ՉԱԿ ՆՈՐԻՍԸ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ի՞նչ կարելի է ակնկալել մի խորհրդարանից, որը Սահմանադրական դատարանի անդամ ընտրելիս առաջնորդվում է ոչ թե թեկնածուի պրոֆեսիոնալիզմով, այլ «յուրային-օտար» սկզբունքով։ Ի՞նչ կարելի է ակնկալել մի խորհրդարանից, որի պատգամավորն այն աստիճան չի հասկանում, թե ինչ է ինքն անում խորհրդարանական երկրի Ազգային ժողովում, որ ՍԴ անդամ ընտրելիս քվեաթերթիկում գրում է Չակ Նորիսի անունը։ Ի՞նչ կարելի է ակնկալել մի խորհրդարանից, որը նույնիսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ ընտրելիս հաջողացրեց հեղափոխականություն անել։ Ճիշտ է, թեկնածուները բավականաչափ նպաստեցին դրան…
Բարձրացնել հասարակայնության վստահությունը ՀԾԿՀ-ի նկատմամբ, պաշտպանել սպառողների իրավունքներն ու վերանայել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագները, բնականաբար, նվազման ուղղությամբ. այս խոստումները հեղափոխական կարմիր թելի պես անցնում էին հանձնաժողովի անդամության թեկնածուների ճառերի միջով։ Պայքարել, պայքարել, պայքարել… հանուն սակագների իջեցման։
Տեր Աստված, դե, էլ ի՞նչքան հեղափոխական փչոցների դեռ կարող են դիմանալ շարքային սպառողի ականջները։ Այ ես, օրինակ, որպես շարքային սպառող, առավել քան շահագրգռված եմ կոմունալ ծառայությունների սակագների նվազման հարցում։ Բայց հավատալ թեկնածուների «պայքարելու» (սա իրենց արտահայտությունն է-Ա.Չ.) խոստումներին չի ստացվում։ Դե, հենց թեկուզ այն պատճառով, որ չորս թեկնածուներից երկուսը երկար տարիներ արդեն աշխատում են ՀԾԿՀ-ում կարևոր պաշտոններում, մեկը որպես զարգացման և մոնիտորինգի բաժնի պետ, մյուսը՝ իրավաբանական կառավարման և արտոնագրման ղեկավար։ Մյուս երկուսը ղեկավար պաշտոններ են զբաղեցրել Ջրային տնտեսության կոմիտեում և էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ձեռնարկություններում։ Եվ այդ տարիների ընթացքում, ինչպես նկատեց Միքայել Մելքումյանը (ԲՀԿ), դեռ չի եղել ոչ մի դեպք, որ ՀԾԿՀ-ի անդամներից որևէ մեկն ասի, թե իբր՝ վե՛րջ, համամիտ չեմ ՀԾԿՀ-ում որոշումների ընդունման սկզբունքին, հեռանում եմ։
Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մեր բազմաթիվ ապրանքատեսակներ կորցնում են մրցունակությունը հենց գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, ասաց Մելքումյանը, տալով հռետորական հարց. օբյեկտի՞վ են արդյոք սակագները։ Հռետորական՝ նախևառաջ այն պատճառով, որ հույսեր չի տածում, թե ՀԾԿՀ նորընտիր անդամներն ունեն դրա պատասխանը։ «Նախորդ գումարման Ազգային ժողովում մենք ստեղծեցինք գազի և էլեկտրաէներգիայի քննիչ հանձնաժողով, և պարզվեց, որ շատ ռեզերվներ մենք ունենք։ Բայց կարծում եմ, որ այդ ռեզերվներն օգտագործել ՀԾԿՀ անդամները քաղաքական առումով ի զորու չեն լինի, որովհետև նրանց անկախության աստիճանը դեռևս բավարար չէ։ Այսինքն քաղաքական հեղափոխությունից հետո միջավայրը փոխվել է, բայց այդ հանձնաժողովների մենեջմենտը փոփոխության չի ենթարկվել և մոտակայում չի ենթարկվելու, եթե մենք ունենանք օրենքների այն բովանդակությունը, որ ունենք։ Ժամանակին ասում էինք՝ կա քաղաքական որոշում։ Հիմա այդ որոշումներն ու մասնագիտական որոշումները համադրելու հնարավորություն ՀԾԿՀ անդամներն ունե՞ն։ Քանի որ քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ մենք դեռ չունենք առողջացման վերջնական գործընթաց»,-ասաց նա։
Կրկնեմ, նրանցից գործնականում յուրաքանչյուրն իր ելույթում կամ պատասխանելով հարցերին, գրեթե մինչև երակազարկի կորուստ երդվում էր «պայքարել սակագների իջեցման համար». լինի դա 10%-ով, 5%-ով, թե թեկուզ 1%-ով։ Առճակատ հարցին, թե տվյալ պահին կա՞ն արդյոք ՀԾԿՀ-ում հայտեր, հնարավո՞ր է արդյոք վերանայել սակագները, հնչեց պատասխանը. «Հայտեր չկան, տվյալ պահին քննարկումներ են ընթանում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ։ Ջրի սակագինը, ըստ պայմանագրի, օբյեկտիվ վերանայման է ենթակա ամեն տարի օգոստոսի 1-ին։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա դա վերանայվում է փետրվարի 1-ին։ Այս տարի փոփոխություններ չեն եղել»։ Մի խոսքով, «պայքարն» առայժմ հետաձգվում է։ Թե ինչով կավարտվեն քննարկումներն ու օբյեկտիվ վերանայումը, ցույց կտա ժամանակը։ Իսկ առ այսօր ժամանակը (արդեն մեկ տարի) ցույց է տվել, որ երփներանգ խոստումներից այնկողմ գործը չի շարժվում։
Բայց սրանք արդեն նրբերանգներն են։ Գլխավորն այն է, որ ՀԾԿՀ անդամության թեկնածուները, ինչպես ասում են, ընկել են ալիքի վրա. նրանց ձայներանգն ու բառապաշարը հնչում էին հեղափոխական ոգով, «Իմ քայլը» խմբակցությանը հարազատ ոճով։ Այն ոճով, որը սպառազինության չառավ ՍԴ-ի անդամության հերթական թեկնածու Արթուր Վաղարշյանը, որպես անկյունաքար դնելով պրոֆեսիոնալիզմն ու անկախությունը։ Էդմոն Մարուքյանի խոսքերով, իշխանության խմբակցության պատգամավորները թեկնածուի մեջ փնտրում են իրենց համախոհին, նրանք ցանկանում են, որ ՍԴ անդամը լինի իրենցից մեկը, մտածի ինչպես իրենք, գործածի նույն բառապաշարն ու նույն գնահատականը տա երկրում կատարվող ամենին։ Եվ երբ «Իմ քայլի» անդամների կողմից թեկնածուի նկատմամբ կազմակերպված խաչաձև հարցաքննությունը ցույց տվեց, որ վերջինս համամիտ չէ իրենց մոտեցումներին, նրան պարզապես չընտրեցին։ Մասնավորապես, դատարանների արգելափակման մասին հարցին սահմանադրական իրավունքի գծով մասնագետ Վաղարշյանը, բնականաբար, զուտ պրոֆեսիոնալ պատասխան տվեց՝ հեղափոխականի փոխարեն, ինչը… դուր չեկավ իշխանական խմբակցությանը։ Ասենք, նման մոտեցումը Մարուքյանը համարում է անթույլատրելի, անլուրջ։
Պատգամավորներից մեկը ՍԴ դատավորի ընտրության քվեաթերթիկում գրել էր Չակ Նորիսի անունը։ ԼՀ խմբակցության ղեկավարի գնահատմամբ, սա արդեն անլրջության գագաթնակետն է, նախկինում երբեք չի եղել նման բան, որ մարդիկ այդչափ անլուրջ վերաբերվեն իրենց սահմանադրական լիազորություններին։ Ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել այդպիսի պատգամավորներից, մի՞թե նրանք կարող են ինչ-որ կարևոր բան նախաձեռնել ու լրջորեն քննարկել։
Այս դեպքը, թերևս, այժմ կարող է հավակնել առաջին տեղին՝ ներկայիս խորհրդարանի արտառոց արարքների ցանկում, հետ մղելով այն տիկնոջը, որը խոստովանեց Փաշինյանին, թե պատրաստ է քվեարկել նույնիսկ այն ծրագրի օգտին, որտեղ գրված է միայն, թե ամեն ինչ լավ կլինի։ «Հեղափոխականության» շքերթը շարունակվում է… Դեռ ինչե՜ր պիտի տեսնենք։
Ի դեպ, ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներն արդեն աղմկում են, որ իշխանական խմբակցության 88 անդամները դարձել են մեկ թեկնածուի համար ՍԴ դատավորի պաշտոնի տեղը պահողներ։ Եվ, քանի դեռ ՍԴ դատավորի թեկնածու չի առաջադրվել Վ.Գ. անվանատառերով մարդը, տեղը կմնա թափուր։