ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՆ ՈՒ ԻՐ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան անցումային արդարադատության խնդիրների վերաբերյալ։ Համաձայն օրակարգի, հիմնական զեկույցով հանդես եկավ այդ ինստիտուտի ամենահայտնի և մեջբերվող կատաղի պաշտպաններից մեկը՝ Ռուբեն ԿԱՐԱՆԶԱՆ։ Նա որպես փորձագետ աշխատում է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում (ICTJ)՝ Նեպալի, Ինդոնեզիայի, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի և այլ երկրների իրավաբանների հետ, որոնք մշակում են տվյալ գործընթացի ծրագրերը։

Տեղեկատվական հոսքից վերցրած այս լուրը անուշադրության մատնվեց. տվյալ փորձագետը բնավ առաջին անգամ չէ Հայաստանում։ Ըստ պաշտոնական ժամանակագրության, դեռևս 2018 թվականի հուլիսի 18-ին վարչապետ Ն.Փաշինյանն ընդունել է ICTJ-ի և «Բաց հասարակության» (Սորոսի հիմնադրամ) փորձագետներին։ Կարանզայի անունն ընդգծված չէր, սակայն նրա հետագա հարցազրույցներից և Թվիթերում արված գրառումներից պարզ է դառնում, որ նա նույնպես եղել է եկածների մեջ։ Եվ չնայած նույն այդ կենտրոնի կայքում նշվում է, որ նա հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հակակոռուպցիոն ակտիվիստների և իշխանության ներկայացուցիչների հետ, տեղեկատվություն չկա այն մասին, թե կոնկրետ ում հետ է Կարանզան հանդիպել, բացի Ն.Փաշինյանից։

Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Երբ կարդում ես պաշտոնական հաղորդագրությունն այդ հանդիպման մասին, այնտեղ ոչ մի բառ չկա Հայաստանում անցումային արդարադատության գաղափարի առնչությամբ. խոսքը վերաբերում է ընդհանուր դատական բարեփոխմանը։ Եվ միայն այդ հանդիպումից հետո, օգոստոսի 17-ին օրակարգում հայտնվեց անցումային արդարադատության թեման։

Հետաքրքիր են պրն. Կարանզայի պատկերացումները Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Այսպես, նա համարում է, որ հեղափոխությունը վերջ է դրել ավտորիտար ռեժիմին։ Նաև Հայաստանում վեթինգ անցկացնելու ջերմ կողմնակից է, քանի որ համոզված է, թե նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչներ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, այդ թվում դատավորներն ու դատախազները։ Նա իր դիրքորոշումն արտահայտեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Առանձնահատուկ ընդգծում է երիտասարդների դերը անցումային արդարադատության իրականացման գործում։

Նշյալ փաստերն ի հայտ են բերում պրն. Կարանզային ուղղված հարցերի մի ամբողջ շարան, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ փորձագետները պետք է անկողմնակալ լինեն։

1.Ինչո՞վ է Հայաստանի փորձը նման այն երկրների փորձին, որտեղ փորձագետ է պրն. Կարանզան։ Ասենք, ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել իր հարազատ Ֆիլիպինների (որտեղ բռնապետություն է տիրում) և Հայաստանի միջև։ Կամ՝ Իրաքի և Հայաստանի։

2.Իր սեփական տեսակետն է արտահայտում արդյոք պրն. Կարանզան, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

3.Մտադի՞ր է արդյոք կենտրոնը զեկույց ներկայացնել Հայաստանի վերաբերյալ, ինչպես դա արվում է այլ երկրների պարագայում։ Եթե այո, ապա այդ զեկույցը հիմնվելու է Կարանզայի տեղեկատվության վրա, թե՞ տեղի են ունենալու նոր հանդիպումներ ու քննարկումներ։

4.Եղե՞լ են արդյոք իրավիճակներ, երբ կենտրոնը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ աջակցում է անցումային արդարադատությանը։ Ի դեպ, նույնիսկ Վրաստանի վերաբերյալ զեկույցում առաջարկվում էր գնալ այդ քայլին «վարդերի հեղափոխութունից» հետո։

5.Ի՞նչ չափորոշիչներով է պրն. Կարանզան համարում, թե նախկին ռեժիմը ավտորիտար էր, եթե (ըստ Բերտելսմանի բանաձևի) Հայաստանը 2006-ից մինչև 2018 թվականը պատկանել է 4-րդ աստիճանին, համարվել չափավոր ավտորիտար (moderate autocracy)։ Այս մասին հիշատակված է նաև Հայ փաստաբանների ասոցիացիայի զեկույցում։

6.Հայաստանի մասին ստացած պատկերացումը հիմնվում է Ն.Փաշինյանի և «Բաց հասարակություն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ շփումների և քննարկումների վրա, թե՞ նա հանդիպել է նաև իշխանական ու իշխանամերձ կառույցների հետ կապ չունեցող մարդկանց հետ։

7.Եվ վերջապես, պրն. Կարանզան Հայաստան է եկել անցումային արդարադատություն իրականացնելու մասին վերջնական վճիռով և պնդելու է դա, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները։

Ռուբեն Կարանզային ուղղված հարցերը կարելի է շարունակել։ Օրինակ, որտե՞ղ են սկսվում և ավարտվում կենտրոնի շահերն ու պրակտիկան, որին նա ծառայում է, և սկսվում, բայց չավարտվում Սորոսի հիմնադրամի շահերն ու պրակտիկան։ Թե՞ կենտրոնը մեթոդաբանորեն ու քաղաքականորեն ենթակա է հիմնադրամին և պատրաստ արշավել գունավոր հեղափոխության հետևանքները կրող երկիր, որպեսզի վերջնականապես զրկի նրան ազգային ծածկագրից՝ դատական իշխանությունը ոչնչացնելու և ամենաթողության, իրավական կամայականության ու քաոսի հորձանուտն ընկղմելու միջոցով։

Տարբերությունը դարեր առաջ իր սահմանադրությունն ու «Դատաստանագիրքը» ստեղծած Հայաստանի և մոլորակի ամենահետամնաց երկրների միջև, որտեղ ժամանակ առ ժամանակ դեռ մարդակերություն է կիրառվում, Սորոսի հիմնադրամն ու Կարանզան չեն տեսնում։ Եվ առանձնապես խորամուխ չեն էլ լինում։ Դրա կարիքն էլ չունեն, եթե մեր ներկայիս ղեկավարությունը պատրաստակամությամբ մղում է հասարակությանը դեպի հաշվեպարզումներ, մատնություններ, ընտրողական ստոր «արդարադատություն», նվաստացնում երկիրը, նրա բանակին ու հոգևորականությանը իրավունքի և արդարադատության մասին իր ողորմելի պատկերացումներով։

Հինգերորդ շարասյունը՝ խորհրդարանում անձամբ Նիկոլի գլխավորած 88 կիսագրագետ նիկոլիկների ձեռքի տակ գտնվող մի քանի իրավաբանների տեսքով, հենց նույն վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որին խանգարում են և՛ պատմությունը, և՛ կրթությունը, և՛ մշակույթը, և՛ արդյունաբերությունը, և՛ իրավագիտությունը, և՛ ազգային ինքնությունը, միտինգային խանդավառ զազրախոսությամբ տանում է երկիրը դեպի քաոս։

Առհասարակ «հանդուրժողականությամբ» ցած գլորվեցին, հասնելով անկման, գրեթե Լինչի դատաստանի շեմին։ Ամենևին էլ ոչ անցումային, բնավ ոչ «ժողովրդական», այլ ամենասովորական, Հայաստանի Հիմնական օրենքի, օրենսգրքի, նորմերի և ենթաիրավական ակտերի վրա հիմնվող արդարադատությունը պետք է ասի իր խոսքը։ Եվ կասի՛։