Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ՎԵՆԵՏԻԿԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄԵՆՔ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՀԱՊՃԵՊՈՒԹՅՈՒՆԸ

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության մի հատված վերաբերում է Հայաստանում ընթացող գործընթացներին։ Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ Panorama.am-ը զրուցել է արձանագրության հրապարակումից հետո իշխանության անելիքների, հակակոռուպցիոն մարմնի ձևավորման հապշտապության պատճառների ու այլ հարցերի մասին։

-Պարոն Մելիքյան, Վենետիկի հանձնաժողովի հայտնի արձանագրության վերաբերյալ մեկնաբանություններ շատ եղան։ Իշխանությունների կողմից ի՞նչ քայլեր պետք է հետևեն դրան։

-Գիտե՞ք, ես շատ դժվարանում եմ այս պահին ասել, թե ինչ պետք է անեն իշխանությունները, բացի այն պարզագույն ճշմարտությունից, որ պետք է վերադառնան կառուցողական ուղի, թե Սահմանդրական դատարանի, թե դատական իշխանության պարագայում հապճեպ, չմտածված և տարօրինակ քայլերից զերծ մնան, վերջ տան իրենց մոտ կանգնած որոշ իրավաբաների միջոցով «Սահմանադրական դատարանում ճգնաժամ է» օպերացիային։

-Հանձնաժողովի արձանագրությունն ինչպե՞ս կորակեք։

-Այն փաստող բնույթ ունի, փաստում է այն քննարկումներն ու զեկույցները, որոնք հնչել են Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանում։ Այն, որ այդքան մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանին, նշանակում է, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին հանձնաժողովը մեծ ուշադրությամբ է հետևում, մասնավորապես զեկույցը ներկայացրել է Վենետիկի հանձնաժոզղովի քարտուղարը, որը գնահատականներ է տվել Հայաստանում տեղի ունեցող երևույթներին, մասնավորապես Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ-դատավոր բառախաղին, ինչպես նաև դատարանների արգելափակման գործողությանը։ Եվ ամենակարևորը, հայ հանրության համար բացահայտել է մի կարևոր բան, ինչն իշխանությունները թաքցնում են։ Փաստորեն եվրոպական պատվիրակության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանում վեթթինգ չի իրականացվելու։ Մինչդեռ մենք շատ պաշտոնյաների շուրթերից շարունակում ենք լսել վեթթինգ-վեթթինգ։ Պարզվում է, որ մեր իշխանություններն ընդունել են պարզագույն ճշմարտությունը, որ վեթթինգի երևույթն անթույլատրելի է, ինչպես ձևակերպված է արձանագրության մեջ՝ ոչ օգտակար է, ոչ էլ անհրաժեշտ Հայաստանի պայմանների համար։

-Ես հիշում եմ, որ մայիսի վերջին, մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր՝ հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթթինգի» իրականացմանը։

-Այո, սա շատ կարևոր է։ Մենք պետք է չմոռանաք, որ 48 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը պնդում էր և հակառակը պնդողների նկատմամբ նույնիսկ վիրավորական խոսք էր օգտագործում առ այն, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում խոսք է գնում ինչպես դատաիրավական համակարգի բարեփոխումների, այնպես էլ վեթթինգի գործիքին աջակցության մասին։ Մենք այն մասնագետների խմբում ենք, որ բարձրաձայնեցինք՝ հարգելիներս, նամակում վեթթինգի մասին խոսք չկա, և պետական քարոզչություն իրականացնող շատ շատերն այս թեզը տարածում էին։ Հիմա մենք տեսնում ենք, որ հանձնաժողովը ոչ միայն վեթթինգին հավանություն չի տվել, ոչ միայն մենք ճիշտ էինք, այլ հակառակը՝ մարդիկ եկել են, բանակցել են, որ մեր իշխանությունները հետ կանգնեն դասական իմաստով վեթթինգ իրականացնելու գաղափարից։ Արդյո՞ք դրան կարձագանքի վարչապետի մամուլի խոսնակը, արդյո՞ք նա կվերադառնա իր՝ մոտավորապես 40 օր առաջվա այսօր արդեն կարելի է ձևակերպել ստին ու մանիպուլյացիային, դժվար է ասել։ Բայց փաստն այն է, որ այսպիսի էժանագին տրյուկներին դիմելը երկարաժամկետ կտրվածքով չի կարող արդյունավետ լինել։

-Արձանագրության մեջ նշվում է, որ վեթթինգի փոխարեն պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերն ու ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել։

-Սա շատ կարևոր է ու հետաքրքրիր, քանի որ հենց այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ իշխանությունները միանգամից փոփոխություններ են առաջարկում հայտարարագրման ինստիտուցիոնալ կառույցի՝ մասնավորապես հակակոռուպցիոն հանձնաժողովի մասով։ Նրանք առաջարկում են, արդեն մեկ ընթերցում էլ անցել է, մի նախագիծ, ըստ որի այդ ինստիտուցիոնալ կառույցը, որում ընդգրկվելու համար մարդիկ պետք է մրցույթով անցնեին, ամբողջովին քաղաքական են դարձնում, իջեցնում են ցենզերը, իրենց են վերապահում հսկիչ փաթեթը, այսինքն հինգ անդամներից երեքը նշանակվում են նրանց առաջարկությամբ՝ երկուսը իշխող խմբակցության, մեկը՝ կառավարության կողմից։ Փաստորեն, այս միջոցով իշխանությունը փորձում է իրենց քաղաքական խնդիրները լուծել նման խայտառակ ձևով։ Բացարձակ պատահական չէ, որ այս գործընթացը տեղի է ունենում հիմա։

Մենք ահազանգել ենք, որ նման խայտառակ մոտեցումներ են դրսևորվում այս անկախ կառույցի կազմավորման կարգի նկատմամաբ, նրանց տրվում են լրջագույն գործառույթներ, որոնք պետք է փաստորեն ամբողջությամբ իրականացվեն քաղաքական վերահսկողության ներքո։ Ընդ որում շատ կարևոր են այդ անձանց ինչպես նշանակմանը, այնպես էլ ազատմանը վերաբերող դրույթները, և ոչ միայն նշանակման փուլում, այլև դրանից հետո իշխող քաղաքական ուժն ունենալու է բացարձակ վերահսկողություն կոռուպցիայի դեմ պայքարող այդ հանձնաժողովի նկատմամբ, որը պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի դատական իշխանության բարեփոխումների նկատմամբ։ Սա անընդունելի է, մենք այդ մասին խոսել ենք։ Հիմա մենք հասկացանք, թե ինչու էր այս հապճեպությունը, ինչու էր իշխանությունն անթույլատրելի ու հակաժողովրդական ձևով ուժեղացնում իր դիրքերը հանձնաժողովում։

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ուշանում իշխանության արձագանքը Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունների վերաբերյալ։

-Ես հանդիպել եմ որոշակի արձագանքների, որոնք փոխարեն բուն խնդիրը քննարկելու, քննարկում են, թե այդ ինչ փաստաթուղթ է, ինչպես է հայտնվել, ինպիսի տարածման շրջանակ ունի։ Սա մեղմ ասած, լուրջ չէ։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը