ԱՐՑԱԽԻ ՃԵՐՄԱԿ ՔԱՂԱՔԸ

Արցախի պատմական միջավայրի պահպանության պետծառայության ղեկավար Արմինե Հայրապետյանի հետ մենք Տիգրանակերտի պեղումների վայր եկանք, երբ իրիկնանում էր։ Տեղադրված լինելով բլրի ստորոտին, որտեղ ինչ-որ ժամանակ կանգնած է եղել Տիգրանակերտը, ճերմակ ամրոցը հիանալի է պահպանվել։

 БЕЛЫЙ ГОРОД АРЦАХА

Ասենք, հայկական պատմական չափանիշներով այդ ամրոցը բոլորովին երիտասարդ է՝ ընդամենը XVIII դարի շինություն։ Այժմ այնտեղ տեղավորվել է Հնագիտական թանգարանը, որի ցուցադրանքում մեզ հանդիպում էր սպասում գտածոների հետ, որոնց պատմությունը հաշվարկվում է հազարամյակներով։ Ցուցանմուշներից մեկը՝ հիասքանչ, կտոր-կտոր սոսնձած սև-սպիտակ անոթը, վկայում է մեր հեռավոր նախնիների անբասիր ճաշակի և բարձր վարպետության մասին։

Ակամայից հարց է ծագում. արդյոք մարդիկ դարձե՞լ են ավելի լավը, ավելի բարի ու կատարյալ ժամանակի այդ ահռելի հատվածում։ Այո, նրանք շատ բան են սովորել, ավելի շատ բան իմացել շրջապատող աշխարհի մասին, բայց թերևս հենց դա էլ միակ, եթե խիստ դատենք՝ համեստ արդյունքն է։ Չէ՞ որ ոչ հեռվում սահմանն է, որտեղ, հնարավոր է, երբեք չի տիրի անդորր ու խաղաղություն, որտեղ զենքի ուժն ու դաժանությունը գոտեմարտի են բռնվում իրենց հողը ցանկացած գնով պաշտպանելու մեր զինվորների արիության և անկոտրում կամքի հետ։

Երկար տարիներ շարունակ այս վայրերում գտնում էին մետաղադրամներ, մարմարե անոթներ և հնամենի այլ առարկաներ, որոնք վկայում էին, թե մոտակայքում ինչ-որ տեղ գոյություն է ունեցել հինավուրց բնակավայր։ Եվ վերջապես 2005 թվականին հայտնաբերվեց մինչև մեր օրեր հասած պատմական փաստաթղթերում հիշատակվող Տիգրանակերտ քաղաքը, նույնանուն հինգ քաղաքներից մեկը, որը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Քաղաքը հիմնել է Տիգրան II արքան մ.թ.ա. I դարում։ Այսօր Արցախում դա զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելվող վայրերից մեկն է։

Պեղումների ընթացքում, որոնք արդեն երկար տարիներ ղեկավարում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, հայտնաբերվել են բացառիկ գտածոներ, ձեռք է բերվել մեծածավալ տեղեկատվություն, որն էականորեն համալրել է պատկերացումներն Արցախի անցյալի մասին։ Կարևոր գտածոների թվում են բացառիկ աճյունասափորները, երբեմն՝ որսի տեսարանների պատկերով։ Այդպիսի ցուցանմուշներից մեկը ներկայացված է Տիգրանակերտի թանգարանում։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում բազիլիկ եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերված վաղ քրիստոնեական դամբարանը՝ համանման Ամարասի եկեղեցու դամբարանին, որտեղ վերջին հանգրվանն է գտել Սուրբ նահատակ Գրիգորիսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան աճյունը։ Հայտանբերվել են բազմաթիվ զարդեր, աշխատանքի գործիքներ, մետաղադրամներ, խեցեգործական իրեր և այլն։ Տիգրանակերտը, որը երբեք մայրաքաղաք չի եղել, այդուհանդերձ հանդիսացել է առևտրական կարևոր կենտրոն, հզոր բերդաքաղաք, կառուցված ամբողջական նախագծով, ինչը վկայում է հին Արցախի բարձր մշակույթի մասին։ Տեղի շինարարները հայտնի էին զարմանալի վարպետությամբ և կարողանում էին ինժեներական հետաքրքիր լուծումներ գտնել։ Քաղաքի տարածքում հայտնաբերվել են նաև վարչական շենքեր, ինչպես նաև վաղ քրիստոնեական շրջանի երկու եկեղեցի։ Սպիտակ կրաքարից կառուցված քաղաքը թաղված է եղել կանաչի մեջ։ Ամռանն այստեղ շոգ է, այդ պատճառով էլ, պահպանելով վաղեմի ավանդույթները, վերջին տարիներին դենդրոպարկ են հիմնել։ Բայց միջոցները, ցավոք, սահմանափակ են, այգեպանի հաստիք նախատեսված չէ, ուստի դենդրոպարկի ապագան բավական մշուշոտ է։

Արցախի կառավարության որոշմամբ 2008 թվականին Տիգրանակերտը հայտարարվել է պետական արգելոց։ Արցախի պատմամշակութային արգելոցների կարգավիճակ ունեն նաև Ազոխի քարանձավը, Հունոտի կիրճը, Տողի Մելիքական ապարանքը, Տյաք գյուղը։

Պատմական միջավայրի պահպանության պետծառայությունը շատ աշխատանք ունի անելու։ Չճանաչված հանրապետության բոլորովին ոչ մեծ տարածքում գտնվող պատմական և մշակութային հուշարձանների թիվը մոտենում է 5000-ի։ Եվ դա, իհարկե բնավ ամենը չէ։ Ժամանակ առ ժամանակ հնագետները և պարզապես տեղի բնակիչները անտառներում հայտնաբերում են մոռացված հին եկեղեցիներ, խաչքարեր, հայերեն մակագրություններով տապանաքարեր. անառարկելի վկայություններն այն բանի, որ այստեղ դարեր ի վեր ապրել են հայերը, որ սա բուն հայկական հող է։ Առայժմ դեռ լավ չեն ուսումնասիրված Արցախի Մարտակերտի և որոշ այլ շրջաններ, ժամանակին արհեստականորեն բնակեցված թուրքերով, որոնք, հասկանալի պատճառներով, ամենևին շահագրգռված չէին հնագիտական պեղումներ անցկացնել այնտեղ։ Բայց այդ տարածքները, անկասկած, դեռ բազմաթիվ անգին գտածոներ են թաքցնում։ Այո, այստեղ պահպանվել են նաև եկվոր ժողովուրդների ներկայության նյութական վկայություններ, բայց Արցախի հայկական հուշարձանների թիվն այնքան մեծ է և այն աստիճան է գերազանցում մնացած բոլորին, որ եթե քաղաքականությունը հիմնվեր արդարության, պատմական ու հնագիտական օբյեկտիվ տվյալների վրա, ապա այն հարցը, թե ում է պատկանում այդ սքանչելի և օրհնյալ երկիրը, ընդհանրապես չէր քննարկվի։

БЕЛЫЙ ГОРОД АРЦАХА

Պեղումների կազմակերպմամբ զբաղվում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետծառայությունը, բայց հնագիտական հետազոտություններն անցկացնում են հայաստանցի մասնագետները։ Արցախն առայժմ սեփական կադրերի պակաս ունի։ Իսկ հնագետների համար աշխատանքն այստեղ անվերջանալի է, և յուրաքանչյուր գիտարշավ կարող է զարմանալի գտածոներ պարգևել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ողջ աշխարհի գիտնականների համար։

-Արտասահմանցի բազմաթիվ հնագետներ հաճույքով կմասնակցեին պեղումներին Արցախում, բայց բնավ ոչ բոլորն են համաձայն հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում,- ասում է Արմինե Հայրապետյանը։- Ծավալուն հետազոտությունների անցկացումը դժվարանում է նաև միջոցների պակասի պատճառով։ Եվ չնայած Արցախի կառավարությունը առավելագույնս նպաստում է հնագիտական գիտարշավների անցկացմանը, աշխատանքների անհրաժեշտ ողջ ծավալի համար միջոցները չեն բավականացնում։ Շնորհակալություն ծնունդով արցախցի ունևոր մարդկանց, որոնք ապրելով այլ երկրներում, նույնպես ժամանակ առ ժամանակ ֆինանսավորում են հնագիտական ուսումնասիրություններն ու հուշարձանների վերանորոգումը։ Դրա հիանալի օրինակն է Դադիվանքը։ Իսկ գործնականում ցանկացած, նույնիսկ ոչ մեծ գիտարշավը բերում է նոր հետաքրքիր գտածոներ։ Այսպես, Նոր Հայկաջուր գյուղի գերեզմանաբլուրներից մեկում հայտնաբերվեցին բացառիկ դամբարան և բազմաթիվ հինավուրց գտածոներ. կավե անոթներ, զարդեր, զենք, կենդանիների ոսկորներ, որոնց զոհաբերել են հուղարկավորության ծեսի ժամանակ։ Դա մեր թվարկությունից առաջ IX-VIII դարերում ապրած ազնվազարմ մարդու դամբարան է։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտության ինստիտուտում ուսումնասիրում են հայտնաբերված գտածոները, որոնք հետո կվերադարձվեն Արցախ։ Նոր Հայկաջուր գյուղի մյուս դամբանաթմբերի պեղումները նույնպես, անկասկած, կտան բազմաթիվ հետաքրքիր գտածոներ, բայց միջոցների բացակայությունն արգելակում է հետագա աշխատանքների անցկացումն այդ տարածքում։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ պատկերագիր քարակոթողները, որոնք ունեն իրենց տարբերիչ հատկանիշները և, հավանաբար, հին Արցախի մարգագետնային-տափաստանային գոտու որոշակի մշակութային առանձնահատկությունն են։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. VIII հազարամյակով։ Այդ քարակոթողների որոշ առանձնահատկություններ, հատկապես ձեռքերի դիրքը պակերագրերում, վկայում են այն մասին, որ դրանք կատարել են պաշտպանական-ծիսական գործառույթ։ Ընդ որում մի տեղում հայտնաբերվել է այդ քարակոթողների մեծ կուտակում։

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ վերջին տարիներին շատ է փոխվել մարդկանց վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ։ Դպրոցականներն ու տարբեր հաստատությունների աշխատակիցները հաճույքով մասնակցում են շաբաթօրյակներին, մաքրում այն տարծքները, որտեղ գտնվում են հուշարձանները, և հաճախ հայտնաբերում նոր գտածոներ. խեցեգործական իրեր, զենք, զարդեղեն, ինչպես նաև տապանաքարեր և հին շինությունների փլատակներ։ Արցախի պատմական և մշակութային անցյալը անգին նյութ է հետազոտությունների համար,- ասում է Արմինե Հայրապետյանը։

 Մենք հեռանում ենք Տիգրանակերտից մթնշաղին։ Հեռավոր անցյալի հետ հանդիպումը մտքեր է ծնում ապագայի մասին։ Ուզում ես հավատալ, որ պատմությունն արդար է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և այս հինավուրց ու հիասքանչ հողի վրա, որի համար այդքան արյուն է հեղվել, վերջապես կտիրեն խաղաղությունն ու անդորրը, վեր կբարձրանան նոր ճերմակ քաղաքներ, որտեղ կապրեն երջանիկ մարդիկ։

 

Основная тема:
Теги: