ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՓԱՐՊԻ ԳՅՈՒՂԻՑ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից:

Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաև կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան:

Կնյազյանները 20 տարի ապրում են մետաղական վագոն-տնակում։

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը:

«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարևոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։ Անչափ կարևորում եմ նաև կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում և ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Основная тема:
Теги: