Միջնորդները կոչ են անում ձեռնպահ մնալ դիպուկահարներ օգտագործելուց և ինժեներական աշխատանքներից
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Ըստ հայտարարության, ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և հումանիտար քայլերի իրականացման ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ակնկալիքները։
«Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։
Արտագին գործերի նախարարները համաձայնվել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով․
Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ։