ՄԻ՛ ՀԱՆԴԻՄԱՆԵՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԼԱՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կա՞ արդյոք մի պայման, որի պարագայում հայ հասարակության մեջ կկարողանար հաստատվել մթնոլորտ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցներ «սերն ու համերախշությունը», որոնց մասին մեկ տարուց քիչ ավելի առաջ բարբառում էին հեղափոխականները։
ԿԱ. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՄՆԵԶԻԱՆ։ Եթե այն ախտահարի բոլորին ու միանգամից, ապա անհաշտելի հակասությունները այն ամենի, ինչ ասում էր ներկայիս իշխանությունը, երբ դեռևս իշխանություն չէր, և նրա միջև, ինչ ասում է հիմա, մեր համաքաղաքացիների ուղեղներում չէին փոխարկվի շիլաշփոթի, որը հոգեբանության մեջ անվանվում է կոգնիտիվ դիսսոնանս (իմացական աններդաշնակություն)։ Որովհետև երբ վարչապետ Փաշինյանը, մեկնաբանելով, ասենք, իջևանցիների բողոքի ակցիան (ամենաթարմ օրինակը), հայտարարում է, թե ոչ մի փոխզիջում չի լինելու, և ոչ ոք չի կարող Հայաստանի կառավարության հետ խոսել շանտաժի լեզվով, հիշողությամբ ծանրաբռնված քաղաքացիները կամա թե ակամա մտաբերում են, որ հենց այդպիսի լեզվով էր խոսում ինքը՝ Փաշինյանը, երբ իշխանություն էր նվաճում։ Այո, անտառն ապօրինի հատել և բնությունը փչացնել չի կարելի. սա աքսիոմ է։ Մարդկանց աշխատանք է պետք և պետք է ընտանիք կերակրել. սա նույնպես աքսիոմ է, որն իր սոցիալական սրությունը, ավաղ, չի կորցնում «գլուխներում աղքատության» մասին վարչապետի դատողություններից և «գնալ աշխատելու» կոչերից։ Թեպետ, վերադառնանք կոգնիտիվ դիսսոնանսին…
Երբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է հենց նույն իջևանցիներին, որ ճանապարհներ արգելափակելը հակաօրինական զբաղմունք է, և օրինախախտները խստիվ կպատժվեն, քաղաքացիները դարձյալ մտաբերում են «թավշե հեղափոխության» օրերը և Օսիպյանի միանգամայն այլ ճառերը համանման իրավիճակում։ Եվ իհարկե, նույնը տեղի է ունենում (չի կարող տեղի չունենալ) հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման մասին իշխանությունների կողմից պարբերաբար արտանետվող գաղափարի համատեքստում։
Օրերս «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջում հարցում նախաձեռնեց «Որքա՞ն եք պատրաստ վճարել նոր բարելաված երթուղայինների համար» թեմայով։
Տարբերակները երկուսն են։ Առաջինը՝ 150 դրամ, երկրորդը՝ 200 դրամ և ավելի։ Հարցումը դեռ ավարտված չէ, բայց թե ինչ են մտածում այդ առնչությամբ մեր համաքաղաքացիները, արդեն պարզ է լիովին։
Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի թանկացման թեման նորաթուխ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին անգամ շոշափեց դեռևս 2018-ի հոկտեմբերին. այն ժամանակ դա հասարակական դիմակայության հզոր ալիք բարձրացրեց։ Անցել է 9 ամիս, և քաղաքապետարանում, ըստ երևույթին, որոշել են, թե երևանցիներն արդեն պատրաստ են ջերմ համաձայնություն արտահայտել։ Ընդ որում, նկատեք, հարցման մեջ նշված չէ ներկայիս գինը կամ «անփոփոխ թողնել գործող սակագինը» կետը, այսինքն թանկացում ծանուցվում է ամեն դեպքում։
Դա դեռ ոչինչ, և ժողովուրդը գուցե հանգիստ արձագանքեր այդօրինակ հարցմանը, պատասխանելով ըստ բուն էության, եթե չլիներ քաղաքապետի՝ նախկինում թեժ ընդդիմադիրի, «Ո՛չ 150 դրամին» քաղաքացիական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկի կերպարը, որը քաղաքականություն մուտք գործեց հենց այդ բողոքի ակցիայի ալիքի վրա։
«Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք: Իսկ հիմա, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ: Ինձ թվում է, որ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու մասով»,-հայտարարեց Մարությանը անցած տարվա հոկտեմբերին։ Հավելելով, որ երևանցիները պետք է որոշեն. կա՛մ իրենք ամեն օր ավելի շատ են վճարում տրանսպորտի համար, և քաղաքի մյուս խնդիրները լուծվում են, կա՛մ սակագինը մնում է առաջվանը, բայց մյուս հարցերը (մանկապարտեզների, դպրոցների վերանորոգում և այլն), ասենք, առաջիկա 5 տարում լուծում չեն գտնում։
Ցուցանշական է, որ երբ հասարակական արձագանք բարձրացավ, Մարությանն անմիջապես շտկումներ մտցրեց իր հայտարարության մեջ, նշելով իր ֆեյսբուքյան էջում, թե իրեն սխալ են հասկացել և թյուր մեկնաբանել։ «Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար»,- գրեց քաղաքապետը։
Ժամանակ տվեցին, որ կրքերը հանդարտվեն՝ մինչև այսօր։Հասարակական տրանսպորտի սակագնի գալիք թանկացման թեման կրկին արդիականացվեց, բայց, ինչպես պարզվեց, երևանցիների հիշողությունն այդ ընթացքում չի կորել։ Մեկնաբանություններն ինքնին պերճախոս են…
«Թող նախ աշխատատեղեր ստեղծեն, բարձրացնեն աշխատավարձերը, թոշակները, հետո նոր տրանսպորտը թանկացնելու հարց բարձրացնեն»։
«Պատրաստ եմ մի քանի անգամ ավելին վճարել, բայց թող Հայկոն իր մեքենայով ինձ վերցնի կանգառից ու տուն տանի, ինչպես այն ժամանակ»։
«Այ կեցցե՛ս դու, Հայկո։ Ուրեմն ժամանակին կռիվ էիր տալիս ոչ թե տրանսպորտի վճարը չբարձրացնելու, այլ աթոռի համար…»։
«Ուրեմն ո՞րն է տարբերությունը։ Տարոն Մարգարյանն էլ նույնն էր առաջարկում. նոր բարելավված տրանսպորտ՝ վճարը մինչև 150 դրամ բարձրացնելու դիմաց…»։
«Թող էնպես անեն, որ մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան, էդ ժամանակ 300 դրամ էլ համաձայն կլինեն վճարել…»։
«Մինչև գինը բարձրացնելու առաջարկ անելը թող մտածեն, թե 80 հազար դրամ աշխատավարձով ոնց գնալ աշխատանքի, ընդմիջմանը մի կտոր հաց ուտել, կոմունալ վճարումներն անել ու դեռ երեխա մեծացնել։ Հերի՛ք եղավ…»։
«Հոգաչափ շնորհակալ ենք բարելավման համար։ Ձեր ու «Սանիտեքի» բարելավման արդյունքում քաղաքում ման գալն արդեն անհնար է գարշահոտի պատճառով…»։
Ահա այսպիսի բաներ։ Չարժե, որ իշխանությունները նեղանան, կեցվածք ընդունեն և առավելևս զարմանան բացասական արձագանքից, մարդկանց մեղադրեն հիշաչարության, այն բանի մեջ, թե հիշեցնում են հետեղափոխական իշխանություններին նրանց կարգախոսներն ու գործողությունները «նախքան» և «հետո»։ Մարդիկ հիշաչար չեն, պարզապես լավ հիշողություն ունեն։
Հ.Գ. Ի դեպ, իշխանությունները պնդում են, թե «Իմ քայլի» վերոնշյալ էջը ընդհանուր ոչինչ չունի Facebook-ում «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական էջի հետ, իսկ այդ էջում նման հարցում չի նախաձեռնվել։ Այդպես էլ կա։ Զարմանալին այն է, որ կլոն-էջը, որն իրեն անվանում է «երկրպագու», լիովին բաց է բոլորի համար և չի թաքնվում։ Ուրեմն ինչո՞ւ է այն շարունակում խաղաղ ու հանգիստ գոյություն ունենալ այդչափ ակներև ֆեյքի տեսքով և միանգամայն պաշտոնական բնույթի հրապարակումներով (ներառյալ վարչապետի և այլ պաշտոնյաների այցերն ու ելույթները). այդ էջում արվող հարցումներին ինչո՞ւ է կանաչ լույս տրված։ Գուցե նրա համար, որ շոշափե՞ն հասարակական տրամադրությունները իշխանությունների համար հրատապ այս կամ այն հարցի վերաբերյալ։