Իէն ԳԻԼԱՆ․ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ ԷՐ»

Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի մենակատար Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, եւ Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին ժամանել են Հայաստան՝ Երեւանում տոնելու Rock Aid Armenia բարեգործական նախագծի 30-ամյակը:

Հունիսի 5-ին Երեւանում կայանալիք հանդիսավոր երեկոյից առաջ ռոքի լեգենդները հանդիպել են լրագրողների հետ, վերհիշել Հայաստան կատարած այցերը եւ զրուցել պլանների մասին:

Մեդիամաքսն առանձնացրել է ասուլիսի ուշագրավ մտքերը:

Վերհիշելով այցը Սպիտակ

Իէն Գիլան. Շատ ազդեցիկ պատկերներ կային այդ աղետից, հիշում եմ մի ծեր կնոջ, որը ձեռքին բռնել էր իր ընտանիքի 28 անդամների նկարը, որոնցից միայն նա էր ողջ մնացել: Ես խոսեցի նաեւ Սպիտակի քաղաքապետի հետ, որն ասում էր՝ երաժշտությունն այնտեղ լռել է՝ ոչ ռադիոյով է հնչում, ոչ եկեղեցում, անգամ թռչուններն էին դադարել ծլվլալ:

Մենք համարեցինք, որ երաժշտությունը լավագույն միջոցը կլինի, որ կվերակենդանացնի աղետի գոտին: Այդպես էլ եղավ մենք միացանք Գյումրի երաժշտական դպրոցի վերականգման աշխատանքներին, եւ երաժշտությունը դարձավ խորհրդանիշ՝ Հայաստանում վերածննդի համար:

Այդ երեկո համերգից հետո հանդերձարան վերադառնալիս մեկն ինձ հարցրեց՝ ինչո՞ւ է տեսքս վատ։ Այնքան հուզված էի, որ նույնիսկ արտասվեցի, որովհետեւ իսկապես շատ ազդեցիկ ու ցնցող էր այդ ամենը: Դա է պատճառը, թե ինչու եմ ես անձամբ ներգրավված Rock Aid Armenia-ում, եւ դա ինձ համար իսկապես մեծ պատիվ է:

30 տարի անց

Իէն Գիլան Բնական աղետի դեմ մենք ոչինչ չենք կարող անել, բացի վերականգման փորձեր անելուց: Բայց վերականգնումը միայն ենթակառույցների պահով չէ, այլեւ հոգեւորի վերականգնման: Այն զգացումը, երբ եկեղեցում քարոզից հետո մարդիկ ոգեւորված եւ խանդավառված միասնական պոռթկում են, նույնը երաժշտությունն է: Այն նմանօրինակ վերելքի ապրում է պարգեւում մարդկանց, հատկապես երբ բոլորը միավորված են. պարզապես երաժշտության միջոցով միասնական լինելը շատ հզոր է:

Ոգեւորիչ է նաեւ, որ նոր սերունդը շարունակում է ստեղծագործել: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Գյումրու երաժշտական դպրոց, ներսում ձյուն էր գալիս, ուսուցիչները խիզախորեն փորձում էին երեխաներին ինչ-որ բան սովորեցնել կիսակոտրված գործիքներով. այդ ամենն ինձ շատ տպավորեց: Դա խորհրդանշում է երաժշտության վերածնունդը. թռչուններն էլ սկսել են ծլվլալ:

Ջոն Դի. Երբ առաջին անգամ ԶԼՄ-ներին հայտնեցի, թե ինչ կազմ ենք հավաքել Smoke on the Water երգի վերաձայնագրության համար, կային մարդիկ, որ հարցրին՝ ռոքի դինոզավրերի հետ ինչո՞ւ եք գործ բռնել, ո՞վ է նրանց հիմա լսում: Պատասխանեցի, որ մեր ռոք-աստղերը նույնիսկ տարիներ անց ավելի հզոր կլինեն, քան ներկա կատարողները: Եվ տեսեք՝ Թոնի Այոմիի վերջին Black Sabbath-ի ալբոմը ԱՄՆ-ում թիվ մեկն է, եւ Իէնն ու Թոնին անընդհատ լցնում են ամենամեծ դահլիճները: Սա ռոքի առհավատչյան է, ռոքի անժամանակյա գրավչությունը, իսկ Smoke on the Water երգի տեսանյութը այս ամիս արդեն 10 մլն դիտում կգրանցի:

Հայերի ու Հայաստանի մասին

Իէն Գիլան. Հայ մշակույթի միասնականությունը եւ ամբողջականությունն է ինձ ամենաշատը տպավորել, որտեղ աչքդ թեքես՝ Նյու Յորքում, Բեյրութում, ամենուր հայեր կան, ամեն մեկն իր կյանքն է ապրում, բայց եւ այնպես, բոլորը միասնական են. ապշեցուցիչ է, կարելի է երեւի անգլիացիների հետ համեմատել (ծիծաղում է – հեղ):

Ջոն Դի. Մի բան, որ ինձ տպավորել է հայերի հետ շփումներում, այն է, թե որքան հարուստ մշակույթ ունի Հայաստանը: Ինձ Բրայան Ինոն է ներկայացրել հայկական երաժշտությունը եւ ասել՝ անպայման պետք է լսել Ջիվան Գասպարյանի կատարումը, այն քո երբեւէ լսած ամենավեհ կատարումներից մեկը կլինի: Եվ դրա համար էլ այսքան խանդավառությամբ ենք «Մաշտոց» ալբոմը թողարկում, որովհետեւ Rock Aid Armenia-ն միայն դրամահավաք չէ, այն մարդկանց միացնելուն է վերաբերում եւ աշխարհին անհավանական հայ մշակույթը ներկայացնելուն:

Ռոքի լեգենդների ապագայի պլանները

Թոնի Այոմի. Black Sabbath-ը ապագայում շրջագայության ոչ մի ծրագիր չունի, գուցե պատահական մի երկու բան նվագենք ընթացքում: Իմ անձնական ծրագրերը կյանքս հետայսու լիաթոք ապրելն է. 50 տարի օտար ճանապարհներով շրջագայելուց հետո հիմա կյանքի ընկալումները պետք է այլ անկյունից դիտվեն:

Իէն Գիլան. Ես ճանապարհի մարդ եմ ու հաջորդ 50 տարիներին պլանավորում եմ շրջագայել. պարտադիր չէ միայն այս մոլորակում: Թեթեւակի թափը կիջեցնենք, բայց ճանապարհն իմ տարերքն է. մենք կենդանի կատարումներ էինք անում շատ ավելի վաղ, քան սկսեցինք ստուդիայում ձայնագրություններ անել, եւ կշարունակենք կենդանի կատարումները: Իհարկե, մի քիչ ավելի շատ ժամանակ հանգստին կհատկացնենք: Նոր լսարաններ գրավելուց եւ նրանց այդ թրթիռը փոխանցելուց ավելի լավ բան ի՞նչ կարող է լինել:

Rock Aid Armenia 30-ի նոր նախաձեռնությունների մասին

Ջոն Դի. Այսօր երեկոյան կայանալիք միջոցառման հրավիրատոմսեր այլեւս չկան. դա ապացույցն է, թե որքան են հայերը կարեւորում այս միջոցառումը:

Հաջորդ ամիս, որը համընկնելու է Metropolis Studios ստուդիայում ձայնագրման բուն 30-ամյակի հետ, մենք կմեկնարկենք նոր կայք, որում կզետեղվեն մինչ օրս երբեւէ չհրապարակված ձայներիզներ եւ տեսահոլովակներ: Աշխարհով մեկ Smoke on the Water երգը նորից կվերաթողարկվի, եւ դրանից ստացված եկամուտը կուղղվի Գյումրիի երաժշտական դպրոցին նոր գործիքներ տրամադրելուն:

Կթողարկենք նաեւ մեկ նոր ձայնասկավառակ, որը կպարունակի ոչ թե ռոք, այլ հայկական երաժշտություն: Փաստացի մենք վերադառնում ենք մեր արմատներին, որովհետեւ որպես կազմակերպություն մեր թողարկած առաջին ալբոմը հենց Ջիվան Գասպարյանի եւ Բրայան Ինոյի՝ 1989 թվականի ձայնապնակն էր:

Հաջորդ ամիս նաեւ Վահան Արծրունու եւ Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ մի ալբոմ ենք թողարկելու, որը 5-րդ դարի հայ հոգեւոր երաժտություն է պարունակում եւ կոչվելու է «Մաշտոց»:

Կոչ եմ անում աշխարհի հայերին անպայման ձեռք բերել այդ սկավառակը, քանի որ դրա ամբողջ հասույթը Հայ օգնության ֆոնդին է տրամադրվելու, որպեսզի երաժշտական դպրոցի համար գործիքներ ձեռք բերի:

***

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Mediamax