«Ինքնասպան աղետ»

Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը, այդ թվում նաև միջուկային համաձայնագրից հրաժարումը, «ինքնասպան աղետ» է, որը Միացյալ Նահանգներին կարող է տանել պատերազմական ճանապրհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, հաղորդում է AFP-ը:

Նախկին փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփը չի կարող միջամտել Իսլամական Հանրապետությանը՝ միջուկային զենք ստանալու և Հորմուզի նեղուցով էներգիայի մատակարարումներ ապահովելու հարցում:

«Դուրս գալով դիվանագիտությունից՝ Թրամփը ռազմական հակամարտությունն առավել հավանական է դարձրել»,- նշել է Բայդենը:

Նա գրեթե 4 տարի զբաղեցրել է Սենատում միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն ու արտաքին քաղաքականությունն ուժեղ կողմ է համարում: Լինելով փոխնախագահ՝ Բայդենն օգնել է նախագահ Բարաք Օբամային բանակցություններ վարել Իրանի և համաշխարհային գերտերությունների հետ 2015 թվականի համաձայնագրի հարցով:

Սակայն Թրամփը միակողմանի կարգով անցած տարի դուրս եկավ համաձայնագրից, որի արդյունքում, ըստ Բայդենի, «Իրանը մեծացրեց իր ռազմական պոտենցիալը»:

Նրա խոսքով՝ Թրամփը խոստացել էր, որ համաձայնագրից դուրս գալն ու Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը կնվազեցնեն Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: «Ցավոք, հեգնանքն այն է, որ Պետդեպարտամենտն այժմ Իրանին կոչ է անում հետևել այն նույն գործարքին, որից հրաժարավել է Թրամփի վարչակազմը»,- նշել է Բայդենը:

Նախկին փոխնախագահի խոսքով՝ Իրանը շարունակում է մնալ «վատ խաղացող, որը խախտում է մարդու իրավունքներն ու աջակցում ահաբեկիչներին», տեղեկացնում է News.am: