ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՌ Է ՏԱԼԻՍ ՍԼԱՔՆԵՐԸ

Ինչքան էլ ասես՝ «հալվա, հալվա», բերանդ չի քաղցրանա։ Այս ասացվածքը պետք է հիշեն իշխանական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ամեն առիթով բարբառում են իբր սիրո և համերաշխության մասին։ Արդեն ավելի քան մեկ տարի շարունակ իրենց ճառերը, այդ թվում նաև՝ ամենից ագրեսիվ, նրանք ուղեկցում են սիրո անհեթեթ խոստովանություններով, իրական և վիրտուալ աշխարհում փորձելով հասարակությանը ներշնչել միտքն, այսպես կոչված, սիրո և համերաշխության հեղափոխության մասին, սակայն իրականում ահագնացնում են լոկ ատելությունն ու պառակտումը։

Այժմ, դատելով զարգացումներից, սկսվել է այլ փուլ. նրանք, ովքեր ողջ այս ընթացքում ագրեսիա, ատելություն ու պառակտում էին սերմանում, այսօր խոսում են նման մթնոլորտի անընդունելիության մասին, մեղադրելով իրենց ընդդիմախոսներին, հենց նրանց, ովքեր նախազգուշացնում էին իշխանությանը ագրեսիայի և ատելության տարածման անընդունելիության մասին, …բռնություն քարոզելու մեջ։

ԱԺ-ում իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր խնդիրներից մեկն անվանեց հանրության ձևավորումը, որին խորթ է բռնությունը։ Ավելին, նրա կարծիքով, հենց այդպիսի մթնոլորտ է ձևավորվել Հայաստանում։ Եվ կրկին ակամայից մտաբերում ես ասացվածքը հալվայի մասին։ «Բռնության այն քարոզը, որը տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում, լուսանցքային, հետցնցումային երևույթներ են,-ասում է վարչապետը։- Եվ որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող ուժերը և անձինք, նրանք դուրս են մղվելու հանրային և քաղաքական կյանքից»։ «Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում, անկախ նրանից՝ դա իշխանության, կառավարության համակիրների կողմից է արվում, թե՝ հակառակը»,- ամփոփեց Փաշինյանը։

Երկու տարի էլ չի անցել, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն վճռեց նման հայտարարություն անել։ Թեև, օրինակ, դեռ մեկ ամիս էլ չի լրացել, ինչ դատարանների շենքերն արգելափակելու իր կոչով և այնուհետ վեթինգի մասին հայտարարությամբ ագրեսիա և ատելություն սփռեց դատավորների նկատմամբ։ Ոմանք այդ կոչն ընդհանրապես ընդունեցին որպես գործելու ազդանշան, իրենց թույլ տալով հրմշտել դատավորներին՝ անտարբեր ոստիկանների աչքի առջև։ Թեև դեռ մոտ մեկ ամիս առաջ վարչապետի կողմնակիցներն իրենց թույլ տվեցին հարձակվել Թատերական հրապարակում թոռների հետ զբոսնող դաշնակցական Հրանտ Մարգարյանի վրա, անարգանքներ գոչելով նրա հասցեին։ Թեև դեռ մոտ մեկ ամիս առաջ վարչապետի կողմնակիցները իշխանությանն աջակցող միտինգի ընթացքում վիրավորական հայտարարություններ էին անում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, սպառնալով բռնությամբ։

Բայց ինչո՞ւ էր Փաշինյանը լռում այնքան ժամանակ, մինչև որ հասցրեցին սոցցանցերում հայհոյող ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի մռութին (որը, ինչպես պարզվեց, Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներից մեկն էր)։ Թեև բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական ուժեր կատարվածի մեջ պատճառահետևանքային կապ դիտարկեցին վերջին տարվա ընթացքում ձևավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետ։ Գուցե այնուամենայնիվ անսա՞ց դաշնակցականների կոչերին, որոնք իրենց յուրօրինակ «ես եմ ծեծել» ֆլեշմոբը անվանեցին ինքնաբուխ։ Եվ դա բացատրեցին իշխանություններին ու հասարակայնությանը ցույց տալու ձգտումով, որ պետք է վերջ տալ սոցցանցերում և ընդհանրապես ստեղծված իրավիճակում թշնամանքի ու ատելության տարածմանը։

Դատելով վարչապետի պատասխանից, չանսաց։ «Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Եվ սա ասում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք։ Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների, բռնության է ենթարկել ՀԱԿ ակտիվիստին։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մա՞րդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է եղել։ Եթե դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Փաշինյանը։

ՀՅԴ-ի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց։ «Դա անհասցե մեղադրանք է, և ես չեմ պատրաստվում դրան արձագանքել։ ՀՅԴ-ն երբեք չի մասնակցել թալանին։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կան ազգային արժեքները պահպանող ուժեր. այո, այդ ուժերից մեկը Դաշնակցությունն է, և շարունակելու է պաշտպանել, ու որևէ մեկին թույլ չի տալու շեղվել և մեր ազգային արժեքները ոչնչացնել»,-հայտարարեց Yerkir.am-ին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքերով, ակցիայի մասնակիցների ուղերձը հստակ էր. դա իշխանություններին ուղղված կոչ էր՝ դառնալու ավելի զգոն։ «Երկրում արդեն երկար ժամանակ հետևողականորեն իրականացվում է բռնության քարոզչություն, իսկ անպատժելիության և քաղաքական, իրավական գնահատականի բացակայության պայմաններում այդ ամենը բերում է համապատասխան պահվածքի։ Դաշնակցությունը բազմիցս գնահատական է տվել անհանդուրժողականությանն ու ագրեսիվ ժխտմանը, և մենք նշել ենք, որ նման իրողության պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը»,- ասաց դաշնակցականը։ Նա նշեց, որ ՀՅԴ-ն հանդես է գալիս օրենքի գերակայության օգտին, դատապարտում է բռնությունը և ողջունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդդեմ բռնության քարոզչության։ «Բայց միաժամանակ մենք արձանագրում ենք, որ ատելության ու բռնության կոչեր հնչում են հենց իշխանությունների և նրանց կողմնակիցների շրջանակի կողմից։ Եթե այս անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեին, ապա այսօր այս իրավիճակը չէր լինի»,-ասաց Սաղաթելյանը։

Եվ վերջինը։ Իր ակտիվիստի հետ կապված միջադեպի առնչությամբ ՀԱԿ-ը տարածել է հայտարարություն, որում Վարդան Հարությունյանի հետ կատարվածն անվանել է «նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է բնութագրել»։ Կոնգրեսականների հայտարարության մեջ նշվում է. «ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ»։

Այստեղ, թերևս, արժե հիշեցնել, որ 2016-ի հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի զավթմանը ՀԱԿ-ը շատ ավելի մեղմ գնահատական տվեց։ Ո՛չ երկշաբաթյա զավթման ընթացքում (պատանդառությամբ, ոստիկանների սպանությամբ), երբ ՀԱԿ-ը կշռադատվածության ու զգուշավորության կոչ էր անում, ո՛չ էլ այն բանից հետո, երբ զավթողները հանձնվեցին, կոնգրեսականները ոչ մի անգամ չգնահատեցին կատարվածը որպես ահաբեկչություն։ Բայց ՀԱԿ-ը դաշնակցականների դեմ, ինչպես հայտնի է, մի այլ ոխ ունի։ Մեկնաբանությունները թողնենք ընթերցողներին…