Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի քննարկումների մասին

ԵԽԽՎ–ում Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելու հարցը դարձել է վերջին 12 տարիների ընթացքում ամենաերկար քննարկված հարցը, Sputnik Արմենիային ասաց պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ամառային նստաշրջանի հարցերից էր Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնել–չվերադարձնելու խնդիրը, որովհետև Մոսկվան արդեն մի քանի տարի զրկված է ձայնի իրավունքից։ Եվ ի նշան բողոքի` նրանք չէին մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին», – ասաց Զոհրաբյանը։

Ընթացել են բավական լուրջ և բուռն քննարկումներ։ Պատգամավորի խոսքով` ինքը 12 տարի ԵԽԽՎ–ում խորհրդարանական պատվիրակության անդամ է և չի հիշում, որ մի թեմայի շուրջ քննարկումները տևեին 10 ժամից ավելի։

«Մենք սկսեցինք քննարկումները հունիսի 24–ին ժամը 3–ին և ավարտեցինք հունիսի 25–ի գիշերը` 2–ի կողմերը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի համառությամբ էին Ուկրաինայի, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները պայքարում, որպեսզի Ռուսաստանը չվերադառնա», – ասաց Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի խոսքով` այս հարցում Երևանի դիրքորոշումը հստակ է եղել. Եվրոպայի խորհուրդը պետք է հավատարիմ լինի իր արժեքներին, և բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության հիման վրա։

Զուրաբյանը զրուցել է ուկրաինացի և վրացի գործընկերների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ ավելի ճիշտ կլինի, եթե Մոսկվայի հետ բոլոր հարցերը քննարկվեն ոչ թե միակողմանի հայտարարությունների մակարդակում, այլ Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում։

Կոնկրետ Հայաստանին այդ նստաշրջանի հարցերը չեն վերաբերվել, բայց եղել են հարցեր` կապված մարդու իրավունքների, Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

«Դուք գիտեք, որ Հայաստանն առաջիկայում նույնպես պետք է քննարկի Ստամբուլյան կոնվենցիան։ Եվ գիտեք, որ քաղաքական օղակներում այն ոչ միանշանակ է ընկալվում։ Նույնիսկ նույն ԵԽ–ն քննարկել է այդ հարցը. շատ երկրներ զգուշությամբ են մոտենում այդ կոնվենցիայի կիրառմանը», – ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այդ կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և գենդերային հավասարության խնդիրներին։

Ավելի վաղ ԵԽԽՎ–ն բանաձև էր ընդունել, որը թույլ է տալիս Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել ամառային նստաշրջանին։ Դրանից հետո ռուսական պատվիրակությունը հայտ էր ներկայացրել ԵԽԽՎ–ում իր լիազորությունները վերականգնելու համար, սակայն որոշ պատվիրակություններ վիճարկել էին դա։ Մասնավորապես, առաջարկվել է փոփոխություն մտցնել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերաբերյալ բանաձևի նախագծում, սակայն հունիսի 26–ին ԵԽԽՎ–ն մերժել է շտկումը։

Основная тема:
Теги: