Արգենտինացի կին գործարարները Հայաստանում

Արգենտինացի քաղաքագետ, փաստաբան և գործարար Ֆաբիանա Ռիկարոն հիացած է Հայաստանով և մեր երկրից կհեռանա բազմաթիվ դրական տպավորություններով: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում, առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Ֆաբիանան Հայաստան է ժամանել մի քանի օրով, 13 կին գործարարներից կազմված արգենտինական պատվիրակության կազմում, որը սեփական նախաձեռնությամբ ձևավորել է Էռնեկյան ընտանիքը: Կին գործարարները 2018 թվականին ճանաչողական այց են կատարել Մեծ Բրիտանիա: Հայաստանը դարձել է նրանց համար նշանակման երկրորդ կետ:

Յուրաքանչյուր երկրում, որի հետ Արգենտինան բարեկամական և ջերմ հարաբերություններ ունի, գործարար կանանց խումբը փորձում է գործարար կապեր հաստատել հետագա համագործակցության համար: Հունիսի 17-ին նրանց սուրճ խմելու էր հրավիրել Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Ուղևորությունից առաջ ինձ համակել էին հակասական զգացողություններ, քանի որ հեռավորության պատճառով ձեր երկիրն այդքան հայտնի չէ արգենտինացիներին: Բայց այն, ինչ ես տեսա, հաճելիորեն զարմացրեց ինձ», – ասաց Ռիկարոն:

Ֆաբիանան խոստովանեց, որ հայաստանյան այցելությունը բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել: Նա կարծել է, որ Հայաստանը ծերացող հասարակությամբ երկիր է, որտեղ երիտասարդները մեծ ակտիվություն չեն դրսևորում: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ տեղում տարբեր ոլորտներում տեսել է երիտասարդ ձեռներեցների:

Նրա խոսքով՝ տպավորիչ են նաև երկրի, հասարակության զարգացման մակարդակը, որոնք ուղղված են արդյունք ստանալու:

Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև ՏՏ:

«Մենք Հայաստանից կհեռանանք հարուստ տպավորություններով և բազմաթիվ գաղափարներով», – ասաց Ֆաբիանան` հավելելով, որ շատ տպավորված է հենց Նունե Սարգսյանով:

Karas Wines ընկերության տնօրեն Խուլիանա Էռնեկյանն իր հերթին նշեց, որ, լինելով կին և հայուհի, ցանկանում է կամուրջներ հաստատել երկու երկրների գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջև:

«Ցանկանում եմ ավելի շատ աշխատատեղեր բացել, որպեսզի աշխատելու հնարավորություն տամ կանանց, ինչպես նաև կփորձեմ կամուրջներ հաստատել երկու երկրի կանանց միջև», - ասաց Էռնեկյանը:

Նունե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները կարևոր են Հայաստանի և հայերի համար:

«Շատ հետաքրքիր հանդիպում է կայացել կին գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Հայաստանի և հայերի համար նման հանդիպումները կարևոր են», – ասաց Սարգսյանը:

Նա կոչ արեց Արգենտինայի կին գործարարներին ավելի հաճախ այցելել Հայաստան, ինչպես նաև մտածել ներդրումների և սեփական գործ բացելու մասին:

Նրա խոսքով` արգենտինացի կին գործարարների օրինակը կօգնի հայ հասարակությանը հասկանալ, որ կնոջ առաքելությունը միայն ընտանեկան օջախը պահպանելը չէ:

Սարգսյանը նաև կարծում է, որ առաջին հերթին տղամարդիկ պետք է օգնեն կանանց՝ հասնել հաջողության:

Արգենտինացի 13 կին գործարարները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 21-ը: Նրանք արդեն հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում, Կենտրոնական բանկում և այլն, տեղեկացնում է armeniasputnik.am:

Теги: