Վերահսկիչ պալատում հայտնաբերվել են միլիարդավոր դրամների խախտումներ

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը և հայտնեց, որ 2018 թվականին միլիարդավոր դրամների խախտումներ են գրանցվել։

Սոցիալական ոլորտ

Յոլյանը նշեց, որ հետազոտություն անցկացնելու ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 15 մլրդ դրամի ռիսկեր կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարման մեխանիզմում։

«Պարզաբանեմ` օրինակ, երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակառուներին վճարվել է 619 մլն դրամ կանխիկ, իսկ 9 ամիս բացակայածներին` 4 մլրդ դրամ կանխիկ։ Ոչ լիազորված անձանց կենսաթոշակ վճարելը չափազանց ռիսկային է»,– ասաց նա։

Յոլյանն ավելացրեց, որ միևնույն անձի կողմից թաղման նպաստի ստացման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

«60 անձ ստացել է 86.9 մլն դրամի նպաստ, այդ թվում` 53.4 մլն դրամ ընդհանուր գումարի 448 թաղման նպաստ։ Նրանցից մեկ մարդ ստացել է 38.3 մլն դրամի 69 նպաստ է ստացել»,– ասաց նա։

Պալատի նախագահը հայտնեց, որ բացահայտվել է 2.3 մլրդ դրամ ընտանեկան նպաստւ ստացման ավելի քան 10 հազար դեպք տվյալ հասցեով չբնակվող ընտանիքների կողմից, կամ այն ընտանիքների, որոնց անդամները տնտեսական գործունեություն են իրականացնում և հարկային ու մաքսային վճարներ են կատարում։

Էներգետիկայի ոլորտ

Յոլյանը հայտնեց, որ խնդիրներ են արձանագրվել նաև էներգետիկ ոլորտում, մասնավորապես, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում թենդերների անցկացման, ինչպես նաև դրանց ֆինանսական մասի վարչարարության խնդիրներ են եղել, իսկ երկու դեպքերով նյութերն ուղղվել են Գլխավոր դատախազություն։

«Վճարվում են պայմանագրով չնախատեսված ավանսներ, չեն կատարվում պարտավորությունները։ Թենդերները հաճախ շահում են չափանիշներին չհամապատասխանող կազմակերպություններ»,– ասաց Յոլյանը։

Նա նշեց նաև, որ հաճախ խնդիրներ են առաջացել վարկային ծրագրերի հետ, և դոլարային համարժեքով բազմամիլիոնանոց ծրագրերի պահանջներն անտեսվել են։ Կորուստները կազմել են շուրջ 10 մլրդ դրամ։

Խնդիրներ ավիացիայում

Յոլյանը նաև նշեց, որ 2013 թվականից «Ավիացիոն ուսումնական կենտրոն» ՓԲԸ–ն ուսանող օդաչուների համար ուսումնական թռիչքներ ապահովելու նպատակով ամեն տարի վարձակալում է Diamond DA40 ինքնաթիռ։ Այդ ժամանակահատվածում օդանավի վարձակալության համար բյուջեից վճարվել է շուրջ 600 մլն դրամ, մինչդեռ այն վարձակալությամբ հանձնող անհատը 2013 թվականին այն ձեռք է բերել 86.2 մլն դրամով։

«Փաստորեն, ստացվում է, որ վարձակալության համար վճարած գումարը 7 անգամ գերազանցում է օդանավի արժեքը»,– ասաց նա։

Բացի այդ, Յոլյանը նշեց, որ Հայաստանում թռչող սարքերի գրանցումը, ինչպես նաև օգտվողի հավաստագրերի և թռիչքային պիտանելիության տրամադրումն իրականացվում է անվճար։

«Արտերկրում նմանատիպ գործառույթներն իրականացվում են էական վճարներով»,– ասաց նա։