այն ժամանակ գրեց. «Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի իշխանությունները սովորաբար ժլատություն չեն անում այն միջոցառումների ֆինանսավորման հարցում, որոնք, ինչպես համարվում է, կարող են բարելավել երկրի իմիջն արտասահմանում։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Խաղերին հաջորդած իրադարձություններում է թաքնված Յուրգեն Կլոպի այն հարցի անուղղակի պատասխանը, թե «ինչ են ուտում նախաճաշին» նման որոշումներ ընդունողները։ Քանզի խաղերը Բաքվում անցկացնելու ամենաթունդ կողմնակիցը, որն այնուհետ հատուկ պարգև ստացավ Ալիևից, ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ և Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքքին ընդամենը մեկ տարի անց ձերբակալվեց Ռիոյում կայանալիք օլիմպիադայի տոմսերի հետ կապված խոշոր մեքենայությունների կասկածանքով և հեռացվեց իր բոլոր պաշտոններից։

Մենք, իհարկե, ապրիորի կասկածի տակ չենք առնի մարզական պաշտոնյաների ազնվությունը, այդուհանդերձ «այդ ի՞նչ ֆուտբոլային արժանիքների համար է կոռուպցիայի մեջ թաղված և մարդու իրավունքների խախտումների զանգվածայնությամբ աշխարհում առաջատարներից մեկը՝ Ադրբեջանը արժանացել Եվրոպայի Լիգայի եզրափակիչն ընդունելու պատվին» հարցը համառորեն ճախրում է օդում։

Չէին հասցրել Բաքվում ուշքի գալ Կլոպի ապտակից, երբ հաջորդեց նոր հարված, այս անգամ շատ ավելի բարձր մակարդակի։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը իր կայքում նախազգուշացում հրապարակեց Թագավորության այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ուղևորվել Բաքվում կայանալիք խաղը դիտելու։ Հաղորդագրությունը վերաբերում է գլխավորապես անվտանգության հարցերին՝ տեղի ծառայություններից օգտվելիս (տաքսի, հասարակական տանսպորտ և այլն), դրամապանակներն ավելի պինդ պահելու և կասկածելի անձանց հետ շփվելիս զգոն լինելու խորհուրդներին։ Նման կտրուկ հարձակումն ընդդեմ կարծես թե «յուրային» նավթային գործընկերոջ հասցեին, անթաքույց ու խոր վիրավորանք առաջացրեց Բաքվում. պատասխան պարզաբանումներով հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ-ը, հայտարարելով զբոսաշրջիկների համար քաղաքի լիակատար անվտանգության մասին։ Չօգնեց. նախազգուշացումն ինչպես որ զետեղված էր Ֆորին օֆիսի կայքում, այնպես էլ շարունակում է մնալ տեղում։

Եզրափակչի անցկացման վայրի առիթով նյարդայնության ընդհանուր կաթսայում իր բաժինն ավելացրեց նաև հեղինակավոր Բի-բի-սին, հայտարարելով, որ Բաքուն Լոնդոնից ավելի հեռու է, քան Իրաքի և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքները, և այդպիսով վրդովված հառաչանքների հերթական պայթյունը հարուցելով Ադրբեջանում։ Եվ առավելևս, բնականաբար, և՛ ակումբների, և՛ ֆուտբոլասերների ծայրահեղ դժգոհությանն արժանացավ հաղորդագրությունն այն մասին, որ անգլիական թիմերից յուրաքանչյուրի երկրպագուներին հատկացվել է ընդամենը 6 հազարական տոմս՝ մարզադաշտի 70 հազար մարդ ընդհանուր տարողունակության պարագայում։ «Հազարավոր երկրպագուներ աջակցել են թիմին տարիներ շարունակ, այդ թվում նաև դեպի եզրափակիչ տանող ճանապարհին։ Եվ նրանք չեն կարող ներկա լինել խաղին»,- իր պաշտոնական հայտարարության մեջ ընդգծել է «Արսենալը»։

Երկու օր անց հաջորդեց նոր սկանդալ. ինչպես հաղորդում է sokker.ru կայքը՝ հղում կատարելով The Times-ին, Ադրբեջանում հրաժարվում են վիզա տրամադրել Մեծ Բրիտանիայի հայկական ծագումով քաղաքացիներին, որոնք ցանկանում են ուղևորվել եզրափակիչ խաղը դիտելու։ Դա հանգեցրեց անգլիական «Արսենալի» թվով երկրորդ հայտարարության հրապարակմանը, որում կրկին արձանագրված են Ադրբեջան ուղևորության հետ կապված մեծ խնդիրները։ Ավելին, անթաքույց նյարդայնությամբ ու վրդովմունքով է խոսվում եզրափակիչ խաղի անցկացման համար քաղաքի ծայրաստիճան կասկածելի ընտրության մասին։

«Մեր երկրպագուների անունից կցանկանայինք հասկանալ այն չափորոշիչները, որոնցով ընտրվում են եզրափակիչ խաղերի անցկացման վայրերը, ինչպես նաև՝ թե ինչպես են դա անելիս հաշվի առնվում ֆուտբոլասերների պահանջները։ Մենք համառորեն կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին հաշվի առնել երկրպագուների լոգիստիկան և ցանկությունները եզրափակիչների անցկացման վայրերի հետագա ընտրության ժամանակ, քանի որ այս սեզոնում տեղի ունեցածն անընդունելի է և չպետք է կրկնվի»,- ընդգծում է անգլիական ակումբը։

Վաղուց գաղտնիք չէ, որ նավթային ահռելի եկամուտները, հատկապես դրանց բարձրակետի տարիներին, Ադրբեջանն օգտագործել է բացի ամենայնից նաև նրա համար, որ ստանա միջազգային խոշոր միջոցառումներ՝ աշխարհում անհայտ երկրի անվանումը ճանաչելի դարձնելու, չտեսնված շքեղությամբ հյուրերին ապշեցնելու և դրանով իսկ քաղաքական շահաբաժիններ վաստակելու, իսկ միաժամանակ նաև ցեղակիցներին թերարժեքության ահռելի բարդույթից բուժել փորձելու նպատակով։ Բաքվի բռնակալի համար դա առանձնակի կարևոր էր միջազգային հանրության կողմից իր իրականացրած ներքին քաղաքականության սուր ու հետևողական բազմամյա դատապարտման խորապատկերին, բացի այդ, դա գերազանց հնարավորություն է Ալիևների համար պետբյուջեից պատկառելի գումար վերցնելու և փոխադրելու ընտանեկան անհատակ գանձանակ։ Բավական է ասել, որ առաջին տիկինն անձամբ էր գլխավորում Եվրոպական խաղերի կազմկոմիտեն, որոնց անցկացման համար, հենց նույն Բի-բի-սիի տվյալներով, պետգանձարանից հատկացվել է ավելի քան 3 միլիարդ դոլար։

Սակայն պատվաբեր միջոցառումները, ըստ երևույթին, Ադրբեջանի և Ալիևների համար ավելի շատ փոխարկվում են խնդիրների և հեղինակազրկման, քան շահաբաժիններ բերում։ Եվ ոչ վերջին հերթին՝ Արցախյան հարցի և խայտառակ սև ցուցակի պատճառով։ Բաքվում անընդունակ են հասկանալ, որ հայ մարզիկների անվտանգ մուտքի, հյուրընկալման և ելքի հետ կապված խնդրի առաջացումն ինքնին վկայում է համաշխարհային սպորտում խորապես դատապարտվող և արգելված էթնիկական հատկանիշով խտրականության մասին, ինչպես նաև զուտ մարզական հարցերի նկատմամբ քաղաքականի գերակշռող ազդեցության, ինչը նույնպես խստիվ արգելված է։ Չենք խոսում արդեն այն մասին, որ այդ խնդիրներն ամենահամոզիչ կերպով և չափազանց հեշտությամբ հողմացրիվ են անում եռանդագին տիրաժավորվող քարոզչական առասպելը Ադրբեջանի բացառիկ հանդուրժողականության մասին։

