ՋԵՍՍԻ ԲՈԳՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Օրերս The Jerusalem Post պարբերականը «Կարծիք» խորագրի ներքո հրապարկեց Ջեսսի Բոգների հոդվածը՝ «Հայաստանի հրեական խնդիրը» վերնագրով։ Հեղինակը շոշափում է քրիստոնյաների հակասեմիթիզմի թեման, որպես օրինակ բերելով Հայաստանը։ Հիմնվելով մեկ-երկու հետազոտությունների արդյունքների վրա, նա հայտարարում է, թե «հայ հասարակությունը համակարգային հակասեմիթիզմ է դրսևորում», նշելով նաև, որ «Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները մնում են ծայրաստիճան թերզարգացած»։ Եվ որպես հակառակ օրինակ ներկայացնում Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ, որտեղ, Բոգների խոսքերով, չկա «հակասեմիթիզմի պատմություն» և ընդհանրապես տիրում է «կրոնական հանդուրժողականության լայն իրավիճակ»։
Նախ՝ մի քանի խոսք հեղինակի մասին։ Համաձայն պարբերականի կայքի, սցենարիստ և լրագրող Ջեսսի Բոգները 30 տարեկան է։ Ծնվել ու ապրել է Նյու Յորքում, որտեղ վարել է «դեկադենտական կենսակերպ՝ թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումներով լեցուն»։ 2013 թվականին տեղափոխվել է Իսրայել՝ Կաբալան ուսումնասիրելու նպատակով։ Ահա այսպիսի պերճախոս տեղեկատվություն նախկին դեկադենտ, թմրամոլ ու հարբեցող Ջեսսիի մասին, որը նախկինում երբեք նկատված չի եղել հայկական թեմատիկայի նկատմամբ հետաքրքրության մեջ։ Թե ինչու հանկարծ նման շրջադարձ տեղի ունեցավ դեկադենտությունից ու Կաբալայից դեպի «Հայաստանում տիրող հակասեմիթիզմ», հեշտ է կռահել, եթե ծանոթանանք բուն հոդվածին։
Ցանկացած հարցում Հայաստանը Ադրբեջանին բացահայտ հակադրելու լոկ փաստը՝ հօգուտ վերջինիս, այն էլ համեմված ադրբեջանական քարոզչական թեզիսները սաստիկ հիշեցնող, մեղմ ասած, բավական վիճելի պնդումներով, թույլ է տալիս միանշանակ եզրահանգումներ անել։ Մանավանդ որ The Jerusalem Post-ը Բաքվի հստակ նշմարվող «ականջներով» հակահայկական բովանդակության հոդվածներ հրապարակում է բավական կանոնավորապես։ Կարելի է ենթադրել, որ Ջեսսի Բոգները նույնպես չի դիմացել ադրբեջանական տխրահռչակ ցանցն ընկնելու գայթակղությանը, ինչպես այն իտալացի քաղաքական գործիչը, որն այսօր Միլանում նստած է մեղադրյալի աթոռին և դատավճռի է սպասում Ալիևի ռեժիմի հետ կոռուպցիոն կապերի համար։
Դրա հետ մեկտեղ, հոդվածում բառացիորեն լիառատ են ինչպես մերկախոս ու ակնհայտ սուբյեկտիվ պնդումները, այնպես էլ այն փաստերի խեղաթյուրումը կամ կանխամտածված անտեսումը, որոնց վրա կցանկանայինք հրավիրել բուն հեղինակի և խմբագրության ուշադրությունը։ Եթե իհարկե նրանք շահագրգռված են իմանալ ճշմարտությունը, այլ ոչ թե միայն գիտակցաբար ջուր լցնել ադրբեջանական քարոզչության ջրաղացին։
Նախևառաջ՝ միջադեպի մասին, որ տեղի է ունեցել հունիսի սկզբին Երուսաղեմում և որը հեղինակը գնահատում է իբրև «Հայաստանում հակասեմիթիզմի ծաղկման ակներև դրսևորում» դարձած «հակասեմիթական ակցիա»։ Բոգները պնդում է, թե հայ եկեղեցու 60 ճեմարանականներ հարձակվել են երեք հրեաների վրա և ծեծել նրանց։ Մինդեռ կա այդ միջադեպի հայկական վարկածը, որը շատ ավելի համոզիչ է թվում, եթե հաշվի առնենք Երուսաղեմում Հայ Եկեղեցու ներկայացուցիչների վրա ուղղահավատ հրեաների հարձակումների կանոնավոր դեպքերը։
Ուրեմն ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունիսի 8-ին։ Ինչպես գրում է հայ անվանի լրագրող Պանդուխտը, Հին Երուսաղեմի հայկական թաղամաս են մտել հրեա երեք երիտասարդներ՝ շան հետ։ Նկատելով ճեմարանի սաների խմբին՝ դեկանի ղեկավարությամբ, նրանք սկսել են վիրավորել հայերին, թքել նրանց կողմը, իսկ հետո թոկից բաց թողել իրենց շանը, գետին տապալելով հոգևորականին։ Որից հետո հայ ճեմարանականների համբերությունը սպառվել է և ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում երկու կողմից վիրավորներ են եղել։
Հունիսի 20-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն է հրապարակել՝ «Հրեաները ատելության հողի վրա իրենց հանցագործություններով և թքումներով երբեք չեն դադարել հալածել հայ ճեմարանականներին և հոգևորականներին» վերնագրով։ Հաստատելով, որ ծեծկռտուքը սադրել է հրեա ուղղահավատների պահվածքը, Պատրիարքությունը նշել է. «Չնայած մեր բարի և քրիստոնեական վերաբերմունքին, մենք՝ հայերս ժամանակ առ ժամանակ հալածանքների զոհ ենք դառնում Երուսաղեմի Հայկական թաղամասում։ Բացի այդ, տեղեկատվության համար՝ մենք որպես օրինակ կարող ենք ներկայացնել հայ հոգևորականների և ճեմարանականների նկատմամբ հրեա կրոնական ծայրահեղականների անվայել պահվածքի և թքումների ևս հարյուրավոր դեպքեր, որոնց մասին հաղորդվել է ոստիկանությանը»։
Այժմ անցնենք Ջեսսի Բոգների այն պնդումներին, թե իբր՝ «կան բազմաթիվ վկայություններ, որ հայ հասարակությունը համակարգային հակասեմիթիզմ է դրսևորում»։ Ըստ որում նա վկայակոչում է Pew կենտրոնի անցած տարվա ուսումնասիրությունը, համաձայն որի՝ հայերի 32%-ը չի ցանկանում ճանաչել հրեաներին որպես իր համաքաղաքացիներ։ Նշենք, որ տվյալ հետազոտությունը Հայաստանում անկեղծ տարակուսանք և բավական բուռն արձագանք հարուցեց մամուլում ու սոցցանոցերում, ինչպես նաև՝ հիմնավորված կասկածներ դրա պատվիրված բնույթի վերաբերյալ։ Քանզի վերջին տարիներին մեր երկրում չի արձանագրվել ոչ մի դեպք, որը կհաստատեր հակասեմիթիզմի առկայությունը, այն էլ համակարգային։ Դրա ապացույց կարող են ծառայել նաև մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցները (ասենք, նաև այդ թեմային վերաբերող մյուս բոլոր միջազգային փաստաթղթերը), որտեղ իսպառ բացակայում է հիշատակումն այդ մասին։
Բոգների հաջորդ թեզիսը վերաբերում է «հայ-իսրայելական հարաբերությունների ծայրաստիճան թերզարգացածությանը՝ ի հակակշիռ Ադրբեջանի հետ Իսրայելի ամուր, ջերմ և բարեկամական հարաբերությունների»։ Նախևառաջ հաղորդենք փաստերի նկատմամբ ընտրողականության մեջ բարձրագույն պիլոտաժ ցուցաբերող հեղինակին, որ չնայած հարաբերությունների ողջ ջերմությանը, Բաքուն դիվանագիտական հարաբերությունների 27 տարիների ընթացքում այդպես էլ դեսպանություն չբացեց Իսրայելում (ի դեպ, Հայաստանը բազմիցս հայտարարել է ամենամոտ ժամանակներս դա անելու մտադրության մասին)։ Թե ինչու են Հայաստանի հետ հարաբերությունները «թերզարգացած», իսկ Ադրբեջանի հետ՝ առավել քան զարգացած, պատասխանը կարծես թե բխում է հենց հարցից, բայց մյուս կողմից՝ Բոգները կրկին անտեսում է նման իրավիճակի խորքային աստառը։ Ավելին, լրագրողն ու սցենարիստը չի խորշում ապատեղեկացնել ընթերցողին, հաղորդելով, թե իբր՝ «Հայաստանը փորձում է պետական մակարդակով այլափոխել Հոլոքոստի պատմությունը». կրկին առանց գեթ մեկ կոնկրետ օրինակի։
Մենք պրն. Բոգներին չենք տա այն հարցը, թե ինչպես են Իսրայելում պետական մակարդակով վերաբերվում հայերի Ցեղասպանությունը։ Քանի որ երկու ժողովուրդների ազգային հոգեկերտվածքի համար այդչափ ցավոտ ու կարևոր հարցը շահարկելը, իսկ առավելևս իրողությունները կոպիտ խեղաթյուրելը համարում ենք անթույլատրելի և անբարո։ Հայ ժողովրդի համար Հոլոքոստի զոհերի հիշատակը միշտ սուրբ է եղել, և դրա ապացույցներից մեկը Երևանում տեղադրված հուշարձանն է։ Միանգամից երկու ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիշատակը խորհրդանշող այդպիսի հուշարձան աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա, և ամեն տարի հունվարի 27-ին այդտեղ հավաքվում են հրեական համայնքն ու հայ հասարակայնության ներկայացուցիչները։ Իսկ այս տարի, ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հաղորդեց, որ թանգարանում ծրագրվում է ստեղծել Հոլոքոստին նվիրված ցուցադրանք։
Գիտի՞ արդյոք այս ամենի մասին Ջեսսի Բոգները, տեղյա՞կ է արդյոք, որ ոչ մի նման բան իր սիրելի Ադրբեջանում ամենևին չկա։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների տարբերությանը, ապա պատասխանը, ինչպես արդեն նշվեց, մասամբ բովանդակվում է հարցի մեջ։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը միշտ հրապարակավ ընդգծում է հայկական Արցախի հարցում իր բացարձակ համաձայնությունը Բաքվի դիրքորոշման հետ։ Եվս մեկ փաստ. Ադրբեջանը իսրայելական զենքի գնումների ծավալով երկրորդ երկիրն է աշխարհում, ընդ որում Իսրայելը բազմիցս դարձել է նաև տարանցիկ երկիր՝ զենք առաքելով Ադրբեջան այն երկրների ռազմարշավների համար, որտեղ արգելված է բախումնային տարածաշրջաններին զենք վաճառելը։ Դե, և ընդհանրապես, Իսրայելը բազմիցս տարբեր մակարդակներով ընդգծված աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Քավ լիցի, ամեն երկիր ինքն է ընտրում իր դաշնակիցներին, և այդ ընտրությունը նույնպես շատ բան է վկայում երկրի մասին։ Հայաստանը երբեք առանձնապես չի տառապել նման դրվածքից, թեև միշտ էլ ընդգծել է հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը։
Ընդ որում մի կողմ թողնենք պատմական բարդ վայրիվերումները, որոնք իրենց հետքն են թողել հայ-իսրայելական արդի հարաբերությունների վրա։ Կրկին հարց տանք Բոգներին. կարելի՞ է արդյոք ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նրա հետ, ով մշտապես ընդգծում է անվերապահ համերաշխությունը քո հակառակորդի հետ։ Եվ ինչո՞ւ է հեղինակը դրա մեջ տեսնում բացառապես և միայն Հայաստանի մեղքը։
Թեպետ, The Jerusalem Post-ի հրապարակած հոդվածի հեղինակին ուղղված հարցերն առավել քան շատ են։ Ներբողներ ձոնելով «աշխարհիկ» Ադրբեջանին, Բոգները դարձյալ ջանադրաբար շրջանցում է այդ երկրում հակասեմիթիզմի հետ կապված այն բազմաթիվ խնդիրները, որոնց օրինակները համացանցում լիառատ են։ Չանդրադառնալով 90-ականների սկզբին հրեաների հալածանքներին, երբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով սանձազերծվեցին հակահայկական ջարդերն ու ցեղասպանությունը, և տասնյակ հազարավոր հրեաներ ստիպված եղան փախչել «ինտերնացիոնալ» Բաքվից, բերենք թարմ օրինակներ։
Օրինակ՝ այն մասին, որ Իսրայելը վերջին բոլոր տարիներին պետական մակարդակով խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ բարեկամական Ադրբեջան այցելությունից։ Կամ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հիշողությունները Բաքվի բանտախցերում անցկացրած օրերի մասին. «Նրանք ինձ դեմքով ճանաչում էին, քանի որ ամեն օր իմ դեմքը ցույց էին տալիս ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներով, և սպառնալիքներ էին գոչում. «Ալլահ ակբա՛ր։ Կոկորդդ կկտրե՛նք։ Ջհուդի՛ մռութ»։ Ջեսսի Բոգներին դուր կգա՞ր, եթե իրեն անվանեին «ջհուդի մռութ»։ Թե՞ հասկանալի պատճառներով իրեն նման բան չի սպառնում Ադրբեջանում։
Իսկ ահա Ադրբեջանի հրեական համայնքի հայտնի անդամ Սեմյոն Իխիիլովի վկայությունը. «Ադրբեջանում լիովին արմատախիլ չեն արվել կենցաղային հակասեմիթիզմն ու քսենոֆոբիան, և հրեական համայնքների անդամները պարբերաբար բախվում են դրանց դրսևորումներին։ Ոմանք, չդիմանալով բացասական ճնշմանը, ցավոք, առհավետ լքում են Ադրբեջանը»։
Շարունակե՞նք, պրն. Բոգներ, թե՞ բավական է։ Կամ գուցե ձեզ դա՞ էլ չի հետաքրքրում։
Ասվածի խորապատկերին և նկատի առնելով, որ հեղինակը ոչ միայն պարզապես կրկնում է Բաքվի քարոզչական շիլան, այլև չի ուզում հաշվի նստել իրողությունների հետ, մի տեսակ ցանկություն չկա բացատրել լրագրողին ու սցենարիստին, թե ինչու է Հայ Առաքելական Եկեղեցին այդչափ պատասխանատու դեր կատարել և կատարում հայ ժողովրդի ճակատագրի ու պատմության մեջ, և ինչու է այդքան կարևոր ազգային եկեղեցու նրա կարգավիճակը։ Եթե Բոգները ցանկանում է համարել, որ դրա հետևանքով «Հայաստանը նույնպիսի, զուտ աշխարհիկ պետություն չէ, ինչպիսին Ադրբեջանն է», ապա թող մնա իր այդ, ինչպեսև բազմաթիվ այլ մոլորությունների մեջ։ Քանզի ասվածը բավական է՝ հասկանալու համար այդ «մոլորությունների» պատճառն ու դրանց բացահայտ արհեստական բնույթը։
Եվ եզրակացնելու, որ իրականում բացարձակապես չկա «Հայաստանի հրեական խնդիր». կա թմրամոլ ու հարբեցող Ջեսսի Բոգների խնդիրը, որը գլխովին մատնեց սեփական վարձվածությունը՝ փաստերի լիակատար անտեսումով և պատվերն ամեն գնով, նույնիսկ սեփական հեղինակության հաշվին կատարելու սևեռվածությամբ։
Վերջում ներկայացնենք տվյալ հոդվածի առնչությամբ մեկնաբանություններից մեկը. «Ես շատ անգամներ ճամփորդել եմ Հայաստանում և կապեր եմ պահպանում բազմաթիվ հայերի հետ, և այնտեղ ես երբեք չեմ զգացել հակասեմիթիզմի նույնիսկ թեթև ակնարկ։ Հակառակը, ինձ միշտ պատիվներով են ընդունել, երբ իմացել են, որ հրեա եմ։ Դա չի նշանակում, թե այնտեղ ընդհանրապես չկան նման բաներ, ինչպեսև բազմաթիվ այլ երկրներում, բայց հոդվածում ամեն ինչ ակնհայտորեն չափազանցված է։ Ես զգում եմ ադրբեջանական քարոզչության հոտը»։
Հ.Գ.- Չի կարելի չնշել նաև հետևյալը։ Անցած տարվա մարտից Իսրայելում Հայաստանի դեսպանը Արմեն Սմբատյանն է։ Նույնիսկ հաշվի առնելով այդ պաշտոնում աշխատանքի ողջ բարդությունը, ապշեցնում է արձագանքի իսպառ բացակայությունը իսրայելական ԶԼՄ-ներում, այդ թվում The Jerusalem Post-ում զետեղվող բազմաթիվ հակահայկական հրապարակումներին։ Թեպետ, հաշվի առնելով Սմբատյանի դիվանագիտական կարիերայի առանձնահատկությունները, զարմանալու հարկ չկա…