Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից։

«Հովսեփյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով դեռ նախորդ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին»,–գրում է կայքը։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հարցաքննվել Մարտի 1–ի գործով։ Ծառուկյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այս լուրը։

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն գործի շրջանակներում հարցաքննվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը...