Ո՞ՒՐ ՉՔԱՑԱՆ ԱՂՄԿԱԼԻ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԸ

Օրերս վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը «Իմ քայլը» և City of smile հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարեց, որ իր համար նշանակություն չունի վերոնշյալ հիմնադրամներին փոխանցվող գումարների ծագումը։ Նույնիսկ եթե բացառված չէ, որ դրանք պետբյուջեից գողացված միջոցներ են։

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է, ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին»,- ասաց Ա.Հակոբյանը։ Ըստ տրամաբանության՝ ստացվում է, որ նշանակություն չունի ոչ միայն այդ հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվող միջոցների ծագումը, այլև այն, թե ով է դրանք փոխանցում։ Գլխավորը՝ տիկին Հակոբյանը խոստանում է դրանց օգնությամբ սփռել խելամիտը, բարին, հավերժականըԱյս համատեքստում վարչապետ Փաշինյանի կողմից եռանդագին առաջ մղվող անցումային արդարադատության «վիրահատական մեթոդներով» անհապաղ ներդրման գաղափարը՝ որպես հեղանփոխության երկրորդ և գլխավոր փուլ, ոչ այն է անհեթեթ, ոչ այն է ցինիկ տպավորություն է թողնում, իսկ գուցեև թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ միաժամանակ։

Եկեք հիշենք հետհեղափոխական այն փուլը, երբ հասարակայնությանը գործնականում ամեն օր տեղեկացնում էին մերկացումների, սկանդալային քրեական գործերի մասին՝ կապված այս կամ այն կոռումպացված պաշտոնյայի, նախկին իշխանության ներկայացուցչի, քաղաքական գործչի, բիզնես կառույցի, հիմնադրամի ղեկավարի հետ և այլն։ Յուրաքանչյուր նոր դրվագը ադրենալին էր ավելացնում հեղափոխական ուղեղներում, գումարվելով նոր իշխանությունների գանձատուփի պարունակությանը՝ որպես նրանց հեղափոխական վճռականության, անկաշառության և արմատական փոփոխությունների ձգտման հերթական վկայություն։ Տեղեկատվությունն այն մասին, որ այսինչին մերկացրել են, մեղադրանք ներկայացրել, նստեցրել, թռցնում էին տաք կարկանդակների պես։ Որից հետո կտրուկ վրա էր հասնում մեռյալ լռություն։ Բավականաչափ ժամանակ է անցել. և ո՞ւր են հիմա այդ գործերը, ո՞ր փուլում։ Ոչ ոք չգիտի։

Ի՞նչ զարգացում ստացան մերկացումների աղմկոտ ծանուցումները, որ ԱԱԾ-ն հնչեցնում էր, օրինակ, Պետական մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի նախկին տնօրեն Արայիկ Մինասյանի, «Նորֆոլկ Արմենիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Հունանյանի, տխրահռչակ Սաշիկ Սարգսյանի (50/50 Սաշիկ), պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, էքս-նախագահ Ս.Սարգսյանի թիկնազորի նախկին պետ՝ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի, մահացու բոլոր մեղքերի, ներառյալ ֆինանսական չարաշահումների և ապօրինի ճանապարհով ունեցվածքի ձեռքբերման մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի (այնուհետ մեղքերը հօդս ցնդեցին՝ նվազելով այն աստիճանի, որ Փաշինյանը նախկին քաղաքապետին մեղադրեց գրագողության մեջ, իբր՝ դիսերտացիան «թխել է», ինչը նույնպես չհաստատվեց կոնկրետ փաստերով), «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի և շատ ու շատ ուրիշների նկատմամբ։

Ինչո՞ւ հասարակությունը տեղյակ չէ մեծ արձագանք առաջացրած գործերի ընթացքի մասին։ Չէ՞ որ ասելով «Ա», պետք է ասել նաև «Բ», այլապես ո՞ւր է իմաստն ու ապացույցը, որ «նոր Հայաստանում» իրավիճակը փոխվել է դեպի անկողմնակալ ու օբյեկտիվ արդարադատություն։

Մինչդեռ, այդ թվում նաև իրավապահ մարմիններից ստացվող տեղեկատվության համաձայն, աղմկահարույց գովազդված քրեական գործերի մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել պետությանը փոխանցել իրենց ֆինանսական և գույքային ակտիվները։ Թե ինչ հիմունքներով, գոյություն ունեցող իրավական ինչ մեխանիզմների միջոցով և քանի այդպիսի ակտիվներ են արդեն վերադարձվել, որտեղ են դրանք, ինչ է պատահել դրանց, ով և ինչպես է վարում դրանց հաշվառումը, ինչ նպատակներով են օգտագործվում, ինչ ծավալով, մենք դարձյալ չգիտենք։

Վերոնշյալ դրվագներից քանի՞սն են լիովին հետաքննվել և մեղադրական եզրակացությամբ փոխանցվել դատարան։ Հայտնի չէ։ Որտե՞ղ են հարուցված քրեական գործերն այն անձանց դեմ, որոնք հասարակական գիտակցության մեջ արդեն վաղուց կապակցվում են կոռուպցիայի և կաշառակերության հետ։ Նրանցից շատերի անունը կարելի է գտնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հիմնադրամների դոնորների ցանկում։ Հենց այն տիկնոջ, որը հայտարարում է, թե իբր՝ գումարների ծագումը նշանակություն չունի, քանզի դրանք ծառայեցվելու են «ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակների»։ Իսկ որտե՞ղ է, ներեցեք, ամրագրված բարու, ճշտի և օգտակարի չափորոշիչը։ Օրինակ, Սորոսի հիմնադրամի և Հայաստանում նրա մոլեռանդ փոխանորդների համար ազգային ինստիտուտների՝ ընտանիքի, Եկեղեցու սասանումը, կասկածելի գենդերային գաղափարների քարոզումը, ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքների առաջմղումը, միասեռ ամուսնությունների լեգալացումը, Հայաստանի,Արցախի ժողովուրդների միակողմանի-թերի «նախապատրաստումը խաղաղության» և այլն, հենց բարի, ճիշտ և օգտակար գործն է որ կա։

Սուբյեկտիվ և իրավական չափորոշիչները տարբեր բաներ են։ Թե՞ հասարակայնությունից ակնկալում են «Իմ քայլը» դաշինքի հուզավառ պատգամավորուհու ոգով արձագանք, որը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հայտարարեց, թե իբր՝Փաշինյանի նկատմամբ իր վստահության արմատներն այնքան խորն են, որ նույնիսկ եթե նա բերեր ծրագիր, որտեղ գրված լիներ միայն մեկ նախադասություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ինքը կողմ կքվեարկեր։ Դե, կներեք…