ԱՀԵՂ ՕՍԻՊՅԱՆԸ 2018-Ի ԱՊՐԻԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ…
Հուլիսի 10-ին, երբ ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Հայաստանում տեղի ունեցան Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ոստիկանությունը ուժ կիրառեց Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար կազմակերպված ակցիայի մասնակիցների նկատմամբ. թույլ չտվեց նրանց արտահայտել վարչապետին ուղղված իրենց բողոքը։
Հուլիսի 17-ին, այն օրը, երբ նույն ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Փաշինյանը հարցազրույց էր տալիս իր գլխավոր բարձրախոսին՝ «Ազատություն» ռադիոկայանին, և խոսում այն մասին, որ իր կառավարության գլխավոր նվաճումը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդի իշխանության հաստատումն է, իսկ գլխավոր խոչընդոտը՝ Սահմանադրկան դատարանը, Երևանից ուղարկված ոստիկանության ներքին զորքերի ջոկատներն Իջևանում ուժ կիրառեցին միջպետական նշանակության ճանապարհն արգելափակած ցուցարարների նկատմամբ։ Բանն ավարտվեց բախումներով, որոնց արդյունքում հիվանդանոցներում հայտնվեցին ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Գիշերը ոստիկանությունը ձերբակալություններ անցկացրեց։ Բռնեցին 19 մարդու։
Հաջորդ օրը վարչապետը կառավարության նիստում ասաց, որ իր ունեցած տվյալներով պետք է բռնեին 36 մարդու։ «Ո՞ւր են մնացածները»,- զայրալից հարցրեց վարչապետը, որպեսզի բոլորին պարզ դառնա. քաղցրախոսել ինքը մտադիր չէ։
Եվ ամեն ինչ հավանաբար տրամաբանական կլիներ, եթե ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ չկիրառեր հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը… Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ սեփական նպատակներին հասնելու համար փողոցներ արգելափակելու ոճը արմատավորել է նույն ինքը Փաշինյանը, ուստիև կարելի է հասկանալ ցուցարարների զարմանքը։ Ախր դու ինքդ էիր սովորեցնում, որ իշխանությունը Հայաստանում այսուհետ և առհավետ պատկանում է ժողովրդին։ Բայց չէ՞ որ մենք հենց ժողովուրդն ենք։ Մենք՝ Իջևանում բնակվող հարյուրավոր ընտանիքների ներկայացուցիչներս, մեր ընտանիքներին ապահովում էինք անտառահատումով, մենք ժողովուրդն ենք, որ կանք, և պահանջում ենք, որ մեր առջև խոչընդոտներ չդնեն։
Եվ ինչ, նրանք իրավացի չե՞ն։ Չէ՞ որ Փաշինյանն ասում էր, թե իշխանությունը Հայաստանում այսուհետ և ընդմիշտ պատկանում է ժողովրդին։ Ասում էր։ Ստացվում է, որ այդ հարցո՞ւմ էլ էր անպատկառ ստում մարդկանց երեսին։ Իսկ ի՞նչ եղավ առասպելական հայկական «Ագորան»։ Ինչ է, իջևանցիները, որոնց դեմ դուրս են բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, ժողովուրդ չե՞ն։ Ի՞նչ կարող է առարկել Փաշինյանը։
Ի՞նչ կարող է ասել Փաշինյանը։ Որ կարգն ու օրենքը մնում են կարգ ու օրենք, և առանց դրա պարզապես անհնա՞ր է պետականությունը։ Այո, նա կարող է դա ասել։ Բայց այդ դեպքում բացարձակ ծիծաղելի և խղճալի տեսք կունանա։ Ոչ պակաս ծիծաղելի և խղճալի, քան «Սահմանադրական դատարանի նախագահ» Վահե Գրիգորյանը։ Որովհետև քաղաքական օլիմպոս իր բուռն վերելքով, ինչպեսև հետագա որոշ գործողություններով, օրինակ՝ դատարանների շրջափակումով, վարչապետը ցույց տվեց, որ Փաշինյանն ու օրենքը երկու անհամատեղելի բաներ են։
Հենց նա էր սովորեցնում և շարունակում է սովորեցնել մարդկանց, որ կարելի է թքել օրենքի վրա, և ոչ միայն օրենքի, այլև համակեցության ընդհանուր կանոնների, և մեծ անհարմարություններ պատճառելով այլ մարդկանց՝ արգելափակել փողոցները, շրջափակել օդնանավակայաններն ու դատարանները, երեխաներին դուրս բերել վոլեյբոլ ու ցատկապարան խաղալու բանուկ խաչմերուկներում։ Ամեն ինչ կարելի է, եթե կա նպատակ, որն ինքդ համարում ես բարի և արդար…
Դե ինչ, Փաշինյանն այդպիսի նպատակ էր համարում իշխանության զավթումը Հայաստանում։ Իջևանցիները համարում են, որ իրենց պետք է թույլատրված լինի զբաղվել ապօրինի անտառահատումով, որպեսզի պահեն իրենց ընտանիքները։ Ո՞ր նպատակն է ավելի անբարո։
Չենք խոսում արդեն այլ բանի մասին։ Այսօր ոստիկանությունը ցրում է անզեն ցուցարարներին։ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանությունը ուժ կիրառելով ցրում էր ցուցարարներին, որոնց «խաղաղ» մոլեգնությունների մասին ցանկացած անտեղյակ մարդ հեշտությամբ կարող է իմանալ՝ համացանցում դիտելով թալանի, հրկիզումների, ոստիկաններին ծեծի ենթարկելու ու այլևայլի լայն հայտնի կադրերը… Բայց ուժայինների այն գործողությունները Փաշինյանն անվանում է սահմանադրական կարգի տապալում և մտադիր է իր ճանապարհից վերացնել բոլորին, ովքեր այդպես չեն համարում։ Իսկ Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն անվանում է օրենքի խախտում։
Մինչդեռ շատ ավելի ազնիվ կլիներ, որ Իջևանի իրադարձություններից հետո Փաշինյանը զբաղվեր ոչ թե Սահմանադրական դատարանի անդամների հալածմամբ, այլ պարզապես խոստովաներ. «Քոչարյանը իրավացի էր, ես սխալվում էի»։
Հ.Գ.-Ի դեպ, Օսիպյանն իջևանցիներին հայտարարեց, որ ոստիկանությունը չի հանդուրժի անօրինություն, և խստիվ կպատժվեն օրենքը խախտողները… Ահեղ Օսիպյանը 2018-ի ապրիլին էր պետք… Կատակում ենք։