Արդյոք կա՞ր անօդաչուն

Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանել: Գործակալությունն ընդգծել է, որ ամերիկյան արտադրության RQ-4 Global Hawk անօդաչուն ներխուժել էր Իրանի օդային տարածք:

Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկյան իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում որևէ ամերիկյան սարք չի գտնվել Իրանի օդային տարածքում:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Բիլ Ուրբանը հրաժարվել է ծավալուն մեկնաբանություն տալ՝ ասելով միայն. «Իրանի օդային տարածքում որևէ անօդաչու չի եղել»:

Պարբերականը նկատում է, որ երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները, տեղեկացնում է Tert.am: