Բախումներ Թբիլիսիում․ Կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներն ու իրավապահները բախվել են: Կա 14 տուժած, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը:

       

Վրաստանի առաջին ալիքի հաղորդմամբ՝ մասնակիցների մի մասը տեղափոխվել է Ազատության հրապարակ: Այնտեղ նրանք բախվել են իրավապահների հետ:

Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Ռուստավելիի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 14 ցուցարար և 38 իրավապահ է տուժել:

«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ Ռուստավելի պողոտայում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները ծեծկռտուք են կազմակերպել հատուկջոկատայինների հետ՝ խլելով նրանց սաղավարտներն ու վահանները: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Նրանք մոտ 20 անգամ պղպեղով գազ են օդ արձակել: Բացի այդ, դատելով ցուցարարների ստացած վնասվածքներից, ոստիկանները ռեզինե փամփուշտներ են կիրառել:

Ակցիայի մոտ 7 հազար մարդ է մասնակցել: Այն բանից հետո, երբ ոստիկանները գազ են կիրառել, ցուցարարների մի մասը ցրվել է: Սակայն հրապարակում շարունակվում են ոստիկանների և ցուցարարների միջև բախումները:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ ողջունում է «իրական բողոքը», սակայն այս դեպքում գործ ունենք «քաղաքական շահի» հետ:

«Մեզանից յուրաքանչյուրը լավ հասկանում է, որ սա անօրինականություն և բռնություն է: Վրաստանում բռնությունն անընդունելի է: Մենք կայացած երկիր ենք, և Վրաստանը երբեք բռնություն չի հանդուրժի: Արդարացի բողոքը կա հանրության մեծ մասում, սակայն բռնությունն անթույլատրելի է, և այն պետք է ադեկվատ պատասխան ստանա»,- հայտարարել է Բախտաձեն:

Դրանում նա մեղադրել է նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցությանը:  

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր և խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաև «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, տեղեկացնում է News.am: