Արցախի ԱԳՆ. Ասկերովին և Գուլիևին ազատ արձակելու քարոզարշավը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում

Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզարշավը՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու նպատակով։

«Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից»,–նշեց նա։

Անի Սարգսյանի խոսքով՝ տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում. «Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում, որն ուղղված է Ադրբեջանում հայատյացության հրահրմանը և հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Նման քաղաքականությունն ցուցադրում է, թե ինչպիսի արժեքների վրա է հիմնված ադրբեջանական պետականությունը»։

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը շեշտում է՝ Արցախի ԱԳՆ-ն բազմիցս իրազեկել է միջազգային հանրությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպություններում՝ ներառյալ ՄԱԿ-ՈՒՄ և ԵԱՀԿ-ում հուշագրերի տարածման միջոցով՝ Ադրբեջանի տվյալ քաղաքացիների կողմից իրագործված հանցագործությունների և դատական գործընթացի վերաբերյալ։

Основная тема:
Теги: