«ԲԻԶՆԵՍ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ» ՄՐՑՈՒՅԹԸ

«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը:

Մինչեվ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» և «Y» սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում «X» և «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջև դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն և մի փոքր էլ՝ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երևակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարևոր է՝ տարբեր հմտություններ զարգացնելու և ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը և կատարելագործել ձեր մտքի ճկունությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են սմարթֆոններով:

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի:

Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայնքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնես պլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում: Ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Основная тема:
Теги: