ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ. ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանական ԶԼՄ-ները բավական անսպասելիորեն սկսել են արծարծել այդ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման։ Առաջին հայացքից դա անհեթեթություն է թվում, եթե հաշվի առնենք, որ հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020-ի գարնանը, և իշխանություններն ունեն բոլոր նախադրյալները, որպեսզի հիմնավորապես, հաշվի առնելով ներքին և արտաքին բոլոր գործոնները, պատրաստվեն դրանց։
Սակայն, եթե հիշենք անցած տարվա փորձը, երբ փետրվարին Իլհամ Ալիևը հանկարծակի հայտարարեց նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ փոխադրելու մասին, պետք է ընդունել, որ մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) ցանկություններով ու շահերով կառավարվող երկրում ամեն ինչ հնարավոր է։ Գլխավորն այն է, որ պետական բնույթի ցանկացած գործողություն ուղղված լինի Ալիևների իշխանության և հզորության ամրապնդմանը։
Այդ մասին խոսակցությունն առաջինը սկսեց ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ բավական դժկամորեն և արտաքին ճնշման տակ բանտից ազատ արձակված REAL շարժման առաջնորդ Իլհար Մամեդովը։ 2018-ի սեպտեմբերին, ազատվելուց մեկ ամիս անց նա պահանջեց միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններ, բացատրելով դա նրանով, որ առկա խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ 2018 թվականի նախագահական ընտրությունները «վատթարագույն ներկայացում» էին։ «Եթե Իլհամ Ալիևը քաղաքական հավասարակշռության սկզբունքն ընդունում է որպես պետության կառավարման միջոց և չի ցանկանում հասարակական-քաղաքական իրավիճակի է՛լ ավելի մեծ լարվածություն, ապա նա պետք է համաձայնություն տա միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններին։ Բայց այդ ընտրությունները չպետք է դառնան մի օլիգարխին պատկանող գրպանի պատգամավորների փոխարինում մեկ այլ օլիգարխի նույնպիսի գրպանային պատգամավորներով»,- գրեց Մամեդովը, ըստ էության մեկնարկ տալով թեմայի հետագա ակտիվ քննարկումներին սոցցանցերում և քաղաքական շրջանակներում։
Որպես պատճառ նշվում էին հենց վաղաժամ նախագահական ընտրությունները և այն փաստը, որ նախագահական և խորհրդարանական հաջորդ ընտրությունները, համաձայն սահմանադրության, պետք է կայանան 2025 թվականին։ Նշվում էր նույնիսկ ժամկետը՝ ընթացիկ տարվա գարունը, ինչը, ինչպես տեսնում ենք, սխալ կանխատեսում էր։ Եվ չնայած «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության ներկայացուցիչները կտրականապես բացառում են նման հնարավորությունը, խոսակցությունները չեն մարում։ Վերջին երկու ամսվա ընթացքում վարչապետ և կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը ստիպված է եղել երկու անգամ հանդես գալ հերքումով, հայտարարելով. «Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառներ չկան, դրանք տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին»։
Մինչդեռ, ինչպես գրում է «Թուրան» գործակալությունը, որպես անուղղակի հաստատում այն բանի, որ արտահերթ ընտրությունները հնարավոր են գալիք աշնանը, նշվում է խորհրդարանի արտահերթ նստաշրջանի անցկացումը հունիսին։ «Այդ կապակցությամբ խորհրդարանի մամլո ծառայությունը հուլիսի 3-ին հանդես եկավ հաղորդագրությամբ, հավաստիացնելով, որ խորհրդարանի ամառային նստաշրջանի ժամկետը երկարաձգելու մեջ առանձնահատուկ ոչինչ չկա և չարժե դրա մեջ սենսացիա փնտրել։ Միաժամանակ մամուլի ծառայությունը չմեկնաբանեց հաղորդագրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններն աշնանը անցկացնելու հնարավորության վերաբերյալ»,-նշում է գործակալությունը։
Ինչպես համարում է Ադրբեջանի գծով փորձագետ Անժելա Էլիբեգովան, արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները հիմնականում նախաձեռնում է ադրբեջանական ընդդիմությունը, որը, ըստ երևույթին, դիտարկում է ներքաղաքական վերջին գործընթացներն ու փոխատեղումները իրադարձությունների ընդհանուր պատկերում։
«Ալիևը բարեփոխումների իմիտացիա է ստեղծում ինչպես մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում, այնպես էլ իր թիմի նկատմամբ խիստ լինելու հարցում, որը նյարդայնացնում է հասարակությանը ճոխության իր ձգտումով։ Սոցիալական խռովություններ Ադրբեջանում տեղի են ունենում պարբերաբար, լարվածության որոշակի աստիճան հասարակության մեջ իհարկե կա, և Ալիևը խնդիրը լուծում է ֆինանսական ներարկումներով. կենսաթաշակների, աշխատավարձերի, նպաստների բարձրացումով։ Սակայն արտահերթ ընտրությունները պետք է կոնկրետ նպատակ ունենան. Կա՛մ իշխանությունները գիտեն աշնանը հնարավոր ինչ-որ տնտեսական ցնցումների մասին և նրանց անհրաժեշտ է նախապես անցնել ընտրությունների ցավոտ գործընթացը, կա՛մ առկա են աշխարհաքաղաքական նախադրյալներ շտապողականության համար։ Ամեն դեպքում, երկիրը ձեռքով կառավարելու ռեժիմի նոր ձևաչափի շրջանակներում Ալիևը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին մտնել խորհրդարան՝ ժողովրդավարության իմիտացիայի համար։ Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչի համար է շտապողականությունը։ Նույն հաջողությամբ դա կարելի է կազմակերպել նաև մեկ տարի անց»,-նշեց Էլիբեգովան «ԳԱ»-ին տված մեկնաբանությունում։
Թե ինչու է Ալիևը շտապում, իսկապես այնքան էլ հասկանալի չէ տեսանելի գործընթացների լույսի ներքո։ Մյուս կողմից, կադրային վերջին փոխատեղումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը, բարեփոխումների իմիտացիայի հետ մեկտեղ, իրեն նվիրված մարդկանց միջոցով հետևողականորեն ամրապնդում է նախևառաջ ուժային կառույցները։ Հենց այդ լույսի ներքո են դիտորդները գնահատում Ռամիլ Ուսուբովի և Մադաթ Գուլիևի վերջին նշանակումները։ 25-ամյա ստաժ ունեցող ուժային Ուսուբովը, որը նախկինում գլխավորում էր ՆԳՆ-ը, դարձավ էական կշիռ ձեռք բերող Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գուլիևը՝ պաշտպանական արդյունաբերության նախարար։ Համապատասխանաբար, այս նշանակումները կադրային փոփոխությունների հանգեցրին տվյալ կառույցների ավելի ցածր օղակներում։ Փորձագետների կարծիքով, դրանով իսկ Ալիևը փաստացի ավարտեց կառավարությունում իրականացվող փոխատեղումները 2018թ. ապրիլյան արտահերթ նախագահական ընտրություններից հետո, է՛լ ավելի ամրապնդելով սեփական իշխանության միահեծան բնույթը։
Չարժե բացառել նաև այնպիսի գործոն, ինչպիսիք են իրադարձությունները հարևան Հայաստանում ու Վրաստանում և գունավոր հեղափոխության իրականացման հնարավորությունը նաև Ադրբեջանում։ Այդ համատեքստում կարելի է հիշել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն պայմաններ է նախապատրաստում ՀԱՊԿ-ի առանձին երկրներում «Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներ» իշխանության բերելու համար։ «Ուզում եմ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի հետ երրորդ երկրների համագործակցությունը միշտ ունի հակառուսական բաղադրիչ։ Դա բազմիցս հաստատվել է պրակտիկայով։ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հանդեպ կիրարկմամբ՝ դաշինքի նպատակը պառակտում սերմանելն է կազմակերպության մեր դաշնակիցների միջև»,-նշեց Նուրգալիևը։
Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ում ընդգրկված չէ։ Սակայն եթե դիտարկենք հետխորհրդային տարածքն ընդհանրապես և որոշակի իմաստով՝ համանման աշխարհաքաղաքական ալգորիթմերը (չհաշված, բնականաբար, մերձբալթյան երկրները), ապա նման հնարավորությունը չի կարելի բացառել նաև այստեղ։ Իսկ եթե հաշվի առնենք վերջին ժամանակներս Արևմուտքին հաճոյանալու Ալիևի փորձերը, ապա դա է՛լ ավելի հավանական է թվում։ Չդիտարկելով իրավիճակի վրա ազդելու ընդունակ այլ գործոնները (օրինակ, վերջին իրադարձությունները Թուրքիայում), կարելի է եզրակացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Ադրբեջանի համար կարող է դառնալ մի շարք կարևոր խնդիրների լուծում. նախևառաջ՝ ամրապնդել սեփական թիկունքն ու միաժամանակ հնարավորություն տալ մի քանի երևելի ընդդիմադիրների, հենց նույն Մամեդովին, մտնել խորհրդարան։
Ինչը թույլ կտա կառավարող ընտանիքին և՛ բաց թողնել ընդդիմադիր գոլորշին, և՛ ներկայանալ գունավոր հեղափոխության հավանական հեղինակներին ու հովանավորներին բարետես կերպարանքով, հաստատելով սեփական «բարեփոխչական» մտադրությունները, բայց ուժեղ ներքին դիրքերով։ Մեզ տվյալ դեպքում պետք է հետաքրքրի այդ գործընթացի մյուս կողմը. թաքնված չէ՞ արդյոք դրա հետևում նախապատրաստումը հերթական գարնանային պատերազմին։