Գրիգորյանի գործով դատավարությունը հետաձգվեց

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին քրեակատարողական հիմնարկի անօրինականությանների պատճառով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ Մ. Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ–ում, ասել էին, որ կարող են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, թեև նա դեմ է եղել։

«Մանվել Գրիգորյանը օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, ինչից հետո տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Սակայն մի քանի ժամ անց Գրիգորյանին, իր կամքին հակառակ, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»,- ասաց Լ. Բարսեղյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ Մ. Գրիգորյանն անօրինական է գտնվում այնտեղ և նրա կյանքին վտանգ է սպառնում։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ բանավոր կարգով տեղեկացրել են դատարանին, որ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել, բայց դատարանը գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Դատարանը որոշեց դատական նիստն ընդմիջել՝ մինչև դատարանին ներկայացվի փաստաթուղթ նրա բացակայության վերաբերյալ։

Ընդմիջումից հետո ներկայացվեց փաստաթղթեր, նաև Մանվել Գրիգորյանի դիմումը։ Նա գրել է, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ նիստին։ ՔԿՀ-ի բժիշկներն էլ գրել են, որ Մ. Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ։ Քանի որ նա նիստին չէր կարող մասնակցել, այն հեռաձգվեց։ 

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին, տեղեկացնում է Panorama.am։