ՕՐԵՆՔ ՎԵԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵՍ ԱՍԵՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ
Լինելու է, թե՞ չի լինելու վեթինգի մասին օրենքը Հայաստանում։ Տվյալ հարցի պատասխանը ներկայիս իշխանությունը չունի։ Համենայն դեպս դրա ներկայացուցիչների շուրթերից վերջին կես ամսվա ընթացքում վիճակվեց լսել ամենատարբեր, հակասական հայտարարություններ։ Ընդ որում՝ այն աստիճան հակասական, որ այս ընթացքում մեթոդականորեն տպավորություն էր ստեղծվում. իշխանությունն ինքն էլ չգիտի՝ լինելու է արդյոք Հայաստանում վեթինգի մասին օրենք, թե՞ ոչ, ինչպես ասեն, այնպես էլ կլինի։
Այդպիսի ամենաթարմ օրինակը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միմյանց արմատապես հակասող հայտարարություններն են։ Առաջինը ասում է, թե վեթինգի մասին առանձին օրենք լինելու է, երկրորդը՝ թե չի լինելու։ Թեպետ, նախ ներկայացնենք վերջին մեկուկես ամսից էլ պակաս հատվածում այդ թեմայով արված հայտարարությունների ժամանակագրությունը։ Թող ընթերցողներն իրենք դատեն։
Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հորինեց» մեր իրականության համար նոր այդ հասկացությունը, դատարանների արգելափակման օրը՝ մայիսի 20-ին հայտարարելով դատավորների վեթինգի անհրաժեշտության մասին, իշխանության խմբակցության պատգամավորները սկսեցին ակտիվորեն ներդնել գաղափարը զանգվածների մեջ։ Թեև նրանց ճնշող մեծամասնությունը, համենայն դեպս առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, մեղմ ասած, բավական մշուշոտ պատկերացում ուներ այն մասին, թե ընդհանրապես ինչ բան է վեթինգը։
Այդ «նշանավոր» իրադարձության հաջորդ օրը «Իմ քայլը» փակ նիստ հրավիրեց և երեք ժամ տևած բուռն քննրկումներից հետո հենց նույն օրը՝ մայիսի 21-ին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց լրագրողներին, որ իրենք սկսելու են աշխատել վեթինգի մասին օրինագծի վրա։ «Վեթինգի մասին նախագիծ ունենալու որոշում է կայացվել: Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք »,- ասաց Մակունցը մայիսի 21-ին։
Իսկ արդեն մայիսի 29-ին, այսինքն հանգստյան օրերով ու տոներով հանդերձ՝ ընդամենը 8 օր անց պարզվեց, որ օրինագիծը գրեթե պատրաստ է։ Եվ Մակունցը ընդդիմադիր խմբակցություններին ու հասարակական կազմակերպություններին առաջարկեց ներկայացնել սեփական նկատառումներն ու դիտողությունները։ «Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» վեթինգի նախագծի մշակումը նախաձեռնել է դեռևս մի քանի ամիս առաջ։ Հիմա մենք գտնվում ենք ավարտական փուլում, և ես առաջարկում եմ խորհրդարանական ընդդիմությանը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, մեկ շաբաթում ներկայացնել գրավոր առաջարկներ այն մասին, թե ինչ նրանք կցանկանային ներառել այդ օրինագծում, ինչպես նաև նշել իրենց հուզող ասպեկտները։ Առաջարկս վերաբերում է նաև հասարակական կազմակերպություններին և կառույցներին, որոնք հետաքրքրված են այդ գործընթացով»,-հայտարարեց նա մայիսի 29-ին։
Այսինքն ընդամենը 8 օր տարբերությամբ Մակունցի արած հայտարարություններն արդեն հակասում են մեկը մյուսին։ Մերթ նա ասում է, թե «վեթինգի մասին նախագիծ ունենալու որոշում է կայացվել», մերթ «ինչպես հայտնի է, «Իմ քայլը» վեթինգի նախագծի մշակումը նախաձեռնել է դեռևս մի քանի ամիս առաջ»։ Ընդ որում դրանից հետո բարձրացած աղմուկից պարզվեց, որ բացի իշխանության խմբակցությունից, խորհրդարանում նրանց գործընկերներից ոչ մեկը այդ մասին տեղյակ չէր։ Ասենք, իմքայլականներն էլ դժվար թե կարող էին պարծենալ, թե գիտեին այդ մասին։ Ուստի կայուն տպավորություն ստեղծվեց, որ փաստաթուղթը (եթե այդպիսին գոյություն ունի), իմքայլականներին դեմ են տվել։
Այդ կասկածներն ուժգնացան նաև այն պատճառով, որ այդ ժամանակահատվածի ուղիղ կեսին՝ մայիսի 24-ին տեղի ունեցան խորհրդարանակն լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով, որտեղ որպես ծրագրի մեխ ներկայացվեց Նեպալի, Ինդոնեզիայի, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Քենիայի անցումային արդարադատության քաղաքականությունը մշակողների հետ համագործակցող, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզան։
Անցավ մոտ երկու շաբաթ։ Սակայն խորհրդարանական խմբակցություններն այդ ընթացքում պարբերաբար գանգատվում էին, որ ոչ մի փաստաթուղթ իրենք աչքի պոչով անգամ չեն տեսել։ Ուստիև, իբր, անհասկանալի է, թե ինչի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել, ինչի առնչությամբ նշումներ անել։ Իշխանության խմբակցությունը ոչ միայն չհրապարակեց վեթինգի կամ հայեցակարգի մասին թեկուզ անգամ հում նախագիծ, որպեսզի ընդդիմադիր գործընկերները կարողանան անել իրենց առաջարկություններն ու նշումները, այլև նույնիսկ չներկայացրեց նրանց անունները, ովքեր ընդգրկվել են փաստաթղթի մշակման աշխատանքային խմբում, որպեսզի ընդդիմադիր գործընկերները կարողանան համագործակցել նրանց հետ։
Այդպես էլ պատասխան չստանալով իշխանության խմբակցությունից, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը հունիսի 21-ին հրապարակեց դատավորների վեթինգի սեփական հայեցակարգը, որը հեղինակների մտահղացմամբ կարող է հենք դառնալ վեթինգի մասին օրենք մշակելիս։ Իմքայլականները ոչ մի կերպ չարձագանքեցին։ Անտեսեցին։
Փոխարենը՝ հունիսի 24-ին Լիլիթ Մակունցը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց, որ դատավորների վեթինգը իրականացնելու են Բարձրագույն դատական խորհուրդը և նորաստեղծ հանձնաժողովը՝ կոռուպցիայի կանխարգելման մարմինը, ընդգծելով, որ վեթինգի վերաբերյալ առանձին օրենք չի ընդունվելու։ «Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Հիմնական գործընթացը վեթինգի իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը։ Բայց կան հարցեր, որը իր լիազորությունների տիրույթից դուրս են, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը ենթադրաբար Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է »,-ասաց Մակունցը։ Նրա խոսքերով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը այդ ինստիտուտի ձևավորման սկիզբն է։
Հունիսի 25-ին ԱԺ-ում նույն այդ օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում, որի մասին խոսում էր Մակունցը, նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ վեթինգը մեր դեպքում չի ենթադրում առանձին օրինագիծ։ «Առանձին օրենքներում կարգավորումներով պետք է ձգտենք, հասնենք այդ նպատակին»,- ասաց նա։ Ի պատասխան ընդդիմության հակառակ փաստարկների, Միրզոյանը, առանց հիմնավորումների, հայտարարեց. «Վեթինգի համար նոր մարմնի և առավելևս առանձին օրենքի կարիք չկա։ Տարբեր օրենքներում ենթադրվող փոփոխությունները թույլ են տալիս լինել սահմանադրականության շրջանակներում, Եվրոպայի առջև մեր ստանձնած պարտավորությունների շրջանակներում»։ Այսինքն ստացվում է, որ մեկ ամիս առաջ՝ մայիսի 29-ին Մակունցն ասում էր, թե վեթինգի մասին օրինագիծն ավարտական փուլում է, իսկ արդեն հունիսի 24-25-ին Մակունցն ու Միրզոյանը միմյանց հետևից հայտարարում են, որ վեթինգի մասին առանձին օրինագիծ չի՛ լինելու։ Եվ որ իշխանությունը որոշել է սահմանափակվել առանձին օրենքներում շտկումներ մտցնելով։ Որոնցից առաջինները, ի դեպ, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հունիսի 25-ին։ Ավելի ճիշտ, իշխանության խմբակցությունը, հոգ չտանելով վեթինգի հարցում կոնսենսուսի անհրաժեշտության մասին, առաջ հրեց օրինագիծը, ճնշելով իր մեծամասնությամբ։
Եվ ահա այդ խորապատկերին արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը հունիսի 27-ին ճեպազրույցում հայտարարեց լրագրողներին, որ վեթինգի մասին առանձին օրենք… լինելու է։ Ճիշտ է, նա դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչ օրինագիծ է լինելու, քանի որ փաստաթուղթը ներկայումս մշակման փուլում է, սպասվում են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ։ Նրա խոսքերով, Արդարադատության նախարարությունը դեռ նոր է ձեռնամուխ լինում վեթինգի նկատմամբ հայեցակարգային մոտեցումների և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակմանը։
Այստեղ, թերևս, արժե նշել, որ առանց անցումային արդարադատության (որի գործիքը վեթինգն է) հայեցակարգային մոտեցումների քննարկման՝ վեթինգին վերաբերող օրենսդրական փոփոխություններ ընդունելու անթույլատրելիության մասին խոսում էր նաև ընդդիմությունը։ Բայց ինքը՝ նախագահը և իշխանության ողջ խմբակցությունը խուլ գտնվեցին առողջ քննադատության նկատմամբ և ընդունեցին Արարատ Միրզոյանի մտքի արգասիքը։ Այսինքն ընդունեցին, արդարադատության նախարարի բնորոշմամբ, օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են վեթինգի նկատմամբ առայժմ գոյութուն չունեցող հայեցակարգային մոտեցումներից։
Ավելին, ստացվում է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անտեղյակ է ոչ միայն այդ մասին, այլև որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Արարատ Միրզոյանի նախագծի վերաբերյալ, իսկ խորհրդարանում դա ներկայացրել է իր առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը։ Այժմ հարց՝ մտորելու համար. ինչո՞ւ են իշխանության խմբակցության ներկայացուցիչները և արդարադատության նախարարը հակասում իրենք իրենց և միմյանց։ Ինչո՞ւ այսչափ կարճ ժամանակահատվածում, մայիսի 21-ից մինչը հունիսի 27-ը, նրանք արեցին նման քանակության իրարամերժ հայտարարություններ։ Պատասխանը հոդվածի ամենասկզբում է…