ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

Հայաստանի իշխանությունները մաքառում են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի հապշտապ վավերացման համար, որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա։ Ծայրահեղ կասկածելի փաստաթուղթ, մի այդպիսի ճամպրուկ՝ կրկնակի հատակով, իբր ուղղված կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, իսկ իրականում միանգամայն այլ նպատակներ քողարկող, որոնք պարտադիր օրենսդրական ամրագրումով հասարակական գիտակցության մեջ են մտցվում սորոսյան կադրերի կողմից։ Նպատակներից մեկն է՝ օրենսդրական շրջանառության մեջ մտցնել «գենդեր» քամելեոն հասկացությունը և դրա համատեքստում, ասենք այսպես, «երրորդ սեռ» հասկացությունը։

«Ակնհայտ նպատակն է՝ օրենսդրության մեջ ամրագրել երրորդ սեռը, ամրագրել սեփական գենդերային ինքնությունն անձամբ ընտրելու մարդու իրավունքը, արգելելով այդ հատկանիշով ցանկացած կարգի խտրականություն (ներառյալ քարոզչության արգելանքը),- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԸ։- Համաձայն միջազգային նորմերի՝ դա նշանակում է, որ մարդը պետք է իրավունք ունենա ազատ ընտրել իր սեռը, ազատ ամուսնանալ գենդերային ինքնության իր իսկ ընտրած հատկանիշով և ազատ քարոզել իր կողմնորոշումը։ Եվ ոչ ոք իրավունք չունի նրան մի թթու խոսք ասել։

Ըստ էության, խոսքը ավանդական քրիստոնեական արժեքների և ավանդական ընտանիքի ինստիտուտի դեմ տոտալ գրոհի մասին է։ Ստամբուլի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարին, դեռ նախքան «թավշե հեղափոխությունը», իսկ ներկայիս իշխանությունները ցանկանում են վավերացնել դա։ Եվրոպայի Խորհրդի կայքում արդեն ի ցույց է դրված կոնվենցիայի հայկական տարբերակը, իսկ նախարարությունների մակարդակով՝ Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արդեն վավերացման ուղեգիծ է տրված։ Մի քանի օր առաջ տեղի է ունեցել նաև կոնֆերանս, որին մասնակցել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որտեղ նույնպես քննարկվել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցը…»։

Իսկ այժմ հետաքրքիր փաստ. անցած տարի ԵՄ-ի միանգամից երեք անդամներ՝ Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան, հրաժարվեցին վավերացնել Ստամբուլի կոնվենցիան։ Բոլորի հիմնավորումը նույնն է. կոնվենցիայով սահմանվող «երրորդ սեռ» հասկացությունը զգաստացնում և մտահոգում է, փաստաթղթում արտացոլված կետերով սպառնալիքի տակ է դրվում ավանդական ընտանիքը՝ որպես տղամարդու և կնոջ միություն։ Բուլղարիայում ծայրաստիճան կտրուկ հանդես եկավ Եկեղեցին։ Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան սինոդը հայտարարեց, որ փաստաթուղթը սահմանում է հասկացություններ, որոնք հակասում են ուղղափառ հավատքին, բուլղարական ավանդույթներին և իրավական համակարգին։

«Ստամբուլի կոնվենցիան մտահոգություն է առաջացնում եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության ապագայի համար, քանի որ այն բովանդակում է մարդու նոր ըմբռնում. անաստված մարդու, որն այն աստիճան է համակված սեփական ցանկություններով ու կրքերով, որ կարող է ինքնուրույն ընտրել իր սեռը… Կոնվենցիայում շարադրված գենդերային ինքնության, կրոնի, ավանդույթի, սովորույթների, կրթության և այլ գաղափարները հակասում են հավատքի, ազգության, բարոյականության, պատվի, արժանապատվության, կրթության և ընտանիքի վերաբերյալ բուլղար ժողովրդի հիմնական համոզմունքներին»,- ասվում է Սինոդի ուղերձում։

Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետ եղած ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, քանի որ համարում է, որ այն հակասում է երկրում ամուսնության սահմանադրական բնորոշմանը՝ որպես հետերոսեքսուալ դաշինքի։

