Ռուբեն Մելիքյան. «Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի

«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի։ Նման կարծիք է հայտնելՀայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա ընդգծել է. «Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ երբ ինչ-որ լուրջ հանցանք է կատարվում, հանցանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերելու համար ինչ-որ հատկանիշներով օժտված մարդկանց ու ավտոմեքենաներն ինչ-որ տարածքում «ընդհանրական» ստուգման են ենթարկում։

Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ ինչ-որ «բարձր ռիսկայնության» օրերին ոստիկանությունը առավել լուրջ հսկողություն իրականացնի։ Օրինակ՝ Վերջին զանգ, Ամանոր, կարևոր ֆուտբոլային խաղ։

Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ, օրինակ, հանցավորության աճով պայմանավորված՝ Ոստիկանությունը հայտարարի հասարակարգի ապահովման քաղաքականությունը խստացնելու մասին։ Այդ դեպքում Ոստիկանական անձնակազմն է մեծացվում, տեխնիկական հագեցվածությունն է բարելավվում և այլն։

Բայց ամենևին հասկանալի չէ, երբ Գործադիրի ղեկավարը ինչ-որ անհասկանալի, բայց ակնհայտ քաղաքական պատճառով ոստիկանությանը փաստացի հրահանգում է «ռեյդ» իրականացնել, մենք էլ հեռուստաէկրաններին տեսնում ենք «ասֆալտին փռված» ինչ-որ մարդկանց։ Ինչքանո՞վ է ախր դա լուրջ։ Ինչքանո՞վ է դա իրավաչափ»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որի համաձայն, ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեց այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: