ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ Է ՊԵՏՔ ԼԻՆԵԼ. ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆՄՈՒՇԻ «ՍԸՔՍԵՍ-ՍԹՈՐԻ»-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 6-ին, միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում հայկական պատվիրակությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին բազմաթիվ հաղորդագրությունների խորապատկերին, հուսադրող նորություն հայտնվեց։ Ինչպես հայտարարեց Ֆեյսբուքում ուղիղ եթերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ պատվիրակության ջանքերի շնորհիվ հաջողվել է մի շարք շտկումներ մտցնել և հանել հակահայկական դրույթները, որոնք ներառվել էին ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում։
Խոսքը Վեհաժողովի պաշտոնական կայքում հրապարակված Լյուքսեմբուրգյան հռչակագրի մասին է։ Կոնջորյանի խոսքերով, տեղեկանալով այդ վտանգավոր ձևակերպումների մասին, մեր պատվիրակության անդամները նետվել են «աշխատելու խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով»։ «Բանաձևում կար մի էսպիսի ձևակերում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների» վերաբերյալ: Մենք կարողացանք այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը չընդունվեց և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում»,- հպարտ նշեց կառավարող կուսակցության պատգամավորը, հավելելով, որ հռչակագրի տեքստում արվել է ևս երկու կարևոր փոփոխություն։
Գործընկերների նվաճումներով պարծենալու առիթը բաց չթողեց նաև արտաքին հարաբերությունների ԱԺ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հաղորդելով հայկական պատվիրակության «մեծ հաջողութունների» մասին, նա նշեց, որ հակահայկական ձևակերպումները հանելու համար աշխատել են ավելի քան մեկ ամիս, կիրառելով խորհրդարանական դիվանագիտության ողջ ռեսուրսը։ Ուրախալի էր լսել այս ամենը, եթե հաշվի առնենք, որ ինքը՝ Ռուբինյանը մշտապես քննադատության կրակի տակ է կոպիտ վրիպումների համար, որ նա թույլ է տալիս բացի ամենայնից նաև ԵԱՀԿ-ում մեր պատվիրակության ղեկավարի կարգավիճակում։ Բայց ոչ միայն դա. մենք իսկապես անկեղծորեն ուրախացանք միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԺ-ի գործնականում բոլոր պատվիրակությունների կորիզը կազմող երիտասարդ պատգամավորների համար, որոնք կարծես թե արդեն փորձ են ձեռք բերում և սկսում հաջողությամբ աշխատել խորհրդարանական կարևոր հարթակներում։
Միայն թե ուրախությունը, ինչպես պարզվեց ընդունված փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու արդյունքում, վաղաժամ էր։ Իրական նվաճումների հետ մեկտեղ, ստիպված ենք արձանագրել Լյուքսեմբուրգյան հռչակագրում հայկական կողմերի համար վտանգավոր ձևակերպման առկայությունը, որը նախկին տարիներին հաջողվել էր բացառել միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ընդունվող փաստաթղթերից։
Այդ մասին առաջինը ազդանշանեց Ադրբեջանի գծով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ «Կարդացի ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության «աննախադեպ» և «փայլուն» դիվանագիտական հաղթանակների մասին, որին հաջողվել է փաստաթղթի նախագծից հանել մեզ համար ոչ շահավետ ձևակերպումները։ Արդեն ուզում էի ուրախանալ, բայց հանկարծ տեսա ադրբեջանի ինքնավստահ հայտարարությունները։ Այդժամ զսպեցի հույզերս և որոշեցի ինքս կարդալ վերջնական տեքստն ու հասկանալ, թե ինչու են ադրբեջանցիներն այդքան ուրախանում իրենց ձախողման առթիվ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Այնուհետ փորձագետը նշում է այն, ինչը կարող է տեսնել ցանկացած ոք, ով չի ծուլանա ծանոթանալ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերին։ Այն է՝ Լյուքսեմբուրգյան հռչակագրի 22-րդ կետը խորհուրդ է տալիս «ակտիվացնել կոնկրետ արդյունքների ձեռքբերմանն ուղղված քննարկումները հակամարտությունների կարգավորման ոլորտում համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և կոչ անում հակամարտության կողմերին բանակցությունների մեջ մտնել բարեխղճորեն, առանց նախապայմանների, համապարփակ և ամուր խաղաղության հասնելու նպատակով՝ լիովին հարգելով Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը»։
Այսպիսով, ադրբեջանցիներին հաջողվել է հասնել այն բանին, որ հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտությունները ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը դիտարկում է համատեղ և նույն հարթության վրա՝ տարածքային ամբողջականության։ Հիշեցնեմ, որ վերջին տարիներին ընդունվող միջազգային փաստաթղթերում Ադրբեջանը այդ շարքում չկար. և՛ Եվրամիությունը, և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Եվրոպայի խորհուրդը գիտակցաբար զատում էին Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում առկա հակամարտությունները Ղարաբաղի հիմնախնդրից, այդպիսով ընդգծելով դրա բացառիկությունը։ Ինչպես նաև այն փաստը, որ Արցախի դեպքում պետք է առաջնորդվել ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքով, այլև հավասարաչափ Հելսինկյան ակտի մյուս երկու հիմնարար սկզբունքներով, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի։
Ի դեպ, հռչակագրի տեքստում այդ սկզբունքը նշված է որպես «սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունք», ինչը համապատասխանում է հենց Հելսինկյան փաստաթղթին։ Սակայն մոտեցման էությունն այդ ձևակերպումն ամենևին չի փոխում։
Այդ ցանկից Ադրբեջանի բացառման փաստը ժամանակին դարձավ հայ խորհրդարանական դիվանագիտության անվերապահ ու սկզբունքային հաջողությունը։ Եվ միաժամանակ՝ Բաքվի մշտական գանգատների ու գլխացավանքի առարկան, որը ջանք չէր խնայում իր երկիրն այդ ցանկ վերադարձնելու համար։ Եվ ահա հիմա, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 28-րդ նստաշրջանում դա նրանց հաջողվեց։ Չնկատել նման մոտեցման վտանգավորությունը, մանավանդ երբ խոսքը հակամարտության կարգավորման գործում միջնորդության մանդատ ունեցող կազմակերպության մասին է, առնվազն անլրջություն է։ Կարելի է վստահ խոսել այն մասին, որ այդ ձախողումն ի չիք է դարձնում հայկական պատվիրակության բոլոր նվաճումները, քանզի Բաքուն հասավ նրան, ինչին չէր կարողանում հասնել մի քանի տարի շարունակ։
Այս խորապատկերին պրն. Կոնջորյանի և Ռուբինյանի ինքնագովությունը առնվազն անտեղի է թվում։ Այո, ՀՀ ԱԺ պատվիրակությունը իսկապես կարողացել է հասնել հակահայկական մի շարք դրույթների հանվելուն, և մենք դա նշում ենք հաճույքով։ Սակայն տվյալ կոնկրետ ու վտանգավոր ձևակերպման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լռությունը զգոնացնում է և կարող է ունենալ մի քանի բացատրություն։
Կա՛մ նրանք ջանում էին թաքցնել այդ փաստը, չհասկանալով, որ արդի աշխարհում բոլորին ամեն ինչ ու վայրկենապես հասանելի է, և որ փորձագետները միշտ նախընտրում են ծանոթանալ փաստաթղթերի բնօրինակներին, քան վստահել պաշտոնատար անձանց։ Կա՛մ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին բնորոշ ինքնապիարի ձգտումը խլացնում է իրականության զգացումն ու նախորոշում նրանց բոլոր գործողությունները, առավելևս երբ շտապ անհրաժեշտ են «սըքսես-սթորի»-ներ։ Կա՛մ էլ, ինչը վատթարագույնն է, այդ պարոնայք այդպես էլ չեն հասկացել տվյալ ձևակերպման վտանգավորությունը և, ինքնահիացմամբ տարված, պարզապես անտեսել են դա։
Նման մոտեցումների վտանգավորության մասին խոսելն էլ, կարծում ենք, ավելորդ է, քանզի խոսքը խորհրդարանական դիվանագիտության կարևոր հարթակի մասին է, որտեղ ցանկացած «մանրուք» և ցանկացած բառ կարող է բավական էական դեր խաղալ։ Իսկ երկրի բարօրությանն ուղղված ցանկացած աշխատանք պահանջում է ոչ թե հրապարակային ինքնագովություն, այլ լուրջ, ջանադիր ու պրոֆեսիոնալ աշխատանք առավելապես կուլիսներում և գաղտնի։ Աշխատանք, որն անխուսափելիորեն և իր ժամանակին տեսանելի կդառնա առանց դրա հեղինակների գործադրած առանձնակի ջանքերի։