ՎԵԹԻՆԳ. ԱՊՕՐԻՆԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԵՆ ՀԱՐԹՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ
Կառավարության խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջանում։ Կասկածից վեր է, որ անմիջապես կհաջորդի ինչպես դատական համակարգում հայտարարված «վիրահատական միջամտության», այնպես էլ Արցախի իրավիճակին վերաբերող ամենատարբեր բնույթի բազմաթիվ մեկնաբանությունների և հայտարարությունների տարափ։ Բայց մեկ հարց առաջանում է անմիջապես և հնչում չափազանց հակիրճ. ինչո՞ւ։ Ինչո՞ւ էր պետք այդ ամենը անել հենց այդպես, «արտակարգի» ռեժիմով, դատարանների «ելքերն ու մուտքերը արգելափակելու» միանշանակ ապօրինի և աննախադեպ միջոցների կիրառմամբ, ընդգրկելով ոստիկանությանը և սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող և իրավունքի տեսանկյունից անվերապահորեն բացասական գործընթացների վրա։
Ինչո՞ւ էր պետք ուշ երեկոյան ստրեսային վիճակի մեջ գցել մարդկանց, խուճապ, իրարանցում ծնել սոցցանցերում, է՛լ ավելի լարել հասարակական առճակատման առանց այդ էլ բարձր աստիճանը, քնից զրկել մարդկանց՝ արտակարգ, իսկ գլխավորը՝ ակնհայտորեն բռնության հետ կապված իրադարձությունների սպասումով։ Չէ՞ որ ողջ երկրում պետհաստատություններն արգելափակելու կոչն անկասկած բռնի գործողությունների կոչ է, իսկ եթե ընդ որում վերաբերում է իշխանության երրորդ ճյուղին, ապա նաև՝ հակասահմանադրական, ինչի մասին իրենց հայտարարություններում անմիջապես նախազգուշացրեցին քաղաքական ուժերն ու հասարակական գործիչները։ Ինչո՞ւ էր պետք ցնցել առանց այդ էլ լարված վիճակում գտնվող հասարակությանը անհասկանալի ու անիմաստ ակցիայի կոչերով։ Ինչո՞ւ էր պետք կանգնեցնել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մեքենան և ստեղծել խուզարկության հետ կապված ողջ այդ իրարանցումը. որպեսզի հասարակությանը նախապատրաստես այն բանին, որ այսօրվա հայտարարության մեջ շոշափվելու է նաև Արցախի թեմա՞ն։
Փաշինյանի հայտարարությունը, բնականաբար, հանգամանորեն կենթարկվի նույն այն վեթինգին, որ հենց ինքն առաջարկեց անցկացնել դատական համակարգի նկատմամբ։ Օրինակ, հաստատելու համար, որ կիրակի երեկոյան նրա ձեռնարկած և ողջամտության սահմաններից դուրս գտնվող ակցիան անքակտելիորեն կապված է դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման հետ, որքան էլ վարչապետի զինակիցները կատաղաբար առարկեն դրան։ Կամ, որ վարչապետին շտապ առիթ էր պետք չարաբաստիկ «անցումային արդարադատությունը» պարտադիր կարգով մտցնելու համար։ Ինչպեսև այն հարցը, որ եթե դատարանների գործունեության գնահատականը չի մտնում կառավարության ղեկավարի լիազորությունների մեջ, ինչպես որ ինքը հայտարարեց այդ մասին, ապա որքանո՞վ է այդ լիազորություններին համապատասխանում դատարանների շենքերն արգելափակելու կոչը։
Պարադոքսն այն է, որ Փաշինյանն իրավացի է գլխավոր հարցում. Հայաստանի դատաիրավական համակարգը առողջացման սուր կարիք ունի։ Բայց պարադոքսը նաև այն է, որ այդ մասին խոսում են բոլորը և արդեն շատ վաղուց։ Միայն մեր թերթում կարելի է անթիվ հրապարակումներ գտնել այդ համակարգում իրավունքից հեռու բարքերի, կարգերի տիրապետության, պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության բացակայության թեմայով, այն մասին, որ դատավորների անիրազեկության և նրանց վարձվածության հետևանքով երկիրն ամեն տարի տասնյակ ու հարյուր հազարավոր դոլարներ է վճարում Եվրադատարանի որոշումներից հետո, և բազմաթիվ այլ բաների։ Ոչ մի նոր բան չասվեց. բացառությամբ թերևս այդ ամենը հեղափոխական փոփոխությունների հետ կապելուն, «որոնց հետևից համակարգը չի հասնում և շարունակում է ծառայել նախկին ռեժիմին»։ Եվ նաև՝ որ այն «ժողովրդի դեմ դավադրությունների» բույն է։
Նման մեղադրանքները, ինչ խոսք, բավական լուրջ են, հատկապես երբ հնչում են երկրի առաջին դեմքի շուրթերից։ Բայց մի տեսակ շատ է զգաստացնում թեկուզ մեկ «դավադրության» մատնանշման բացակայությունը։ Կա՞ն կոնկրետ փաստեր։ Հետաքննեք, ապացուցեք, պատժեք։ Այլապես բացարձակ փուչ մեղադրանք է, քանզի մերկախոսությունը միշտ էլ ամուր փաստերի բացակայության և հաճախ անմաքուր որոշակի նպատակներով քաղաքական դատարկ հռետորաբանության օգտագործման վկայություն է։ Հակառակ դեպքում «դավադրությունների» խնդիրն ի հայտ կգար ոչ թե այսօր, այլ առնվազն ԱԱԾ-ի ղեկավարի և ՀՔԾ-ի պետի միջև հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո։ Երբ ակնհայտ դարձավ դատավորների վրա գործադրվող ճնշման և հետևաբար՝ նրանց օբյեկտիվության նկատմամբ ոտնձգության փաստը։ Աղմկահարույց գործի պարագայում յուրօրինակ «դավադրության» միանգամայն կոնկրետ ու վառ օրինակն ակներև էր։ Եվ ի՞նչ։ Բացարձակապես ոչինչ…
Անշուշտ, մենք բոլորս ուզում ենք ունենալ անկախ, արդար, պրոֆեսիոնալ ու որակյալ դատական համակարգ. ի վերջո խոսքը պետականության կարևորագույն ինստիտուտի մասին է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Եվ եթե վարչապետն ու կառավարող ուժը սկսեին բարփոխել այդ համակարգը ոչ թե հանկարծակի ցատկով, այլ խելամտորեն, հանգամանորեն կշռադատված և փորձագետների հետ համաձայնեցված հայեցակարգով, հետևողականորեն, առանց ցնցումների և ֆեյսբուքյան ուղիղ եթերների, ապա գին չէին ունենա։ Իսկ իրապես կոռումպացված կադրերի դիմադրության դեպքում հասարակությունը համախմբված կկանգներ բարեփոխիչների կողքին։ Ավա՜ղ…
Հարցը նաև այն է, որ գործնականում ամենը, ինչի մասին խոսեց վարչապետը, ունի օրենսդրական կարգավորում։ Դատավորի ունեցվա՞ծքը։ Ուսումնասիրեք նրա հայտարարագիրը, եթե կասկածներ կան եկամուտների անօրինականության վերաբերյալ, զբաղվեք։ Քաղաքական կապե՞րը։ Կասկածներ կա՞ն, որ դրանք ազդել են մասնագիտական գործունեության մեջ նրա անաչառության վրա։ Զբաղվեք, ուսումնասիրեք, ապացուցեք և պատժեք։ Դատավորները խոչընդոտո՞ւմ են կոռուպցիայի վերաբերյալ գործերին՝ համապատասխան շրջանակների հետ իրենց կապերի պատճառով։ Ներկայացրեք կոնկրետ օրինակ, գործ հարուցեք, հետաքննեք, ապացուցեք և պատժեք։ Կոնկրետ ապացույց կա՞, որ կոնկրետ դատավորի վարձվածության կամ կոռումպացվածության հետևանքով ընդունվել է հակաիրավական վճիռ, որից հետո երկիրը ստիպված է վճարել Եվրադատարանի որոշմամբ։ Գտեք այդ դատավորին, հետաքննեք, պատժեք, եթե թույլ է տալիս օրենքը։
Եվ բոլոր այդ դեպքերում մենք կլինենք ձեր կողքին, պրն. վարչապետ։
Բայց երբ դուք պնդում եք, թե ներդրումներ չկան դատական համակարգի մեղքով, հստակ զգացողություն է առաջանում, որ ակներև է խնդիրը լուծելու սեփական ազորությունն ու անկարողությունը թաքցնելու և դա ուրիշի ուսերին բարդելու ձգտումը։ Եվ նաև զգացողություն, որ իշխանությունները գտնվում են սեփական ձախողումների համար մեղավորների մշտական որոնումներում։ Նույնը վերաբերում է նաև այն հայտարարությանը, թե դատական համակարգը գլխավոր խոչընդոտն է կոռուպցիայի դեմ պայքարում։ Կա՞ն փաստեր։ Ներկայացրեք։ Եթե չկան, նշանակում է՝ այդ ամենը ոչ ավելին է, քան բառային մանիպուլյացիաներ։ Ընդ որում՝ անչափ վտանգավոր, ինչի մասին անցած կես օրվա ընթացքում շատ բան ասվեց ու խոսվեց։
Իսկ ինչ վերաբերում է դատավորների «անկեղծ զղջմանը» և օբյեկտիվ լինելու իրենց անկարողությունը խոստովանելուն, սա արդեն վուլգարացված ֆանտաստիկայի ոլորտից է, որը ոչ մի կապ չունի դատական համակարգի բարեփոխման և ընդհանրապես իրավական գործընթացների հետ։
Առաջանում է ևս մեկ հարց. ումո՞վ և ինչպե՞ս են փոխարինվելու ներկայիս դատավորները։ Իրավիճակն այդ իմաստով առավելևս վտանգավոր ու սարսափեցնող է թվում, եթե նայենք երկրում իշխանափոխությունից հետո եկած կադրերին։ Պատգամավորների ճնշող մեծամասնության անպատրաստվածության և ինտելեկտի ճչացող պակասի տեսանկյունից խորհրդարանի այսօրվա կազմը զիջում է անկախության տարիների ընթացքում բոլոր գումարումների Ազգային ժողովի բոլոր կազմերին։ Նախկիններին փոխարինելու եկած կառավարական կադրերը վստահություն չեն ներշնչում նույնիսկ վարչապետի ամենամոլի կողմնակիցներին, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Դատական համակարգում համանման կադրային ցնցումը՝ լոկ «նախկին ռեժիմին մոտ լինելու» սկզբունքով, անկասկած կհանգեցնի այդ ոլորտում է՛լ ավելի աղետալի վիճակի։ Ավաղ, դատելով ամենից, այստեղ նույնպես հաստատուն մտադրություն կա գնալ ոչ թե էվոլյուցիոն, այլ վտանգավոր հեղափոխական ճանապարհով։
Այդ գործընթացի մեկնարկը, որը սաստիկ և բացարձակապես չարդարացված ստրեսի վերածվեց երկրի ողջ բնակչության համար, դրա լավագույն ապացույցն է։ Միանգամայն այլ հարց է, թե ինչի համար և ինչ քաղաքական նպատակով է այդ ամենը ձեռնարկվում, քանզի կասկածից վեր է մեկ բան. ապօրինի մեթոդներով անհնար է լուծել օրենքի հետ կապված խնդիրները։ Այդ կերպ կարելի է միայն խորացնել դրանք և ստիպել ծառայել օտար աշխարհաքաղաքական կամ սեփական խմբային ու անձնական շահերին։