ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ
Օրերս հայտնի դարձավ, որ Սփյուռքի հետ հարաբերություններով Հայաստանի կառավարությունում զբաղվելու է ամերիկյան Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նախարարությունը լուծարված է, այնպես որ Սինանյանը կկոչվի Սփյուռքի գործերով հանձնակատար։
Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը 1988-ին, լինելով 15-ամյա պատանի, ընտանիքով արտագաղթել է ԱՄՆ։ 2014 թվականին դարձել է Գլենդեյլի քաղաքապետ։ Այդ պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցրել է 2018 թվականից, իսկ հունիսի 7-ին՝ հրաժարական տվել։ Մեկ տարի առաջ աջակցել է Հայաստանում տեղի ունեցած «թավշե հեղափոխությանը»։
Ինչո՞ւ այդչափ պատասխանատու պաշտոնը, հատկապես Սփյուռքի նախարարության լուծարման պայմաններում, վստահեցին հենց Զարեհ Սինանյանին։ Ո՞րն էր ընտրության չափորոշիչը, ի՞նչը դարձավ վճռորոշ։
Իհարկե, չի կարելի բացառել, որ Սփյուռքի գործերով նորանշանակ հանձնակատարը խելացի է, կիրթ, լավ կազմակերպիչ և այլն։ Թե ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։ Սակայն հենց այդ թեկնածուին ընտրելու համատեքստում կա մի չափորոշիչ, որն անհնար է անուշադրության մատնել։ Բանն այն է, որ Զարեհ Սինանյանը հայտնի է որպես ԼԳԲՏ հանրության պաշտպան և նրանց առանձնահատուկ իրավունքների առաջմղման համար պայքարող անխոնջ մարտիկ, որն այդ ոլորտում իր գործունեության համար անցած տարի նույնիսկ պարգևատրման է արժանացել «խավարամիտ» հայ հասարակության գենդերային լուսավորման և Հայաստանում միասեռ ամուսնությունների լեգալացման համար պայքարող ամերիկյան Equality Armenia հասարակական կազմակերպության կողմից։
Ո՞րն է Equality Armenia-ի առաքելությունը։ «Լինելով հայկական ինքնության անքակտելի մասը և հանդես գալով ԼԳԲՏ հանրության իրավունքների օգտին, մենք ձգտում ենք Հայաստանի ժողովրդին հասցնել մեր առաջադեմ ձայնը»,- գրված է կազմակերպության կայքում։ Այնուհետ՝ սրտահույզ տեքստ միասեռ հարաբերությունների կողմնակիցների իրավունքների, հասարակության մեջ հրապարակային բանավեճի համար պայմանների ստեղծման անհրաժեշտության, ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքների օրենսդրական ամրագրման կարևորության մասին և այլն։ Կարճ ասած, «Օվերտոնի պատուհանը» գործողության մեջ։ Իրենց ավանդապաշտ մտածողության, քրիստոնեական, ընտանեկան արժեքների ընկալման մեջ քարացած և գենդերային «էվոլյուցիա» ապրել համառորեն չցանկացող Հայաստանի քաղաքացիները կարիք ունեն, Equality Armenia-ի անձնանվերների կարծիքով, որ ինչ-որ մեկը նրանց ոչ առաջադեմ գլուխները մտցնի առաջադեմ մտքեր։
Equality Armenia կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Աբելյանը, որը ծնվել է Հայաստանում և ԱՄՆ արտագաղթել 19 տարեկանում, հայտարարում է այն մասին, որ ամեն կերպ պայքարելու է և առաջ մղելու արվամոլների ու լեսբուհիների իրավունքները Հայաստանում, որպեսզի հասնի պատմական հայրենիքում միասեռ ամուսնությունների լեգալացմանը։
ԶԼՄ-ների հետ կապերի համար պատասխանատու Վիկ Գերամին համարում է, որ չնայած հաճախ մարգինալացվող հայկական ինքնության նրբություններին, կարելի է հասնել ավանդական կարծրատիպերի կոտրման։ Իրեն՝ Գերամիին Wall Street Journal-ը շնորհել է «Առաջատար գեյ-ակտիվիստ» պատվավոր կոչումը։
Այնուհետ ամեն ինչ՝ համանման ոգով։ Համապատասխան միջոցառումներով։ Օրինակ, ի փառս Pink Armenia-ի 10-ամյակի, ցանկանալով բարոյապես ու ֆինանսապես աջակցել Հայաստանի արվամոլների և լեսբուհիների հանրությանը, կազմակերպությունն անցկացրեց «մշակութային երեկո», հավաքված միջոցները ուղարկելով վերոնշյալ հասցեով։ Մի խոսքով, բոլորը մի մարդու պես՝ գենդերային առումով առաջադեմ, ինչն էլ մեզ են մաղթում։ Եվ ոչ միայն պարզապես մաղթում են, այլև պատրաստ են տքնաջան աշխատել։ Այդ դժվարին գործում ապավինելով, պետք է ենթադրել, հայկական կառավարությունում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Ինչ կերպ ասես փորձեցին վերաձևաչափել վերջին ժամանակներս մեր համաքաղաքացիների հասարակական գիտակցությունը, ուղղորդելով այն գենդերային առաջադեմ հուն։ Նույնիսկ Էլթոն Ջոնին ուղարկեցին՝ իր «ցունամիի վերաճող փոփոխությունների քամիով»։ Չստացվեց։ Նրանց, ովքեր փորձեցին խաղալ աշխարհահռչակ երգչի և կոմպոզիտորի հեղինակության գործոնի վրա, շատ արագ պարզ դարձավ. չի՛ անցնի։ Այդ իսկապես գերտաղանդավոր մարդու ստեղծագործության նկատմամբ վերաբերմունքը մեկ բան է, իսկ Էլթոն Ջոնի նկատմամբ վերաբերմունքը որպես Հայաստանում միասեռ ամուսնությունների լեգալացման օգտին հանդես եկող գեյ-ակտիվիստի՝ միանգամայն այլ բան։ Եվ զուգահեռները չեն հատվում. թեկուզ պայթիր։
Փորձեցին Երևանում կազմակերպել 3 տարեկան փոքրիկների համար նախատեսված գենդերային կողմնորոշմամբ գրքույկի շնորհանդես. կրկին ձախողում։ Հասարակությունն արձագանքեց վայրկենապես և ծայրաստիճան բացասաբար։
ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքները լոբբինգավորող հայտնի կազմակերպությունների կողմից կառավարությանն ուղղված բաց նամակների մասին արդեն առհասարակ լռում ենք. դրանց քանակը մի վագոն է, սայլն էլ վրադիր։
Վերջերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (խորհրդարանի) պատգամավոր, տնտեսագիտության և փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս Դրագոմիր Կարիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է սերբ հասարակությունը վերաբերվում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու այլևայլ բաների առաջմղման տեսքով պարտադրվող ամեն տեսակի օտար հովերին, օրենքներին, յուվենալ արդարադատությանը, միասեռ հարաբերությունների քարոզչությանը, ասաց.
«Ժողովրդին դա ձանձրացրել է։ Մեզ դրսից պարտադրում են կանոններ, թելադրում, թե ինչպես պետք է ապրենք։ Պատասխանը հետևյալն է. մենք ոչ մեկին չենք վիրավորում, թույլ տվեք մեզ ապրել համաձայն մեր արժեքների, ավանդույթների, մտածելակերպի։ Մենք ուղղափառ, ավանդապաշտ ժողովուրդ ենք, մենք հինավուրց պատմություն ունենք։ Հայերը՝ նույնպես։ Մենք ձեզ հետ ընդհանուր շատ բան ունենք, և երբ մեզ պարտադրում ու կազմակերպում են ամեն տեսակի հեղափոխություններ, այդ թվում նաև գենդերային, դա չպետք է անցնի»։
Մենք ոչ մեկին չենք վիրավորում, թույլ տվեք մեզ ապրել համաձայն մեր արժեքների, ավանդույթների, մտածելակերպի. լավ է ասված։ Համամի՞տ եք, պրն. Սինանյան։