ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ ՄԵԿ ԳԼԽԻ ՆԵՐՍՈՒՄ
Թերևս որքա՜ն բնորոշ է դա ներկայիս իշխանությանը. սկզբում տապալել սեփական թեկնածուին, իսկ հետո փորձել պատահածի մեղքը գցել ընդդիմախոսի վրա։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու առաջարկված Աննա ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մասին է, որին խորհրդարանը չընտրեց այդ պաշտոնում։ Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունը, այն բանից հետո, երբ անլրջության մեղադրանքների տարափ տեղաց ինչպես առհասարակ ներկայիս խորհրդարանի, այնպես էլ մասնավորապես իշխանական խմբակցության վրա, փորձելով պահպանել դեմքը, Մարգարյանի ձախողման մեջ մեղադրում է… ընդդիմությանը։
Ֆեյսբուքի էջերում շատերը վրդովմունք արտահայտեցին։ Մասնավորապես, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրեց, որ մենք երբևէ չենք ունեցել նման անլուրջ խորհրդարան, և իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ այլևս չպետք է համաձայնի առաջադրվել Ազգային ժողովի կողմից հաստատման ենթակա այս կամ այն պաշտոնում։
Աննա Մարգարյանն, ի դեպ, արդեն հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին, որ այլևս չի համաձայնի դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու։ Ի տարբերություն այն պարոնի, որը համառորեն փորձում էր ցանկացած ճանապարհով ընկնել ՀՀ Սահմանադրական դատարան և որը թեկնածուի կարգավիճակն ընդունեց նախագահի ձեռքից (որի լեգիտիմությունն ինքը հրապարակավ ժխտում էր) և արդյունքում ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ, Աննա Մարգարյանն աննպատակահարմար է համարում նորից խորհրդարանին ներկայանալ որպես նույն այդ պաշտոնի հավակնորդ։ Աննպատակահարմար է համարում, որովհետև ԱԺ-ում, իր խոսքերով, գտնվում են նրանք, ովքեր ներկայացնում են հասարակայնության կարծիքը, և նրանք արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ մերժել են։ Մարգարյանը հրաժարվեց, երբ նրա չընտրվելու օրը իշխանության խմբակցությունը կրկին առաջարկեց նրան դառնալ ԲԴԽ-ի անդամության թեկնածու։ Համաձայնեք, դժվար է չհարգել պրոֆեսիոնալի նման պահվածքը, հատկապես այն պարոնի պահվածքի խորապատկերին, որն իրեն կոտորում էր ՍԴ հասնելու համար և հասավ…
Բայց վերադառնանք այն մեղադրանքներին, որոնցով իշխանության խմբակցությունը փորձում է թաքցնել իր անլրջությունն ու ապաշնորհությունը։ Այստեղ հայտարարում են, թե որոշում կար քվեարկել Մարգարյանի թեկնածության օգտին, այնպես որ քվեարկության ձախողման մեղավորները… ընդդիմադիրներն են։ Ի՞նչ կապ ունի այստեղ ընդդիմությունը, եթե Մարգարյանը իշխանության խմբակցության թեկնածուն էր։ Այն նույն քաղաքական մեծամասնության, որն առավել քան բավարար ձայներ ունի՝ պաշտպանելու համար իր կողմից առաջադրվածին։ Ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 79 ձայն, մինչդեռ «Իմ քայլը» խմբակցությունն ունի ամբողջ 88-ը։ Այստեղ իմքայլականների փաստարկներն իրոք որ պարադոքսա՛լ են։ Իբր՝ իրենց պատգամավորները գործուղման մեջ էին, և առհասարակ, ամեն ինչում մեղավոր է «Լուսավոր Հայաստանը», որը որոշեց դեմ քվեարկել։ Համաձայնեք, դժվար է լուրջ վերաբերվել նման թոթովանքին այնպիսի ծանրակշիռ գործում , ինչպիսին է ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պատասխանատու պաշտոնում, որին իշխանությունը մտադիր է վստահել նաև դատավորների վեթինգի գործառույթը։
Թեպետ, քվեարկության հետ կապված իրավիճակը ակներև ցուցադրում է կոնսենսուսի բացակայությունը հենց իր՝ «Իմ քայլը» խմբակցության ներսում։ Մոտեցումները տարբերվում են նույնիսկ խմբակցության ներքին կարգապահության հարցում։ Այսպես, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացառում է, որ դեմ քվեարկած 19 մարդկանց մեջ եղել են իշխանության խմբակցության պատգամավորներ։ Իսկ այ, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, իմքայլական Վահագն Հովակիմյանը, չնայած խմբակցության որոշմանը, համարում է, որ դա միանգամայն հնարավոր է։
Կրկնում եմ, քվեարկության հետ կապված իրավիճակն արձանագրում է կոնսենսուսի բացակայությունը բուն «Իմ քայլը» խմբակցության ներսում։ Եվ թերևս ոչ միայն ԲԴԽ-ի անդամի ընտրության հարցում։ Դատելով ըստ ամենայնի, համաձայնություն չկա նաև բուն կուսակցության մեջ։ Եվ ոչ միայն այսօր։ Այդ մասին խոսակցություններ շրջում են վաղուց և բավական ակտիվորեն։ Սակայն տարաձայնություններն արդեն հասել են այն կետին, որ հայտարարություններ սկսել են արվել հրապարակավ։ Դրա վառ ապացույցը դարձավ ԶԼՄ-ներում հայտարարությունների տեսքով լեզվակռիվը «Երկրապահի» նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև, որոնց կուսակից գործընկերները փորձում են ձևացնել, թե ոչ մի արտակարգ բան չի կատարվում։ Թեպետ, սա առանձին խոսակցության թեմա է…