ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԱ-ՆԱԽԻՋԵՎԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ

Հաղորդագրությունները Ադրբեջանի հետ սահմանի վրա գտնվող վրացական Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակի մասին մամուլում հայտնվում են նախանձելի կանոնավորությամբ։ Բացի սահմանների գծանշման խնդրից, այդ հարցում շատ ավելի էական է պատմամշակութային տեսանկյունը, որը կողմերից մեկը նրբանկատորեն շրջանցում է, իսկ մյուսը՝ ագրեսիվ կերպով ահագնացնում, չթաքցնելով քրիստոնեական հուշարձանը վերջնական արդյունքում յուրացնելու մտադրությունները։ Ավելին, պարբերական միջադեպերի մշտական մեղավոր է թվում վրացական կողմը, որը հայտնվել է, ըստ էության, երկու կրակի արանքում. հարևան թուրքական պետություններից տնտեսական և ինչ-որ չափով քաղաքական կախվածության և վրաց ժողովրդի համար սրբազան նշանակություն ունեցող հուշարձանը պահպանելու ձգտման։

ДАВИД ГАРЕДЖИ - НАХИДЖЕВАН: АРМЯНСКИЙ СЛЕД

Ժամանակ առ ժամանակ մամուլում հաղորդվում է վանքի շուրջ առաջացած լարվածության նոր շրջափուլի մասին, որպես կանոն՝ հենց ադրբեջանական կողմի սանդրանքով։ Այսպես, այս տարվա գարնանը ադրբեջանական սահմանապահները հերթական անգամ փակեցին երկու երկրների սահմանին գտնվող եկեղեցիների և քարանձավների ճանապարհը, ինչը բողոքի ակցիաների հանգեցրեց վրացի ակտիվիստների կողմից։ Մայիսի 5-ին հարյուրավոր մարդիկ կենդանի շղթա կազմեցին սահմանի վրա, երկրի իշխանություններին մեղադրելով թողտվության մեջ և հայտարարելով իր սրբությունները կորցնելու Վրաստանին սպառնացող վտանգի մասին։

Մի քանի օր առաջ վանքի շուրջ կրկին լարվածություն առաջեցավ. Բաքուն մեղադրեց Վրաստանի քաղաքացիների խմբին սահմանը խախտելու և սահմանապահների վրա հարձակվելու մեջ։ Բանն այնտեղ հասավ, որ Վրաստանի դեսպանին կանչեցին Բաքվի ԱԳՆ. գերատեսչությունն այդ գործողությունները գնահատեց որպես «երկու երկրների միջև առճակատման ուղղված սադրանք»։ Մինչդեռ, ինչպես հաղորդեց վանքում աշխատող զբոսավարը, միջադեպի պատճառ է դարձել այն փաստը, որ ադրբեջանցի սահմանապահներն առանց թույլտվության սկսել են եկեղեցուց դուրս բերել սրբապատկերները, ինչն էլ հանգեցրել է տեղի բնակիչների և ուխտավորների արձագանքին։ Այսինքն միջադեպը դարձյալ սադրել է ադրբեջանական կողմը, բայց մեղավորի դերում կրկին հայտնվել է վրացականը։ Համենայն դեպս Վրաստանի ՆԳՆ-ի հատարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի ԱԳՆ-ի ագրեսիվ տեքստի, անչափ հիշեցնում էր ջայլամի դիրք ընդունելու փորձ, միայն թե չշիկացնեն իրավիճակը։

Ընդ որում Վրաստանի ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն վանքի խցերից սրբապատկերների դուրսբերումը բացատրեց նրանով, թե… ադրբեջանցի սահմանապահները, իբր, սաստիկ մտահոգվել են դրանց պահպանմամբ։ «Նրանք պարզաբանեցին, որ սրբապատկերները կարող էին վնասվել եղանակի վատթարացման դեպքում, ինչպես քամու, այնպես էլ անձրևի, և որպեսզի իրենց հասցեին մեղադրանքներ չլինեն, թե իրենք են վնասել դրանք, սրբապատկերները բարձրացրել են Հարության վանք և փոխանցել մեր սահմանապահներին»,- ասաց Կուպատաձեն։

Կարելի է կարծել, թե առ այսօր այդ տարածքում չի եղել ո՛չ քամի, ո՛չ էլ անձրևներ, որոնք կարող էին «վնասել սրբապատկերները», բացի այդ, պետք է կուրորեն հավատալ, թե ադրբեջանցի սահմանապահները կատարում են նաև սրբապատկերների վիճակի վրա եղանակային պայմանների ազդեցությունից խորապես գլուխ հանող փորձագետների գործառույթ։ Այն մասին, որ մշակույթի պահպանման նկատմամբ «հոգատարություն» են դրսևորել այն երկրի ներկայացուցիչները, որի զինծառայողները 2005 թվականին կացիններով ու կռանամուրճերով լկտիաբար և անգթորեն ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական բացառիկ խաչքարերը, խոսելն անգամ ավելորդ է, քանզի բացատրությունն առանց այդ էլ անհեթեթ ու բացահայտ ծիծաղելի է։ Բայց վրացի պաշտոնյան հնազանդորեն կրկնում է ադրբեջանական կողմի պարտադրած փչոցները, միայն թե գոհացնի հարևաններին։

Դիվանագիտական այդպիսի դիրքորոշումը ինչ-որ առումով հասկանալ կարելի է. Թբիլիսին, բնականաբար, ամենևին շահագրգռված չէ Բաքվի հետ հարաբերությունների սրման հարցում։ Մյուս կողմից, անվերապահ զիջողությունն ու մշակութային զավթողականության և տարածաշրջանում քրիստոնեական մշակույթի հերթական հուշարձանը յուրացնելու Ադրբեջանի անթաքույց ձգտման ակնհայտ սպառնալիքի պայմաններում գլուխն ավազի մեջ թաքցնելու ցանկությունը կարող են թանկ նստել Վրաստանի վրա։ Բողոքի պարբերական ակցիաները վկայում են այն մասին, որ երկրի քաղաքացիներն անհամեմատ ավելի իրատեսորեն են գնահատում իրավիճակը և շատ ավելի են մտահոգված հուշարձանը կորցնելու հեռանկարից, քան իշխանությունները, համենայն դեպս՝ հրապարակավ։

Ադրբեջանցի գիտնականների այն հայտարարությունների խորապատկերին, թե Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը Բաքվում անվանում են «Քեշիկչիդաղ», պատկանում է ալբանական մշակույթին, այդ մտավախությունների հիմնավորվածությունն ամենևին էլ չափազանցված չի թվում։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման հանցավոր փորձը պետք է առանձնակի զգաստացնի վրացական կողմին, մատնանշելով մշակութային ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության ահռելի վտանգները։ Մանավանդ որ Բաքվում, չունենալով այլ փաստարկներ, կրկին բանեցնում են ալբանական գործոնը, իրենց լկտի հավակնություններում բազմիցս հասնելով ընդհուպ Թբիլիսիին։

Ժամանակին, երբ Ադրբեջանը պետական մակարդակով բացահայտ ոչնչացրեց Նախիջևանում հայկական մշակույթի եզակի ժառանգությունը, բառացի իմաստով հողին հավասարեցնելով միջնադարյան գերեզմանոցը, հանցագործն անպատիժ մնաց բացի ամենայնից նաև այն պատճառով, որ պատշաճ արձագանք չհաջորդեց Հայաստանի քրիստոնյա հարևանների, առաջին հերթին՝ Վրաստանի և Ռուսաստանի կողմից։ Վրացական մշակույթի երևելի հուշարձանների նկատմամբ այսօրվա ոտնձգությունները, որպես վկայությունն այն բանի, որ սեփական ժառանգություն չունեցող Ադրբեջանը փորձում է ամրապնդվել աշխարհի մշակութային քարտեզում իրեն երբեք չպատկանած հուշարձանների հաշվին, դրա լավագույն ապացույցն է։ Ինչպես արդարացիորեն նկատել է հայկական կայքերից մեկում վերջերս զետեղված հոդվածի հեղինակը, «վրացիները պետք է երախտապարտ լինեն ադրբեջանցի գիտնականներին, որ նրանք Դավիթ Գարեջան անվանում են ալբանական հուշարձան։ Դա փրկեց վանքը, այլապես այն կոչնչացնեին, ինչպես ոչնչացրեցին խաչքարերը Նախիջևանում»։

ДАВИД ГАРЕДЖИ - НАХИДЖЕВАН: АРМЯНСКИЙ СЛЕД

Մինչդեռ Բաքվում արդեն գործարկել են սովորական հնարքը, հայտարարելով վանքի շուրջ ստեղծված իրավիճակում «հայկական հետքի» առկայության մասին։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարեց, թե «կատարվածի շահառուները, իսկ գուցեև պատվիրատուները (նկատի ունի վերջին միջադեպը-Մ.Գ.) հայերն են և Ռուսաստանի հայամետ ուժերը, որոնց նպատակը Ադրբեջանի համար «երկրորդ ռազմաճակատ» բացելն է Վրաստանում»։ Այդպիսով պաշտոնաթող դիվանագետը, որն արդեն վաղուց է փորձում իշխանությունների ուշադրությունը հրավիրել սեփական անձի վրա, հուսալով ողորմություն ստանալ ԱԳՆ-ում պաշտոնի տեսքով, ակնկալում է միանգամից սպանել երկու նապաստակ. յուղ լցնել ռուս-վրացական հակամարտության կրակին, բայց շրջահայացորեն դրանում մեղադրելով ոչ թե բուն ռուսական կողմին, այլ «հայերին և Ռուսաստանի հայամետ ուժերին»։

Մեկնաբանել նախկին դիվանագետի այս զառանցանքը դժվար թե արժե։ Բայց արձանագրել Դավիթ Գարեջայի վանական համալիրի շուրջ տեղի ունեցող ամենի մեջ «հայկական հետքի» առկայությունը, իսկապես անհրաժեշտ է։

Այդ հետքը ձգվում է ոչ միայն Հին Ջուղայից, որտեղ 2007 թվականին վերջնականապես ոչնչացվեցին հայկական գերեզմանոցն ու խաչքարերը, ոչ միայն ողջ Նախիջևանի, ինչպեսև հայկական այլ տարածքների մեր ազգային հիասքանչ հուշարձաններից, որոնք հայտնվեցին տոհմազուրկ բարբարոսների իշխանության տակ։ Այդ հետքը ձգվում է, օրինակ, Շուշիից, որտեղ խորհրդային տարիներին ոչնչացվեցին հայկական բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու տաճարներ, իսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարը վերածվեց զինապահեստի, այն հաշվարկով, որ հայկական ուժերը չեն գնդակոծի և ոչնչացնի իրենց իսկ մարգարիտը։

Այդպիսի «հայկական հետքեր» Ադրբեջանի քաղաքականության մեջ, մասնավորապես՝ զավթյալ տարածքներում հայկական ներկայության պատմամշակութային վկայությունների նկատմամբ անողորմ վերաբերմունքի և քաղաքական նպատակներով դրա ոչնչացման համատեքստում, կարելի է ներկայացնել անթիվ քանակությամբ։ Եվ եթե Վրաստանը չի ցանկանում կորցնել իր գանձը, ապա պետք է ամենասևեռուն ուշադրության առնի այդ «հետքը». որպես հիշեցում այն մասին, թե հատկապես ինչ տեղի կունենա անխուսափելիորեն՝ իր նախնիների ժառանգությունից հրաժարվելու և Ադրբեջանի հանցավոր ծրագրերին օժանդակելու դեպքում։

 

  • Левон 02-Авг-2019
    Подобные статьи нужно переводить и распространять и на других языках, в том числе и на грузинском. От того, что её прочтут только армяне мало толку.
    Ответить