Լեհ դիվանագետ. Փաշինյանին վստահության պաշարները կարող են շատ արագ ավարտվել

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին զարմացած է դատարանների ելքերն ու մուտքերը փակելու`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վրա: Այս մասին նա ասել է հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Aravot.am»-ը:

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի և հեղափոխության ղեկավարի տարբերությունը: Դեսպանն աբսուրդի ժանրից է համարում այն, ինչ որ կատարվեց, նկատի ունի, որ դատաիրավական բարեփոխումների մասին նախաձեռնությունները արագ առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո:

Նովակովսկին, իհարկե, դատական համակարգի առողջացմանը կողմ է, բայց այդ ամենին այլ անուն տալ չի կարող, քան գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելը: Յեժի Մարեկ Նովակովսկին առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և մյուսներին «նստեցնելը», մինչդեռ նրանից սպասվում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար և համակարգային փոփոխություններ:

Դեսպանը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը շատ արագ կարող է մսխվել: