ՍՈՒՏԸ ԵԽԽՎ-Ի ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ. ԱԼԻԵՎԻՆ ՇՏԱՊ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՍԱՖԱՐՈՎ

Սրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը, չսահմանափակվելով պաշտոնական ամբիոնով, կազմակերպեց հատուկ միջոցառումներ։ Դրանցից մեկը նվիրված էր քարվաճառյան դիվերսանտներին, որոնք դատարանի սահմանած պատժաժամկետն են կրում Շուշիի բանտում։ Ըստ Բաքվի ԶԼՄ-ների, «միջոցառման ընթացքում տեղեկատվություն է ներկայացվել ադրբեջանցի պատանդներին անտանելի պայմաններում պահելու, նրանց կյանքին սպառնացող վտանգի, առողջական խնդիրների մասին»։ Նրանց ազատելու կոչով միջոցառման մասնակիցները դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Խորհրդարանական վեհաժողովին և մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։

Առանձնահատուկ նշենք, որ այդ գործում ակտիվություն է դրսևորում խավիարային դիվանագիտության հայտնի գործիչ, հենց նույն ԵԽԽՎ-ում իր կոռուպցիոն կապերով խայտառակված Սամեդ Սեյիդովը։ Հիշեցնենք, որ մարդասպանների և դիվերսանտների ներկայիս կատաղի պաշտպանը անցած տարի պատժամիջոցների ենթարկվեց վեհաժողովի կողմից, և Ալիևը նրան աչքից հեռացրեց, հանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավարի պաշտոնից։ Ահա և կաշվից դուրս է գալիս պատժված Սեյիդովը, որպեսզի արժանանա տիրոջ ներմանն ու ողորմածությանը, թեև ջանադիր կատարել էր հենց նրա հանձնարարությունները։

Ասենք, դիվերսանտներին արդարացնելու ուղղությամբ արշավն ու նրանց տուն վերադարձնելու փորձերը շարունակվում են արդեն գրեթե հինգ տարի. գործնականում 2014 թվականի հուլիսին նրանց ձերբակալման պահից ի վեր։ Արշավը նույնքան ստահոդ, նողկալի ու զազրելի է, որքան ժամանակին ռամիլսաֆարովյան խրախճանքն էր։ Եվ դրա նպատակն էլ նույնքան նողկալի է. ցանկացած միջոցներով վերադարձնել հայասպանին, որպեսզի նրանից հերոս սարքեն, փառաբանեն ու պարգևատրեն։ Եվ դրանով իսկ բավարարեն ամբոխի նսեմ բնազդներն ու բարձրացնեն հանցագործների հովանավոր Իլհամ Ալիևի վաղուց սնուցում պահանջող հեղինակությունը։ Ինչպես նաև ուղերձ հղեն ադրբեջանցի հավանական դիվերսանտներին ու մարդասպաններին, որ ինչպիսի ծանր հանցանք էլ նրանք գործեն, ժամանակի հետ կվերադարձվեն տուն ու կպարգևատրվեն։

Քարվաճառյան դիվերսանտների հանցագործութունների մասին շատ է գրվել, և դժվար թե արժե կրկնել։ Հիշեցնեմ նրանց արարքներից միայն ամենահրեշավորները. երկու հայերի, այդ թվում 17-ամյա դեռահաս Սմբատ Ցականյանի սպանությունը և մի կնոջ վիրավորելը։ Հենց այն հանցագործը, որի որդուն այսօր մարդասպանների ադրբեջանցի պաշտպանները ման են տալիս Եվրոպայով մեկ, փորձելով խաղալ խղճահարության զգացումի վրա, սառնարյուն, չդողացող ձեռքով ավտոմատի կրակահերթ արձակեց երեխայի վրա, որին դիվերսանտներն առևանգել էին, որպեսզի չմոլորվեին դժվարանցանելի լեռնային տարծքում։ Իսկ հետո նույնքան սառնարյուն, առանց երկար գլուխ դնելու, ձորն էին նետել մարմինը. այնտեղ, որտեղ նրան երբեք չէին գտնի, եթե երկրորդ դիվերսանտը անհերքելի փաստերի ճնշման տակ ցույց չտար տեղը։

Հայկական կողմն ունի կատարված հանցագործության բոլոր ապացույցները, և Ստեփանակերտում բաց և միջազգային իրավական բոլոր նորմերի պահպանումով կայացած դատավարության ընթացքում դրանք համոզիչ կերպով ներկայացվեցին։ Բացի ամենայնից, կա հենց մարդասպանի՝ Դիլհամ Ասկերովի նկարահանած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Սմբատը անտառով գնում իր առևանգիչների հետ։ Դիվերսանտների տեսախցիկում հայտնաբերվել են նաև քաղաքացիական ու ռազմական օբյեկտների բազմաթիվ կադրեր, որոնք ապացուցում են Արցախի տարածք նրանց ապօրինի ներթափանցման իրական նպատակը։ Այդ ամենը, հուսով ենք, կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը, ինչպես պնդում է Բաքուն, քննության է առել Ասկերովի հարազատների հայցը։

Մինչդեռ կան չափազանց հետաքրքիր տվյալներ հենց ադրբեջանական աղբյուրից՝ պաշտոնաթող զինվորական Զիյադին Իսայիլովի «Միայնակ մի գնա Քելբաջար, հայրիկ» լալկան վերնագրով, որի գլխավոր հերոսը հենց Դիլհամ Ասկերովն է։ Բացի ամենայնից, գրքում նկրագրվում են այսօրվա դիվերսանտի ռազմական «սխրանքները» պատերազմի տարիներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածք նրա առաջին ներթափանցումները արդեն դրա ավարտից հետո։ Գիրքն անհերքելիորեն վկայում է մեկ փաստի մասին. բացի 2014 թվականին կատարած հանցագործություններից, Ասկերովը նաև ռազմական հանցագործ է, որն աչքի է ընկել հայերի, այդ թվում խաղաղ բնակիչների սպանությամբ դեռևս 1991-1994 թվականներին։ Ավելին, Իսմայիլովը հաստատում է, որ իր հերոսը պրոֆեսիոնալ զինվորական է, որի ներթափանցումներն Արցախի տարածք հետապնդում էին ոչ թե «հարազատների գերեզմաններն այցելելու» նպատակը, ինչպես անպատկառ ստում են սեիդովները, այլ հենց լրտեսումն ու հայկական հանրապետությանն առավելագույն վնաս հասցնելը։

Ահա համապատասխան մեջբերումները։ «Առաջին այցը Քելբաջար» գլխում հեղինակը հաստատում է, որ Ասկերովը հատուկ պատրաստականություն անցած փորձառու հետախույզ է. «Դիլհամը ղեկավարել է 773 ռեյդային ջոկատի հետախուզական խումբը, որը ռազմական պատրաստականություն է անցել Բաքվի մոտակայքում, Գարաեյբատ ուսումնական կենտրոնում։ Այնուհետ գրքի հերոսն ինքն է հիշում իր նախկին «սխրանքները»։

«Ջոկատը Սուլեյմանլի գյուղի միջով հասավ անտառում գտնվող նախկին պիոներական ճամբար։ Այնտեղ սպասեցինք մինչև երեկո, հետո անցանք Հինթաղլար գյուղն ու շարժվեցինք դեպի Զիյարեթ սարը։ Հետախուզական խումբը տեղաշարժվում էր այնքան անաղմուկ, որ հայկական պահակետերն անցնելիս նույնիսկ շները մեզ չնկատեցին։ Ջոկատն ականապատեց Հադրութի ուղղությամբ ավտոճանապարհը։ Հետադարձ ճանապարհին ջոկատը բախվեց 5 հոգուց բաղկացած հայկական խմբին։ Հայ հեծյալների հետ փոխհրաձգությունը, որոնցից մեկը կին էր, կարճ տևեց, նրանք բոլորը զոհվեցին, մերոնցից երկու հոգի վիրավորվեցին։ Մի խոսքով, գործողությունը հաջող անցավ…»։

Հետաքրքիր է, քանի՞ այդպիսի «գործողութուն» է անցկացրել Ասկերովը, սպանելով հայերի, այդ թվում՝ կանանց։

Այնուհետ Իսմայիլովն անցնում է Ասկերովի և իր հանցակիցների կողմից Արցախի սահմանի ապօրինի հատումների նկարագրությանը, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1998 թվականին։ Այդտեղ նույնպես կա մի բավական ուշագրավ դրվագ։

«Հասան Բոյուրբին գյուղ, բարձրացան բլրին, զննեցին հեռադիտակով։ Դա նույնպես ամբողջովին հրկիզված ու թալանված էր։ Դիլհամը մի քանի լուսանկար արեց։ Նայելով հեռադիտակով, նա փեթակներ տեսավ ու մտածեց, որ իրենց գործերն այնքան էլ վատ չեն, այսինքն սոված չեն մնա։ Բայց եթե հանկարծ այնտեղ շատ մարդիկ լինեն, զենք. գուցե չարժե՞ ռիսկի դիմել։ Փեթակներից քիչ ներքև կապույտ գույնի վագոնիկ էր կանգնած։ Հետաքրքիր է, քանի՞ մարդ կա այնտեղ։ Դատելով վագոնիկի չափերից՝ երկու հոգուց ոչ ավելի։ Նրանք թաքնվեցին թփերում և սկսեցին հետևել վագոնիկին։

Հայ ծերունին շրջում էր փեթակների արանքում և հանկարծ ինչ-որ բան գոչեց վագոնիկի կողմը։ Այնտեղից մի երիտասարդ դուրս եկավ՝ տարան ձեռքին։ Ծերունին գրպանից հանեց դանակը, փեթակից դուրս բերեց մեղրամոմի շրջանակը, կտրեց և դրեց տարայի մեջ։ Դիլհամը պայուսակից բարակ պարան հանեց, բաժանեց երեք մասի և, տալով Գիդայաթին, ասաց. «Ձեռքերը կկապես, իսկ ես գնամ տեսնեմ, թե ուրիշ էլ ով կա, զինված են արդյոք։ Եթե հետս մի բան պատահի, գրպանումս Քյուրդյուի ծննդականն է (Քյուրդօղլուն ավագ որդին է) և փող։ Սեպտեմբերի 1-ին առաջին դասարան է գնալու, փողը վերցրել եմ, որ կոշիկ գնեմ նրա համար»։ Գիդայաթը պատասխանեց. «Չհամարձակվես այդպես ասել։ Ի՞նչ կարող են մեզ անել այդ հայերը»։

Դիլհամը սողեսող մոտեցավ վագոնիկին, այդ ժամանակ դրա տակից դուրս վազեց շունը և ծղրտան հաչոցով շարժվեց Դիլհամի վրա։ Ուշադրություն չդարձնելով նրա վրա, Դիլհամը ցատկեց վագոնիկի աստիճաններին ու ոտքի հարվածով բացեց դուռը։ Այնտեղ ոչ ոք չկար։ Նա ճարպկորեն շրջվեց ու հրացանն ուղղեց հայերի կողմը։ Նրնք շփոթվեցին։ Մոտ վազեց Գիդայաթը, կապեց նրանց ձեռքերը։ Դիլհամը Գիդայաթին ուղարկեց վագոնիկ՝ ուտելիք բերելու, և հրամայեց այնտեղ ոչինչ չավերել, իսկ ինքը անվտանգության նպատակով կապեց նրանց բերանը, քանի որ լեռների լռության մեջ խոսակցություններն արձագանքի պես լսվում էին հեռվից»։

Այնուհետ հաջորդում է երկու հայերի հարցաքննության նկարագրությունը, որի ընթացքում դիվերսանտները փորձում են պարզել, թե որտեղ են պահվում ադրբեջանական գերիները։ Երիտասարդ գյուղացուն հաջողվում է խաբել դիվերսանտներին և փախչել, իսկ ծերունի մեղվապահին Գիդայաթը սպանում է, ստանալով Ասկերովի խրախուսանքը. «Վրեժ լուծիր որդուդ համար, թող սիրտդ մի քիչ հանդարտվի»։

Ահա թե ինչով են զբաղվել դիվերսանտները, որոնք այսօր ներկայացվում են իբրև «հարազատների գերեզմանների կարոտից տառապող» և այդ նպատակով Արցախի սահմանը բազմիցս հատած դժբախտ պատանդներ։ «Անմեղ պատանդների» ինչի՞ն էր պետք տեսանկարահանում անցկացնել, նրանց ինչի՞ն էր պետք փաստացի գերեվարել հայ գյուղացիներին և տեղեկություններ կորզել նրանցից։ Մի՞թե «մոր գերեզմանին այցելելը» ենթադրում է նման գործողություններ։

Կրկնում եմ, սրանք մեջբերումներ են ադրբեջանցի հեղինակի գրքից, որի նպատակը Դիլհամ Ասկերովի հերոսացումն է։ Եվ նրա ներկայացրած վկայությունները լիովին բավական են՝ հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում պրոֆեսիոնալ հետխույզ, լրտես ու մարդասպան Դիլհամ Ասկերովը։ Որն այդչափ սրտահույզ հոգ է տանում իր որդու մասին, բայց անգթորեն և առանց վարանելու սպանում ուրիշի որդուն՝ անցանկալի վկա դարձած երեխային։ Եվ հիմա Ասկերովն իր տերերի կողմից ներկայացվում է իբրև անմեղ զոհ։

Նրա պաշտպանների, ինչպեսև ժամանակին Սաֆարովի պաշտպանների հայտարարություններում յուրաքանչյուր բառը անպատկառ սուտ է։ Դատապարտյալները բանտում օգտվում են բոլոր իրավունքներից՝ միջազգային կոնվենցիաների շրջանակներում. նրանց կանոնավորապես այցելում են Կարմիր խաչի ներկայացուցիչները, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, նրանք նույնիսկ հնարավորություն ունեն շփվել հարազատների հետ Սքայփ ծրագրի միջոցով։ Իսկ այ Սմբատ Ցականյանի ծնողներն առ այսօր տանջվում են իրենց տղայի կարոտից, որն ապրեց ընդամենը 17 տարի և դարձավ դաժան մարդասպանի ու իր հանցակիցների զոհը։

Դատելով մամուլի հրապարակումներից, հայկական պատվիրակության անդամները փորձեր են ձեռնարկել կասեցնելու ադրբեջանական պատվիրակության կողմից տիրաժավորվող սուտն ու սադրանքները։ Սակայն այդ հարցում պետք է զգոն լինել ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև ՄԻԵԴ-ում, որտեղ Ադրբեջանը հուսահատ ջանքեր է գործադրում, որպեսզի հասնի իրեն անհրաժեշտ որոշմանը։

Արցախի և Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են քարվաճառյան դիվերսանտներին վերադարձնելու անթույլատրելիության մասին, ընդգծելով, որ խոսքը հանցագործների մասին է, որոնց հանդեպ կիրառելի չեն միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Իսկ նրանց, ովքեր այս կամ այն ձևով պայքարում են Ասկերովի և Գուլիևի արտահանձնման համար, խորհուրդ կտանք ծանոթանալ և՛ վերոնշյալ գրքին, և՛ դիվերսանտների տեսախցիկում հայտնաբերված կադրերին, և՛ դատավարության ընթացքում նրանց տված ցուցմունքներին։ Ինչպես նաև՝ գնալ Արցախի Նոր Էրքեջ գյուղ և ուժ գտնել նայելու Սմբատ Ցականյանի ծնողների աչքերին։