ԿՈՄԱՆԴՈՍ. «ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵԼ ՄԻՄՅԱՆՑ»

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը՝ Լեռնային աղվես, նույն ինքը՝ Կոմանդոս, Արցախի հերոս, մարդ, որը սիրված է բոլոր հայերի կողմից՝ անկախ տարիքից, բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, քաղաքական կողմնորոշումից։ Այսօր լրանում է մեր փառապանծ մարտական գեներալի 80 տարին։

Նա ասում է, որ երբեք չի երազել հերոս լինել, բայց իսկական հերոս է։ Նա երբեք չի արտասանում պաթետիկ ճառեր, պարզապես անում է այն, ինչ պարտավոր է անել. առանց հետ նայելու, առանց խորամանկ իմաստակության, առանց բարբառելու պարտքի, հայրենասիրության, հայրենիքի մասին, և գուցե հենց այդ պատճառով էլ նրա ամեն բառը կշիռ ունի, հասնելով ամենքի մտքին ու սրտին։ Նա չի ձգտում հեղինակություն լինել, բայց հենց այդպիսին է, քանի որ իր ողջ կյանքով դարձել է օրինակ՝ արժանի հարգանքի, հիացմունքի և ընդօրինակման։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում, ավարտել Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ուզում էր ծովային դառնալ, սակայն մերժվեց բուժհանձնաժողովի կողմից, և ստիպված էր ընդունվել համազորային ուսումնարան։ Մինչև Հայաստան գալը ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելոռուսիայում։ 1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Իսկ 1990-ից դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նրան նշանակում են Պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանի կառավարությանն առընթեր առաջին պետական գերատեսչության արտազինվորական պատրաստության բաժնի պետ, իսկ 1992-ին Կոմանդոսը մշակում և անցկացնում է Շուշիի ազատագրման փայլուն գործողությունը (1992 թվականի մայիսի 8-9-ը)։ 1992 թվականի մայիսի 25-ին Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում։ Պարգևների թվում է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանը։

2009 թվականին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Կոմանդոսին շնորհվեց ԼՂՀ-ի բարձրագույն կոչումը՝ «Արցախի հերոս», Հայրենիքի առջև բացառիկ ծառայությունների համար։ Եթե սկսենք թվարկել Կոմանդոսի բոլոր պարգևները, ապա թերթի էջը չի բավականացնի։ Արկադի Իվանովիչի 75-ամյակի առթիվ ավելացավ ևս մեկ պարգև՝ «Վազգեն Սարգսյան» մեդալը, որ շնորհեց ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ես մեծացել եմ խորհրդային ժամանակներում։ Այն ժամանակ կարելի էր կանխատեսել ապագան տարիներ առաջ։ Ուսում ստանալ, ծառայել բանակում, արժանանալ գնդապետի աստիճանի, դառնալ պահեստային, ունենալ ամառանոց, հողակտոր, որը կարելի է փորփրել հաճույքի համար,- ասում է Կոմանդոսը։- Ամեն ինչ հենց այդպես էր, մինչև որ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, Ղարաբաղյան պատերազմը։ Հայ ժողովուրդը հայտնվեց երկրորդ ցեղասպանության շեմին, ամեն ինչ միանգամից շուռ եկավ։ Որպես ռազմական մասնագետ, ես չէի կարող անմասն մնալ, ձևացնելով, թե ոչինչ չի կատարվում։ Կյանքը շրջվեց այլ հուն. անսպասելի, վտանգավոր։ Իրադարձությունները ծավալվում էին այնպիսի արագությամբ, որ ժամանակ չկար մտածելու և վերլուծելու։ Սկսվեց պատերազմը ագրեսոր Ադրբեջանի դեմ… Ուժեղ հակառակորդ, վայրենի ազգ, որն ուներ ոչնչացման փորձ, ցեղասպանություն իրականացնելու փորձ… Պետք էր դիմակայել նրան»։

Կոմանդոսն իր ամենանշանակալի հաղթանակ է համարում Շուշիի ազատագրումը, ասենք, տեղնուտեղը հավելելով, որ դա իր անձնական հաղթանակը չէ։

«Միայն մեր զինվորների բացառիկ բարոյական ուժով հնարավոր դարձավ այդպիսի անառիկ քաղաքի գրավումը։ Այդ ուժը կարողացավ կոտրել բոլոր կարծրատիպերը, ռազմական բոլոր օրինաչափությունները, և բերեց հաղթանակի»,- ասում է Կոմանդոսը, որն առհասարակ երբեք առաջին պլան չի բերում իր անձը, իր նվաճումները, միշտ ընդգծելով, որ ուժը միմիայն միասնականության մեջ է։

«Հաղթանակն Արցախի ազատության և անկախության համար պատերազմում մեր հերոս տղաների, նրանց բարոյական ու մարտական ոգու և ողջ ժողովրդի հաղթանակն է։ Ճապոնացիները հարգում և մեծարում են իրենց սամուրայներին։ Իսկ մենք ունենք հայ ռազմիկի հերոսականության այնպիսի փայլուն օրինակ, ինչպիսիք են Վարդանանք, ինչը մենք այսօր հաջողացնում ենք կասկածի տակ առնել, քննադատել և նույնիսկ դատապարտել։ Այն, ինչ արեց Վարդան Մամիկոնյանը, սակավաթիվ ջոկատով դուրս գալով 230-հազարանոց պարսից կանոնավոր բանակի դեմ, որում ընդգրկված էին «Անմահների» էլիտար գունդը և մարտական փղերը, հակասում է ռազմական ցանկացած տրամաբանությանը։ Բայց մարդկային, հայրենասիրական, բարոյական տեսանկյունից նրա գործողություններն անթերի են, քանզի խոսքը հանուն Հայրենիքի ինքնազոհաբերման մարդու պատրաստակամության մասին է։ Սա հերոսություն է, որով մենք պետք է հիանանք, այլ ոչ թե կասկածի ենթարկենք։ Հիշո՞ւմ եք, ինչ էր ասվում Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպում։ «Չկա մահ հայերի համար, երբ նրանք գնում են սխրանք գործելու»… Դրանում է մեր մարտիկների հերոսականության էությունը. այդպես էր և՛ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, և՛ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, և՛ հիմա։ Տարանջատվածությունը մեր՝ հայերիս համար անթույլատրելի է. դա ազգային, պետական անվտանգության հարց է, արտաքին աշխարհում մեր գոյատևման հարց։ Եթե մենք սկսենք խեղդել միմյանց, ապա դա վերջնական արդյունքում կհանգեցնի աղետի։ Մեզ բոլորիս պետք է բարություն մաղթել միմյանց, որպեսզի առճակատում չլինի հայ հասարակության ներսում…»։

Սա պատգամ է, սա ուղերձ է, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է լսել. ոչ երբևէ, այլ հենց հիմա, այստեղ, այսօր։

Մենք շնորհավորում ենք մեր թանկագին Արկադի Իվանովիչին 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ։ Նա առաջվա պես մարտական դիրքում է, առաջվա պես՝ ազգային շարքում. ղեկավարում է հանրապետական ԴՕՍԱԱՖ-ը, զբաղվում հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։

«Ամեն մարդու կյանքում գալիս է այնպիսի սահմանագիծ, երբ տարիներն ասես հետ են գլորվում, և նա, ապրած տարիների բեռը զգալու փոխարեն, ավելի երիտասարդ է զգում իրեն…»,- մի առիթով ասաց Կոմանդոսը «ԳԱ»-ին տված հարցազրույցում։ Մնացեք երիտասարդ, Արկադի Իվանովիչ, ձեր մեջ կա այն անմար ներքին լույսը, որ այնքան պետք է մեզ բոլորիս։