Քանզի ի՞նչ կիմանա տարածաշրջանային իրողություններից անասելի հեռու գտնվող եվրոպական ֆուտբոլասերը Մխիթարյանի շուրջ բարձրացած աղմուկից։ Միայն այն, որ Լոնդոնի «Արսենալի» խաղացողը կարող է չմասնակցել խաղին, որովհետև Հայաստանի քաղաքացի է, և միայն այդ պատճառով նրան կարող են ներս չթողնել Ադրբեջան, որտեղ նրա անվտանգության հետ կապված մեծ խնդիրներ կան։ Ինչպես նաև այն, որ նույնիսկ Նորին մեծություն Անգլիայի թագուհու հպատակներին արգելված է մուտքն Ադրբեջան՝ զուտ նրանց էթնիկ ծագման պատճառով։ Արդյունքում Ադրբեջանի մասին կմտապահի հենց այդ, պետության և դրա ղեկավարության իմիջի համար, մեղմ ասած, ոչ լավագույն տեղեկությունը։ Ընդ որում, շնորհիվ նաև Հենրիխի, Հայաստանի մասին արդեն ունենալով միայն դրական բնույթի բավականաչափ տեղեկություններ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի և մյուս գերատեսչությունների կողմից ամեն կերպ հնչեցվող հակառակ հավաստիացումները լոկ հաստատում են ճշմարտությունը. Ադրբեջանը մի երկիր է, որը խառնում է սպորտը քաղաքականության հետ, և հենց քաղաքական պատճառներով էլ «պերսոնա նոն գրատա» հայտարարում բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց, տվյալ դեպքում՝ համաշխարհային համբավ վայելող ֆուտբոլիստին, և անգլիական ակումբի «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող երկրպագուներին։ Մնացյալ ամենը արդեն առանձնապես կարևոր չէ. ոչ ոք, իհարկե ականջ չի դնի «20%-ի» և «1 միլիոնի» մասին Բաքվի երկարաշունչ ու տաղտկալի ճառերին։

Մինչդեռ, համաձայն վերջին տվյալների, «Արսենալին» չեն գոհացնում ադրբեջանական Ֆուտբոլի ֆեդերացիայի, այդ երկրի ԱԳՆ-ի և ՈՒԵՖԱ-ի տրամադրած երաշխիքները, և նա պահանջում է լրացուցիչ պայմաններ՝ Հայաստանի հավաքականի ավագի անվտանգությունն ապահովելու համար։ Հաղորդագրություն է հայտնվել, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է այնուամենայնիվ չտանել նրան Բաքու հենց այդ պատճառով։ Այդպիսով, որոշումներ ընդունողներին ուղղված հարցը ձեռք է բերում ևս մեկ բաղադրիչ. ինչո՞ւ պիտի մասնակցությունն այնպիսի տոնին, ինչպիսին Եվրոպայի Լիգայի եզրափակիչն է, որը կյանքում վիճակվում է բնավ ոչ ամեն ֆուտբոլիստի, կախված լինի խաղի անցկացման վայրից։

Հիրավի, որտեղ ֆուտբոլը, որտեղ Եվրոպան, և որտեղ Ալիևը՝ սնապարծության տոնավաճառում ցուցադրված իր Բաքվի առերևույթ պատկերով։ Զարմանալի չեն սոցցանցերում հայտնվող բազմաթիվ առաջարկությունները, որ եզրափակիչը տեղափոխվի այլ քաղաք, հենց թեկուզ նույն Անգլիայում։ Ինչպես դիպուկ նկատեց ֆուտբոլասերներից մեկը, Ադրբեջանում «մի ձեռքով փորձեցին բարելավել իմիջը, իսկ մյուսով թաղեցին դա յոթ քարի տակ»։ Մեր կողմից հավելենք. դա էր ի սկզբանե դրա տեղը։ Հենց այդ պատճառով էլ առայժմ ակներև է միայն կառավարող ընտանիքի տպավորիչ ինքնագոլը սեփական հեղինակության դարպասին և ցուցադրական խայտառակությունը Եվրոպայով ու ֆուտբոլային աշխարհով մեկ։ Մինչդեռ խաղի մեկնարկին դեռ օրեր կան