ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՉԿԱՆ, ԿԱՐԵԼԻ Է ԵՎ «ՉԵԼՍԻ»-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ ՅՈՒՐԱՑՆԵԼ

Կրքերը Եվրոպայի Լիգայի Բաքվի եզրափակչի շուրջ հայտնի պատճառներով հանդարտվեցին, թեև մարզական աշխարհը շարունակում է խիստ քննադատել ՈՒԵՖԱ-ին դրա անցկացման վայրի ընտրության համար։ Դիտորդների մեծամասնության կարծիքով, դա թերևս վատթարագույն  եզրափակիչն էր  եվրագավաթների պատմության մեջ։

Այսպես, sports.ru մասնագիտացված կայքը «Ինտերնետն ատեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչը Բաքվում. դատարկ նստատեղեր, վատ մթնոլորտ, բարձր տեսախցիկ» պերճախոս վերնագրով հոդվածում ամփոփել է հիմնական դժգոհությունները կազմակերպիչներից, ընդ որում ընդգծելով. «Առանձնակի վրդովված են անգլիացիները»։

Մի կողմ թողնենք, սակայն, անգլիացիներին և անդրադառնանք խաղի արդյունքի վերաբերյալ եզրափակչի կազմակերպիչների արձագանքին։ Ավելի ճիշտ՝ ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների, որոնք չհապաղեցին արտահայտել սեփական զգացմունքները, դրսևորելով ոչ միայն իրենց բնորոշ անսահման «հանդուրժողականություն», այլև հրճվանքի պոռթկման մեջ մի տեսակ մոռանալով այն մասին, որ, ինչպես բազմիցս ընդգծել է իրենց իսկ ԱԳՆ-ը, Ադրբեջանի համար սպորտը քաղաքականությունից դուրս է։ «Առավոտ» թերթի մեր գործընկերները զետեղել են Միլլի մեջլիսի անդամների հայտարարությունների «հատընտիր», որից էլ կներկայացնենք առավել զվարճալի արտահայտությունները։ Թեև, խոստովանենք, «փունջն» այն աստիճան շքեղ է, որ առաջնության դափնին առանձնակի երևելի մարգարիտներին տալը բավական բարդ էր։

Պատգամավոր Սահիբ Ալիև. «Ես «Չելսիի» հաղթանակը գնահատում եմ որպես Ադրբեջանի հաղթանակ, որը եզրափակիչ խաղը վերածեց ֆուտբոլի իսկական տոնի, սպորտի քաղաքականացման և չարակամների հանդեպ հաղթանակի։ Այս մասին պետք է իմանան Human Rights Watch-ը և Amnesty International-ը»։

Նրա գործընկեր Թահիր Միրկիշիլին նույնպես ընդգծեց, որ «այստեղ ամենամեծ հաղթանակը տարավ Ադրբեջանը». «Պետք էր  ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե կեղտոտ քաղաքական խաղեր, պարոնա՛յք։ Ի վերջո սուտը պարտություն կրեց։ Ամենամեծ հաղթողն այս գիշեր դարձավ Ադրբեջանը»։

Պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆա. «Գլխավորը՝ պետք է հաղթեր «Չելսին»։ Թող բոլոր «արսենալականները» հայկական համազգեստ հագնեն ու սգան պարտությունը։ Հայերն առանց այդ էլ արդեն հարյուր տարի սգում են իրենց սուտը։ Դուք չգիտե՞ք, որ պարկեշտ չէ անհարգալից վերաբերվել այն երկրի հյուրընկալությանը, ուր գալիս եք»։

Պատգամավոր Գանիրա Փաշաևա. «Թեև ես «Չելսիի» երկրպագու չեմ, բայց այս խաղում ցանկանում էի այդ ակումբի հաղթանակը։ Երբեք «Արսենալի» երկրպագու չեմ եղել, բայց որևէ նորմերի չհամապատասխանող նրանց գործողությունները Բաքվում խաղի նախօրեին, Ադրբեջանի նկատմամբ անարդար արարքները, այդ ակումբի և իր երկրպագուների անհարգալից վերաբերմունքը մեր երկրի հյուրընկալության նկատմամբ վրդովեցին մեզ բոլորիս։ Հիմա այդ հայ խաղացողը, հայերն ու զրպարտիչները միասին սգում են այդ խայտառակ պատմությունը։ Ադրբեջանն ասես ապտակ հասցրեց չարակամներին, ցույց տալով, որ կարող է բարձր մակարդակով կազմակերպել ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Թող Ալլահը միշտ աջակցի մեր երկրին և պաշտպանի թշնամիներից»։

Страсти по бакинскому финалу Лиги Европы поутихли

Համաձայնեք, այս հիրավի հիասքանչ, քաղաքականորեն գրագետ և հանդուրժողականությամբ առլեցուն, իսկ գլխավորը՝ պատգամավորական սրտի խորքից բխող արտահայտություններն առավել քան ներդաշնակորեն դարձան փայլուն եզրափակիչ բալահատիկը ադրբեջանական սկանդալային «տորթի» վրա։ Հուսով ենք, Human Rights Watch-ն ու Amnesty International-ը կլսեն և ըստ արժանվույն կգնահատեն Սահիբի հրճվանքը, իսկ «Արսենալն» ու այլ «զրպարտիչները» նույնը կանեն ինչպես միշտ անզուգական Գանիրայի նկատմամբ. հիշեցնենք՝ մարդասպան Սաֆարովի մոլի պաշտպանի։

Ճիշտ է, համաշխարհային մամուլի բազմաթիվ հրապարակումներն ու աշխարհի տարբեր երկրների փորձագետների և ֆուտբոլասերների քննադատությունը ցուցադրում են այլ գնահատական, թե հատկապես ով տպավորիչ ապտակ ստացավ և հերթական անգամ խայտառակվեց ողջ, ընդ որում՝ բնավ ոչ միայն մարզական աշխարհում։ Ալլահին դիմելը ֆուտբոլային եզրափակչի առիթով, անշուշտ, ինքնօրինակ գաղափար է, բայց լավ կլիներ, որ ադրբեջանցի պատգամավորները լրջորեն մտորեին, թե հատկապես ինչ պատճառով իրենք միանգամից ձեռք բերեցին «թշնամիների» այնպիսի բազմություն, որ շտապ պահանջվեց Բարձրյալի պաշտպանությունը։ Մի՞թե կրկին ամենահաս ու ամենազոր հայերի և միացյալ «զրպարտիչների» դավերն են։

Այդպես էլ լինում է, երբ արսենալում (կներեք բառախաղի համար) ուրիշ ոչինչ չկա, բացի SOKAR-ից (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը), որը ամեն ինչի վրա աչք փակելու և, նավթադոլարների հոսքի սպասումով, եզրափակիչն «իդեալական» հայտարարելու պատրաստ ՈՒԵՖԱ-ի գլխավոր հովանավորն է։ Երբ երկիրը չունի ոչ մի ֆուտբոլիստ, որը մակարդակով գոնե մոտենա «Արսենալի» հայազգի խաղացողին։ Երբ բարձր մակարդակի մարզական միջոցառումներն ամեն գնով անցկացնելը դառնում է թերարժեքության անանց զգացումն ամոքելու և սեփական իմիջի հատակամերձ մակարդակը քողարկելու միջոց։

Այդժամ որպես թզենու տերև պիտանի է լինում ամեն ինչ. նույնիսկ «Չելսի»-ի հաղթանակը Ադրբեջանի հաղթանակ հայտարարելը։ Ինչը, անկասկած, դժվար թե անցներ նորմալ երկրի խորհրդարանի սեփական և ազգային արժանապատվության զգացում ունեցող անդամների մտքով։ Թեև ինչի՞ մասին եմ ես խոսում։