«Կոնվենցիայում խոսվում է կարծրատիպերի և գենդերային հավասարության մասին՝ ընտանիքում տղամարդու և կնոջ այսպես կոչված ավանդական դերը վերացնելու իմաստով։ Դա կասկածներ է առաջացնում։ Եթե չլինի ամուսնության՝ որպես տղամարդու և կնոջ կապի բնորոշման վերաբերյալ կոնվենցիայի դրույթների լիակատար պահպանում, ես երբեք չեմ համաձայնվի վավերացնել»,-ասաց Ֆիցոն։

Համանման պահանջներով հանդես եկավ նաև Լատվիայի արդարադատության նախարարությունը։ Նույնիսկ Ուկրաինան, որ մեծամասամբ անվերապահորեն կատարում է Եվրոպայի ղեկավար հրահանգները, հրաժարվեց վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, գիտակցելով դրա մեջ պարունակվող սպառնալիքը։ Ընդ որում հրաժարված բոլոր երկրները հայտարարեցին, որ իրենց ներքին օրենսդրությամբ պատշաճ ուշադրություն են հատկացնում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, և ուրեմն ոչ մի անհրաժեշտություն չկա ընդունել կոնվենցիան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա հրաժարվեց նույնիսկ ստորագրել դա, այն հիմնավորմամբ, որ Ստամբուլի կոնվենցիայի բովանդակած դրույթները հակասում են բարոյականության վերաբերյալ հասարակության հայացքներին և երկրում հաստատված ընտանեկան քաղաքականությանը։

Իսկ «նոր Հայաստանի» իշխանությունները երևի որոշել են վազել ողջ մոլորակի առջևի՞ց։

«Դատելով պաշտոնական հայտարարություններից և նրանից, թե սորոսական քանի կադրեր են խրամատավորվել ներկայիս խորհրդարանում, վտանգ կա, որ խորհրդարանը կքվեարկի Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու օգտին,- ասում է Հ.Այվազյանը։- Իհարկե, կան մարդիկ որոնք դեմ են, այդ թվում՝ «Իմ քայլը» կառավարող դաշինքից։ Այսօր պայքար է ծավալվում։ Եթե հասարակությունը միանշանակ արտահայտի իր դիրքորոշումն ընդդեմ կոնվենցիայի վավերացման և ներքևից ճնշումը մեծ լինի, ապա նույնիսկ կառավարող դաշինքի պատգամավորները կարող են դեմ գնալ իրենց գործընկերներին՝ սորոսական դրածոներին, և դեմ քվեարկել։ Տվյալ փուլում չափազանց կարևոր է հասարակայնության ձայնը։ Իշխանություններն ասում են՝ լավ կոնվենցիա է, մենք ասում ենք՝ վատն է և վտանգավոր։ Հանրության դիրքորոշումը պետք է արտահայտված լինի հստակ ու ակտիվորեն, հիմա դանդաղելու ժամանակը չէ, այլապես այդ փաստաթղթի նորմերը շատ շուտով կարող են պարտադրվել մեզ որպես կյանքի նորմա…»։

Այդպես էլ կա։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Այսպիսով, եթե Հայաստանը վավերացնի Ստամբուլի կոնվենցիան, ապա դրա նորմերը կդառնան գերակայություն։ Եվ հաջորդ քայլով հարկ կլինի փոխել ներքին օրենսդրությունը, համապատասխանեցնելով դա կոնվենցիայի դրույթներին։ Այդժամ սահմանադրության մեջ այսօրվա դրությամբ ամրագրված ավանդական ընկալմամբ ընտանիքի ինստիտուտի փլուզման ուղին բաց կլինի միանգամայն անարգել, ճիշտ այնպես, ինչպեսև միասեռ ամուսնությունների լեգալացման, միասեռ հարաբերությունների քարոզչության ուղին և այլն։

Կրկնակի հատակով ճամպրուկը կփոխարկվի Պանդորայի արկղի։ Եվ մի՞թե այդ ամենը թեկուզ չնչին կապ ունի կանանց նկատմամբ բռնության կամ ընտանեկան բռնության դեմ պայքարի հետ…