ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարում հայտնվել է նոր հասկացություն՝ մեդիատեռոր, որը նրանք ակտիվորեն առաջ են քաշում, փորձելով ներշնչել զանգվածներին, թե նրանց բոլոր դժբախտությունների մեղավորը ԶԼՄ-ներն են, որոնք չեն ցանկանում տեսնել դրական փոփոխությունները։ Ստացվում է, որ իր անձեռնահասությունը, եթե չասենք՝ անգործունակությունը, իր ձախողումներն ու չկատարած խոստումները արդարացնելու համար իշխանությունը ելել է հերթական չարակամի որոնումների՞։ Եվ փաստորեն գտե՞լ է։ Եվ ահա ԶԼՄ-ների հե՞րթն էլ եկավ, հիմա դրա՞նք են նշանակված բոլոր դժբախտությունների մեղավորներ։ Զի՜լ է։

Ասենք, զանգվածային լրատվամիջոցներին «պատերազմ հայտարարելու» փորձեր իշխանությունը ձեռնարկել է դեռ անցած տարի։ Եվ դրանից հետո, մեկ տարի շարունակ իշխանությունը չի դադարեցրել այդ փորձերը, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր շրջապատը պարբերաբար հերթական ներլցումներն են կատարել, որպեսզի տրամադրեն հասարակական կարծիքը։ Իբր՝ ԶԼՄ-ների մեծամասնությունը պատկանում է նախկին իշխանություններին, կամ գտնվում է ընդդիմադիր ուժերի հսկողության տակ, և այդ ԶԼՄ-ները չեն ցանկանում տեսնել այն լավը, ինչ անում է իշխանությունը, և մրոտում են նրա բոլոր նախաձեռնությունները։

ԶԼՄ-ների դեմ հերթական հարձակում դարձավ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունը Լիբանանում Հայ մամուլի համաժողովի ժամանակ։ Նա, մասնավորապես, հայտարարեց. «Հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ։ Այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները։ Եվ եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը, այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու։ Իսկ դա հղի է մեծ վտանգներով, որովհետև այս լսարանում չէ, որ պետք է ընդգծել, թե ինչ կարևոր դերակատարություն ունի մամուլը որևէ երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում»։

Նրա հետ համամիտ չէ Media Advocate նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, որը գտնում է, որ անջրպետ չկա։ «Այդ կապը միշտ է եղել և այսօր էլ կա»,- ընդգծեց Ենոքյանը, նշելով,- խնդիրն այլ է. հետհեղափոխական այս մեկ տարվա ընթացքում նկատելի է խիստ բևեռացում լրատվամիջոցների դաշտում՝ հասարակությանը «սևերի» ու «սպիտակների», «յուրայինների» և «օտարների» բաժանելու նույն տարբերակով»։

Ինչ վերաբերում է ֆեյքային լուրերի դեմ պայքարին, որի հովանու տակ իշխանությունը մտադիր է պայքարել ողջ մեդիադաշտի դեմ, ապա Ենոքյանը նշեց, որ ֆեյքերի վերաբերյալ հետազոտություններ անցկացնող կազմակերպությունները եկել են այն եզրակացության, որ իշխանությունների «տանիքի» տակ գործում են ֆեյքերի ամբողջ ֆաբրիկաներ։ «Եթե այս գործընթացներն սկսել են իշխանությունները, և նրանք ուզում են պայքարել ֆեյքերի դեմ իրականում, ապա իհարկե առաջին հերթին իրենց ֆեյքերից պիտի սկսեն»,- նշեց նա։

Ենոքյանը, նշենք, արդեն հայտարարել է, որ հայկական մամուլը շարունակում է իր գործառույթները նաև հեղափոխությունից հետո։ Եվ եթե իշխանությունները դրա մեջ ինչ-որ խնդիրներ են տեսնում, ապա դրանց լուծումը նախատեսված է գործող օրենսդրությամբ։ Մասնավորապես, լրագրողների կողմից այս կամ այն օրենքների խախտման դեպքում իշխանությունները լիովին կարող են դիմել իրավապահ մարմիններին, այլ ոչ թե խոչընդոտեն հայկական ԶԼՄ-ների գործունեությանը։ «Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սև» և «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանությունների հետ կապի մասին։ Ավելին, բոլոր այդ մարդիկ և նրանց կից կառույցները իրենց պարտականությունն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրություն սովորեցնել, այլև դասդասում են լրատվամիջոցները «ճիշտ» և «սխալ» մեդիայի՝ այն լրատվամիջոցների, որոնք պետք է կարդալ «ճշմարիտ» լրատվություն ստանալու համար, և որոնք չպետք է կարդալ։ Ես անձամբ նման գործելակերպը դիտարկում եմ որպես պատերազմի հայտարարում հայկական ԶԼՄ-ների դեմ»,-այսպես է արտահայտել նա իր դիրքորոշումը դեռևս մայիսին։ Նրա կարծիքով, այդ բոլոր սպեկուլյացիաները բնավ պայմանավորված չեն խոսքի ազատության մասին մտահոգությամբ։ Իշխանություններն այդ կերպ պարզապես փորձում են մամուլի հետ սեփական խնդիրները լուծել իրենց կողմից սիրված հեղափոխական ճանապարհով, անտեսելով իրավական մեխանիզմները։

Համանման դիրքորոշում արտահայտեց նաևԿովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքերով, իշխանության տարանցման գործընթացը շարունակվում է նախկին մեթոդներով, որոնք կիրառվել են տարվա ընթացքում։ Ամեն ինչ վերջին տարվա գործընթացների տրամաբանության մեջ է. սկզբում այդպիսի մեթոդներով վերցվեց գործադիր իշխանությունը, այնուհետ՝ օրենսդիրը։ Դատական իշխանությունից հետո կգա ԶԼՄ-ների՝ չորրորդ իշխանության հերթը, դեռևս գարնանը կանխատեսեց քաղաքագետը։

Իսկ օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, պատասխանելով վրիպումների և բացթողումների համար իշխանությանն ուղղված քննադատության վերաբերյալ 1in.am-ի հարցին, ինքնաքննադատաբար հայտարարեց, որ բացթողումներ և թերացումներ ունի ցանկացած իշխանություն, այդ թվում նաև գործողը։ Սակայն հաճախ իշխանության քննադատներն օբյեկտիվ չեն ու պատվեր են կատարում, և ընդհանրապես, իբր, իշխանության նկատմամբ մեդիատեռոր է իրականացվում, հայտարարեց Հակոբյանը։ Երիտասարդն անկեղծորեն համարում է, թե ավելի լավ քննադատներ, քան հենց իրենք են, անհնար է գտնել։ Ինչ-որ տեղ մենք արդեն լսել ենք դաՀա՛, իհա՜րկե, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ՝ այս տարվա մարտին։ Հիշեցնենք, այն ժամանակ ուղղակի պատասխան տալու փոխարեն այն հարցին, թե կառավարության ո՞ր գործողություններն ինքը առավել կքննադատեր, եթե լիներ ընդդիմություն, Փաշինյանը հայտարարեց. «Իշխանությանը քննդատողները շատ են, բայց դժվար թե գտնվի որևէ մեկը, ով ինձանից ավելի քննադատաբար մոտենա իմ գործողություններին»։

Այն, որ ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումը կաճի, մեդիափորձագետները կանխատեսում էին դեռ նախորդ տարվանից։ Նրանցից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ իշխանության ներկայացուցիչներն ավելի շատ զբաղված են լրատվական տարածքի մոնիտորինգով, քան սեփական պարտականությունների անմիջական կատարմամբ։ Ինչը, թեպետ, լիովին կարելի է հասկանալ։ Չէ՞ որ ԶԼՄ-ները նույնպես խոչընդոտ են իշխանության ընդլայնման ճանապարհին։ Դրա համար էլ օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այժմ ակտիվորեն զբաղված են անհաճո մամուլը սանձահարելու լեգալ հնարավորությունների որոնմամբ, ծնելով օրենսդրական փոփոխություններ։