Երվանդ ԲՈԶՈՅԱՆ. «ԲՈԼԹՈՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման մեջ, միջազգային դիտորդների կարծիքով, ամենամեծ լուման է դրել ԱՄՆ ներկայիս նախագահի գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնը: Հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է թողնում այս պաշտոնում գործող անձը այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, բերենք ընդամենը Զբիգնև Բժեզինսկու օրինակը, որի գործունեությունը մեծ ազդեցություն թողեց ԽՍՀՄ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման վրա: Շատ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ում երբեմն այս պաշտոնում գործող անձը նույնիսկ կարող է ավելի ազդեցիկ լինել, քան այդ երկրի պետքարտուղարի պաշտոնում եղած գործիչը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախ փորձենք հասկանալ, թե ով է իրականում Ջոն Բոլթոնը և ինչ ծրագրեր ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի այլ երկրների հետ կապված:
Ո՞վ է Ջոն Բոլթոնը
Բոլթոնը ծնվել է 1948 թվականին ամերիկյան Բոլթիմոր քաղաքում, 1972–ին ավարտել է հեղինակավոր Ելի համալսարանը, իսկ 1974–ին՝ նույն համալսարանի իրավունքի դպրոցը: Հասկանալու համար, թե ինչպես են ձևավորվել նրա հայացքները, բերենք ընդամենը մեկ օրինակ: Երբ 60-ական թվականներին ամերիկյան երիտասարդության մեջ տարածված էին հակապատերազմական տրամադրությունները՝ կապված վիետնամական պատերազմի հետ, Բոլթոնը հայտնվել էր այն փոքրաթիվ երիտասարդների շարքում, ովքեր պատերազմի կողմնակիցներն էին: Ավելին՝ երիտասարդ Բոլթոնը նույնիսկ խելագար սենատոր Գոլդուոթերի աջակիցն էր, ով այն ժամանակ կոչ էր անում ռմբակոծել ԽՍՀՄ-ը՝ օգտագործելով միջուկային ռումբը:
Հետագայում այդ հայացքները դարձան նրա գործունեության ուղենիշը: Նա տանել չէր կարողանում լիբերալ հայացքներ ունեցող գործիչներին: Հետագայում նա աշխատել է Ռեյգանի ու Բուշի վարչակազմերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլոր ժամանակներում էլ նա համարվում էր «վարչակազմի ամենածայրահեղ գործիչը»՝ կապված արտաքին քաղաքականության տարբեր խնդիրներում իր որդեգրած դիրքորոշման հետ:
Բոլթոնը ՄԱԿ-ը միշտ համարել է «հնամաշ կառույց», որտեղ ոչ մի լուրջ հարց չի կարող լուծել ԱՄՆ-ը:
Բոլթոնը միշտ համարել է, որ Իրանի, Կուբայի և Հյուսիսային Կորեայի հետ «որևէ երկխոսություն հնարավոր չէ անցկացնել, քանզի նրանք ԱՄՆ–ի թշնամիներն են ի սկզբանե»: Բոլթոնի կարծիքով այդ երկրների հարցը պիտի լուծվի բացառապես ռազմական ճանապարհով. նա որևէ այլ լուծման տարբերակ չէր տեսնում ի սկզբանե:
Ավելին՝ նա կործանարար էր համարում ցանկացած «մեղմ» մոտեցման գործելաոճ այդ երկրների նկատմամբ: Ռուսաստանին և նրա դաշնակիցներին նա համարում է «Չարի առանցքի երկրորդ շերտը, որը նույնպես պետք է վերացնել ցանկացած գնով»:
Այս երկրների հետ երկխոսությունը նա համարում է «մարտավարական մանևր», որի արդյունքում պետք է հնարավորինս «թուլացնել նրանց և բթացնել նրանց զգոնությունը»:
Իրանի հետ, այսպես կոչված, «միջուկային գործարքը» նա համարում էր «կատաստրոֆա Արևմուտքի համար», որից օր առաջ պետք է «ազատվել»:
2010 թվականին Բոլթոնն իր մի շարք գործիչների հետ հիմնել է «Իսրայելի ընկերների նախաձեռնություն» միջազգային կառույցը, որի գլխավոր նպատակն էր հռչակվել «ամենուրեք հետապնդել Իսրայելի շահերը», քանզի, ըստ Բոլթոնի, ներկայիս արևմտյան կառույցները պատշաճ մակարդակով «չեն գիտակցում Իսրայելի նկատմամբ սպառնալիքներն Իրանի կողմից»:
Այդ իմաստով Բոլթոնն ԱՄՆ–ում համարվում է Իրանի ամենահետևողական քննադատներից մեկը, ով նույնիսկ պաշտպանում է Իրանի մասնատման ծրագրերը: Իսկ որ այդպիսի ծրագրեր կան, փաստում է այն բազմաթիվ կենտրոնների գոյությունը, որոնք գործում են ԱՄՆ–ում:
Իսկ հիմա փորձենք դիտարկել Բոլթոնի այն ծրագրերը, որոնք կապված են մեր տարածաշրջանի երկրների հետ:
Թուրքիան ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում
Բոլթոնի կարծիքով «Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Նա միշտ հիացած է եղել Թուրքիայով և միակ «խնդիրը» համարել է Էրդողանի գոյությունը այդ երկրի քաղաքական թատերաբեմում, ում, ըստ Բոլթոնի, «վաղ թե ուշ պետք է հեռացնել իշխանությունից»:
Բոլթոնը միշտ համարել է, որ «ԱՄՆ–ը պետք է հիմնվի ուժեղ դաշնակիցների վրա», իսկ թույլերը ամերիկացիներին օգուտ չեն տա: Այդ իմաստով Բոլթոնը համարվել է ԱՄՆ–ի ամենաթուրքամետ գործիչներից մեկը: Ավելին, եթե իր նախորդը՝ Ֆլինը, համարվում էր նույնպես «թուրքամետ», սակայն գաղափարապես այդպիսին չէր, քանզի Թուրքիայի լոբբինգով էր զբաղված շահադիտական նպատակներով, ինչը ապացուցված էր, և դրա պատճառով էլ, նաև, ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, ապա Բոլթոնը «թուրքամետ է» իր կենսագրությամբ և գաղափարական հայացքներով: Քանզի «Թուրքական աշխարհի» ձևավորման միջոցով նա տեսնում է հնարավորություն՝ կազմալուծել միաժամանակ Իրանը, իսկ հետագայում՝ նաև Ռուսաստանը:
Բոլթոնի ծրագրերը Ադրբեջանի վերաբերյալ
Ըստ Բոլթոնի՝ Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է Անդրկովկասում: Բայց, միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ներկայիս Իրանի զգալի մասը կազմում են ադրբեջանցիները, Իրանի կազմաքանդման հարցում չափազանց մեծ է լինելու Բաքվի գործոնը:
Այդ իսկ պատճառով, ըստ Բոլթոնի, Ադրբեջանը ԱՄՆ-ի պոտենցիալ ռազմավարական դաշնակիցներից մեկը կարելի է համարել: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այդ երկիրն ամրապնդվի և հզորանա:
Իսրայելի կողմից զենքի մատակարարումներն Ադրբեջանին հենց այդ ուղենիշի մեջ պետք է դիտարկել: Ըստ Բոլթոնի՝ երեք գործոն կա, որ խանգարում է Ադրբեջանի հզորացմանը՝ Մոսկվան, Թեհրանը և Երևանը: Այս երեքին էլ Ադրբեջանի հզորացումը շահավետ չէ: Եվ պետք է ամեն ինչ անել՝ «չեզոքացնելու» այդ խոչընդոտները:
Բոլթոնի ծրագրերը Վրաստանի վերաբերյալ
Բոլթոնի ծրագրերում Վրաստանի դերը Ռուսաստանի հանդեպ հարավային պատնեշներից մեկը պիտի հանդիսանա: Ինչը և այդ երկիրը, որպես իր առաքելություն, մինչ այսօր կատարում է:
Ըստ Բոլթոնի՝ պետք է վերահսկել այդ երկրի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ողջ վերանախավին և թույլ չտալ, որ այդ երկիրը «չափից դուրս շատ» բարելավի իր հարաբերությունները Մոսկվայի հետ:
Վերջին իրադարձությունները Վրաստանում պրոֆիլակտիկ դեր կատարեցին վրացիների մոտ ռուսների հանդեպ «վատ հիշողությունը արթնացնելու» համար:
Բացի այդ, ըստ Բոլթոնի, վրացական վերնախավը այնքան կախված պիտի լինի Վաշինգտոնից, որ ցանկացած պահի իր համաձայնությունը տա իր երկրի օդակայանները օգտագործելու համար՝ Իրանին օդային հարվածներ հասցնելու նպատակով:
Բոլթոնի ծրագրերը Հայաստանի վերաբերյալ
Այս տարածաշրջանում Բոլթոնը տեսնում է որպես հեռանկար բացառապես «ուժեղ Ադրբեջան և ուժեղ Թուրքիա» զույգին: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Բոլթոնի, հայերը «պետք է վերանայեն իրենց պատմական կարծրատիպերը՝ հարմարեցնելով դրանք Բոլթոնի տեսակետներին»: Ինչը ենթադրում է հետևյալ քայլերը:
Առաջին
Հայաստանը պետք է փակի իր սահմանները Իրանի հետ: Լավագույն դեպքում հայերը կարող են նաև փոխանակել Մեղրիի շրջանը Ղարաբաղի մի մասի հետ այնպես, որ դրան համաձայն լինեն Ադրբեջանն ու Թուրքիան:
Երկրորդ
Եթե Մեղրիի տարբերակը չի գործելու, ապա հայկական կողմը պիտի համակերպվի ադրբեջանցիների և թուրքերի շահերի հետ, հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես: Հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի Հայաստանի գոյությունը: Իսկ Իրանի մասնատման գործում կարևոր է, որ տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղ դիրքեր ունենան:
Երրորդ
Հայերը պիտի դուրս գան ռուսական ազդեցությունից և համակերպվեն Թուրքիայի ազդեցության հետ, քանզի տարածաշրջանում այլ հզոր երկիր գոյություն չունի: Այդ իսկ պատճառով նա առաջարկում է հայերին օր առաջ «հրաժարվել հնացած կարծրատիպերց թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ»:
Չորրորդ
Բոլթոնյան շրջանակների կարծիքով հայաստանյան հանրային կարծիքը փոխելու համար անհրաժեշտ է աջակցել Փաշինյանին, չեզոքացնել ղարաբաղյան շրջանակներին, վարկաբեկել բանակը՝ այն կազմաքանդելու հեռանկարով: Բացի այդ, ի օգնություն Փաշինյանին, այս շրջանակները ձևավորել են Հայաստանում քաղաքագետների, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, կուսակցականների, լրատվամիջոցների մի մեծ ցանց, որը պիտի «օգնի» իշխանություններին «փոխել հանրության մեջ հին կարծրատիպերը»:
Պետք է նշել, որ Բոլթոնի ծրագրերը Հայաստանում դժվար իրականանալի են, քանզի այդ ծրագրերի հակասումը Հայաստանի ազգային-պետական շահերին շատ ցցուն է: Բացի այդ, Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի, չունի այլընտրանքի լյուֆտ՝ փոխելով իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ սահմանափակվի միայն Ղարաբաղի կորստով:
Եթե Վրաստանի համար Ռուսաստանից տարանջատվելու գինը եղավ Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորուստը, ապա Հայաստանի պարագայում մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղն ու Սյունիքը, այլև պետականությունն ընդանրապես: Մանավանդ որ հարևան Ադրբեջանում այսօր ավելի բարձր են խոսում, որ պատրաստվում են գրավել նաև ողջ Հայաստանը:
Հայաստանի պատմության մեջ միշտ գտնվել են փոքրաթիվ ավանտյուրիստներ, որոնց պատճառով մենք թե՛ տարածքային, թե՛ պետականության մեծ կորուստներ ենք ունեցել: Գոնե 21–րդ դարում, երբ ամեն ինչ ավելի տեսանելի է, մենք իրավունք չունենք թույլ տալ նմանատիպ սխալներ:
Պատրաստեց՝ Արևիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