ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Կամավորների ջանքերով, տարիների ընթացքում կառուցված տների քանակը հատել է 100-ի սահմանը և շարունակում է աճել: Շինհրապարակի հերթական հասցեն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը:
Տեր-Սահակյանների մեծ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ է անցկացրել և տարբեր խնդիրներ հաղթահարել: Կիսակառույցը դեռ տուն չի դարձել:
Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Տեր-Սահակյաններին՝ կամավոր սկզբունքով աջակցելու և ընտանիքին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Նրանք կատարել են տանիքի ջերմամեկուսացման աշխատանքներ։
«Շատ տներ ենք կառուցել և տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորում են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես և ունեն ուժեղ կամք: Այստեղ՝ շինհրապարակում, ձեռք-ձեռքի տված աշխատողներս էլ տարբեր ենք, բայց մեզ էլ միավորում է կամավոր աշխատելու ցանկությունը: Եվ այս ծրագիրն օգնում է, որպեսզի բոլորն իրենց լավ զգան. ապագա տանտերերն իրենց մենակ չեն զգում, դրական լիցքեր են ստանում հետագա կյանքի համար, իսկ աշխատողները, այդ թվում նաև ես, գրասենյակային աշխատանքը փոխարինում ենք ֆիզիկականով: Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ բոլորս միացել ենք կառուցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, նպատակ ունի մարդկանց մեջ հույս արթնացնել, որպեսզի չլքեն իրենց տունն ու երկիրը: Այն նաև սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Սեփական ձեռքերով տուն կառուցող ընտանիքն ավելի ամուր է կապվում այդ հողին։ Տեր-Սահակյանները շատ տարիներ զրկված են եղել սեփական տուն ունենալու բերկրանքից։ Փորձել են լուծումներ գտնել, սակայն հանդիպել են խոչընդոտների։ Ուրախ եմ ասել, որ մինչև տարեվերջ ընտանիքը կավարտի իրենց տան շինարարությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Գործակցող կողմերը ձգտում են արձանագրված խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում: