ՌԴ Անվտանգության խորհուրդ․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ առանձին երկրներում «գունավոր հեղափոխություններ» է նախապատրաստում

ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ առանձին երկրներում «գունավոր հեղափոխություններ» է նախապատրաստում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

«Ցանկանում եմ նշել, որ երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մշտապես հակառուսական բաղադրիչ է ունեցել: Դա գործնականում բազմիցս հաստատվել է: ՆԱՏՕ-ի նպատակը ՀԱՊԿ գործընկերների միջև երկպառակտություն սերմանելն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությանը:

«Մենք քննարկելու շատ հարցեր ունենք: Դա և՛ ահաբեկչական սպառնալիքի մակարդակն է, և՛ անօրինական միգրացիան, և՛ ահաբեկչության դեմ պայքարը: Ընդ որում, ինչպես էլ դասավորվեն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները, պետք է հիշել, որ ՆԱՏՕ-ի հետ հակասությունները սկզբունքային բնույթ են կրում: Մեզ համար գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» միջոցով»,- նշել է Նուրգալիևը: