ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ. ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՊԱՏԳԱՄՆԵՐՈ՞Վ

Իրանի շուրջ ծավալվող գործընթացները մեր իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում Հայաստանին սպառնում են նոր կրիտիկական փորձություններով։ Իրանագետներն անդադար կոչ են անում Փաշինյանի կառավարությանը մտահոգվել վերջապես մեզ համար ռազմավարական այդ հարևան երկրի՝ դեպի արտաքին աշխարհ Հայաստանի ցամաքային ընդամենը երկու ելքերից մեկի հետ հարաբերություններով։

Այսպես, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը օրերս ընդգծեց, որ Վրաստանից հետո դեպի արտաքին աշխարհ մեր երկրորդ դարպասի հարցում հայկական իշխանությունների պասիվությունն ու անգործությունը Հայաստանի վրա կարող են անդրադառնալ լուրջ ապակայունացմամբ։ Մինչդեռ, նրա խոսքերով, «մենք վերջին շրջանում մշտապես կենտրոնացած ենք Հայաստանի ներսում ընթացող գործընթացների վրա, որոնց մի մասը, չեմ կարծում, որ այդքան կարևոր են»…

Ավարտին է մոտենում Իրանի հետ ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրի վավերացման ժամկետը, որն ուղղված է ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման, ինչից մեծապես կշահի նաև Հայաստանը։ Բայց ինչն է զարմանալի. այդ խորապատկերին բուն Հայաստանում ձայներ են հնչումպատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ հարաբերությունները սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Կրկնենք. դրանք հնչում են իշխանությունների լիակատար թողտվությամբ, որոնք արդեն առկա երկու փակ սահմանների պայմաններում ջայլամի կեցվածք են ընդունել, փոխանակ ակտիվ, այդ թվում նաև դիվանագիտական աշխատանք վարեն հնարավոր սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ, հնարավոր բոլոր միջազգային հարթակներում պարզաբանեն մեր օտարերկրյա գործընկերներին այն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակի էությունը, որում հայտնվել է Հայաստանը։

Այս պայմաններում, պարզ երկնքում որոտացող ամպրոպի պես, հնչեց հայկական «Ինեկոբանկի» հայտարարությունը, որն արդեն ուղղակիորեն կոչ արեց իր հաճախորդներին ձեռնպահ մնալ իրանական ընկերությունների հետ գործարքներից։ Ընդ որում այս հայտարարությունը հնչեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի չարագուշակ մարգարեությունից մի քանի օր անց. այն առնչությամբ, որ ունենալով արդեն երկու փակ սահման, Հայաստանը շուտով կբախվի նաև երրորդին, նկատի ունենալով Իրանի հետ սահմանը։ Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք և չինովնիկները, գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակում են օդ ցնցել «Հայաստանը Իրանի համար դուռ է դեպի եվրասիական շուկա», «հանդես է գալիս որպես կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև» ոգով տեսական թեզիսներով։

Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Վերոնշյալ հայկական բանկը, որը, իմիջիայլոց, լավ համբավ ունի, նախազգուշացնում է հայկական ընկերություններին, որոնք օգտվում են իրանական բեռնափոխադրողների ծառայություններից կամ իրանական տարածքից՝ մեր երկիր ապրանքներ ներկրելու համար, որ նրանք ենթարկվում են իրենց բանկային հաշիվների սառեցման և/կամ Իրանի դեմ այդ գծով գործող ամերիկյան պատժամիջոցների հետևանքով գործարքների ձախողման սպառնալիքի։ Իսկ դա նշանակում է ոչ այլ ինչ, քան Իրանի հետ սահմանի ինքնուրույն փակում։ Դրանից էլ հեշտ բա՞ն։

Ընդ որում հայտնի է, որ հենց նույն Եվրամիության երկրները զբաղված են համապատասխան ֆինանսական սխեմաների և մեխանիզմների մշակումով՝ Իրանի հետ առևտրում ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար։ Ուրեմն ինչո՞ւ չմտածել պատժամիջոցային սպառնալիքների չեզոքացման համար համանման միջոցներ կիրառելու մասին։ Մինչդեռ մենք, հակառակը, ունենալով արդեն փակ ճանապարհներ արևմուտքից ու արևելքից, պարզապես բթամտորեն շարժվում ենք երրորդ երկրների թելադրանքով, ինչի արդյունքում ինքներս մեզ կարգելափակենք նաև հարավից, արտաքին աշխարհի հետ կապի համար թողնելով միայն հյուսիսային նեղլիկ պարանոցը Վրաստանի միջով, որըդե, ինքներդ էլ գիտեք։

Եվ հազարապատիկ իրավացի են բազմաթիվ ձայները, որոնք կոչ են անում Հայաստանի իշխանությանը վերջապես մտահոգվել խնդրով և առնվազն քննարկումներ նախաձեռնել ֆինանսական շրջանակների ներկայացուցիչների հետ, մշակել ռիսկերի չեզոքացման ինչ-որ մեխանիզմներ, այլ ոչ թե անմտորեն շարժվել հարևան երկրի հետ առևտրատնտեսական ամեն տեսակի հարաբերությունների խզման ճանապարհով։ Մի՞թե դա անհասկանալի է։ Դրա փոխարեն լսում ես խորհրդարանում ընթացող քննարկումները և ապշում, երբ Հայաստանի սահմաններին ստեղծված լարված պայմաններում այնտեղ անվրդով քննարկում են, թե ինչպես օրենքի մեջ գրի առնեն, օրինակ, տարիքային սահմանափակումների անթույլատրելիությունը աշխատանքի ընդունելիս։ Կարելի է կարծել, թե գործատուն աշխատանքի ընդունելիս առաջնորդվելու է ամրագրված դրույթով, այլ ոչ թե ընկերության/կազմակերպության իրական պահանջմունքներով և անձնական նախապատվություններով։

Մինչդեռ Իրանի հետ այսօր աշխատող ձեռներեցները լրջորեն մտահոգված են սահմանի վրա ստեղծված իրավիճակով և սաստիկ անհանգստացած։ Ճիշտ ժամանակն է, որ կառավարությունը չեզոքացնի հայկական առևտրային բանկի անհեռատես կոչը, հստակ ազդանշանելով Իրանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու վճռականության մասին։ Այլապես «փակ դռների» և «քանդված կամուրջների» պայմաններում աշխատանքի ընդունման տարիքային սահմանափակումների հարցն ընդհանրապես կկորցնի արդիականությունը։ Հենց թեկուզ նույն այդ աշխատատեղերի բացակայության պատճառով…

Основная тема:
Теги: