Թագուհի Ստեփանյան. 2019-ի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևանի Շտապօգնության ծառայությունը կատարել է 130 հազար 545 կանչ

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևանի Շտապօգնության ծառայությունը կատարել է 130 հազար 545 կանչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Սա եթե համեմատում ենք 2018 թվականի հետ, ապա ավելին է 7 հազար 761 կանչով», - նշեց նա։

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ առավելագույն կանչերի թիվը՝ գրանցվել է հունվար ամսին. Ծառայությունը կատարել է 25 հազար 585 կանչ, իսկ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 հազար 838 կանչ։

«Շտապօգնության հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների հետ պայմանավորված կանչերն են, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ կապված», - ասաց նա։

Նրա խոսքով՝ կանչերի հետ կապված հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատ, 2 հազար 692 կանչով ավելին է։

«Մանկական կանչերի թիվը եղել է 13 հազար 697, հիվանդանոց է տեղափոխվել 5 հազար 175 երեխա», - ասաց Թ. Ստեփանյանը։

Основная тема:
Теги: