Փալոնեն ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման կոչով բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ներկայացրել է երկկուսակցական բանաձև, ողջունելով 2018 թվականին Հայաստանի խաղաղ քաղաքական անցումը, գովաբանելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը և կոչ անելով երկկողմ համագործակցության խորացմանը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Բանաձևն աջակցել են կոնգրեսականներ Գուս Բիլիրաքիսը և Ջեքի Շփեյերը, նախագահ Փիթեր Քինգը և Ադամ Շիֆը:

«Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Փալոնեին և նրա գործընկերներին այդ հեռանկարային օրենսդրության ընդունման համար, որն ուղղված է ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդմանը», -ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

«Այս միջոցը ինչպես արտացոլում, այնպես էլ ամրապնդում է ԱՄՆ և Հայաստանի միջև աճող ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի վրա, աջակցվող հայկական ծագումով ամերիկացիների ակտիվ քաղաքացիական մասնակցությամբ»:

Փալոնեի խոսքով՝ անցած տարվա ընթացքում Հայաստանը վերափոխվեց զանգվածային շարժման միջոցով, որը հանգեցրեց ոչ բռնի «թավշյա հեղափոխության» և ազատ և բաց ընտրությունների: «Այս նշանակալի իրադարձությունները վկայում են ժողովրդավարությանը հայ ժողովրդի հանձնառության մասին և ցույց տալիս, թե ինչու է ԱՄՆ-ի համար այդքան կարևոր խորացնել մեր փոխգործակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ», - ասել է կոնգրեսականը:

«Հայաստանը գտնվում է ծանր փուլում է, երբ ԱՄՆ աջակցությունը կարող է նպաստել ժողովրդավարական և քաղաքացիական հաստատությունների զարգացմանը: Հուսով եմ, որ այս բանաձևը կլինի ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության լայնածավալ ռազմավարական թարմացման սկիզբ՝ հիմնված մեր ընդհանուր շահերի և արժեքների վրա: Բացի այդ, ես կշարունակեմ աշխատել իմ գործընկերների հետ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի ուղղությամբ»:

«Հայաստանում վերջերս կայացած ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են տալիս ամրապնդել Հայաստանի հետ ԱՄՆ-ի կապերը, աջակցել ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական աճին, և Կոնգրեսը և վարչակազմը պետք է նախաձեռնող լինեն», - ասել է Ադամ Շիֆը:

«Ես ուրախ եմ աջակցել այս բանաձևին՝ ընդունելու համար Հայաստանի կողմից ձեռքբերված առաջընթացը և աջակցելու հայ ժողովրդի հնարավորությունների և իրավունքների ընդլայնման և երկկողմ հարաբերությունների խորացման գործում մասնակցությունը»: