Սահմանադրությունը պետության ողնաշարն է

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:

Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ:

Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը: Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար եւ զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների եւ Սահմանադրության գերակայության պայմաններում:

Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով եւ միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման եւ փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:

Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, եւ այսօր` Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ Սահմանադրության», տեղեկացնում է NEWS.am։