Համաձայնեցրել են մինչև 2025-ը ռազմական համագործակցության զարգացման հիմքերը

Ռազմական համագործակցության զարգացման ծրագրերը, այդ թվում անօդաչու ավիացիայի օգտագործման և համատեղ զորավարժությունների անցկացման վերաբերյալ, համաձայնեցվել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցների կողմից չորեքշաբթի Անապայում կայացած նիստում, տեղեկացրել է խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ավարտելով խորհրդի նիստը՝ նշեմ, որ այն անցավ գործնական և կառուցողական իրադրությունում։ Համատեղ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվեց առարկայորեն վերլուծել աշխարհի ռազմաքաղաքական իրադրությունը, մանրամասն քննարկել իրավիճակը Համագործակցության հարավային սահմաններին և Սիրիական Արաբական Հանրապետությունում»,- ասաց Շոյգուն։

Նիստի արդյունքներով, տեղեկացրել է նա, «հավանության են արժանացել մինչև 2025 թվականը ռազմական համագործակցության զարգացման հայեցակարգային հիմքերը, նշվել են համագործակցության հիմնական ուղղություններն անօդաչու ավիացիայի կիրառման ոլորտում, համաձայնեցվել են համատեղ միջոցառումներ 2020 թվականի համար»։

«Նիստի մասնակիցները համագործակցության խորացման հույս են հայտնել ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման ոլորտում։ Հավանության է արժանացել գործնական փոխգործակցությունը հակաօդային պաշտպանության, ավիացիայի թռիչքների անվտանգության, տեղագրական ապահովման, զինվորական կադրերի պատրաստման և մի շարք այլ հարցերում»,- ասել է Շոյգուն։

Նա տեղեկացրել է, որ ընդունվել են որոշումներ ՀՕՊ միավորված համակարգի զորքերի մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու և Երրորդ ռազմամարզական խաղերի կազմակերպման մասին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։

«Համատեղ աշխատանքի ընթացքում ընդունվել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման այլ որոշումներ։ Այսօրվա նիստը հաստատել է, որ փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափով հաջողությամբ զարգանում է»,- փաստել է ՌԴ պաշտպանության նախարարը, տեղեկացնում է Panorama.am։