ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել, ամփոփելով մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները։

ԵԱՀԿ պաշտոնոկան կայքի հաղորդմամբ, հայտարարության մեջ համանախագահները նշում են. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ մայիսի 27-ին Երևանում  համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև մայիս 30-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի  փաստացի  իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հումանիտար հարցերի շուրջ զեկույց»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ  մանրամասներ են ներկայացրել այցից և նշել  դրա  նպատակների մասին. «Այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում և պետական սահմանին ներկա իրավիճակը, ինչպես նաև շարունակել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև մարտի 29-ին Վիեննայում, այնուհետ ԱԳ նախարարների միջև ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած քննարկումները։ Կողմերի խնդրանքով համանախագահները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ կարգավորման գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում հումանիտար և անվտանգային միջոցառումների հետ կապված։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են համանախագահների առաջարկը Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել մոտ ապագայում, ինչի մասին կտեղեկացնեն ժամանակին»։

Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնում վերջին կորուստների առնչությամբ և կոչ են անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն հետագա լարվածությունից խուսափելու համար, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: