ՍՏՈՐԱԳՐՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՀՀՇ-Ի ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱԳՆ-Ի ՎՐԱ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Տարօրինակ բաներ են կատարվում վերջին մի քանի ամիսներին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շուրջ, մասնավորապես՝ նախարարի խորհրդականների հարցում։ Համաձայն ԱԳՆ պաշտոնական կայքի, ներկա պահին Զոհրաբ Մնացականյանն ունի երեք խորհրդական։ Սակայն մարտ ամսից սկսած մամուլում կանոնավորապես հաղորդագրություններ են հայտնվում այդ պաշտոնում այս կամ այն նախկին դիվանագետի նշանակման մասին։ Ընդ որում խոսքը ոչ թե պարզապես բավական հայտնի դեմքերի, այլև ՀՀ առաջին նախագահի կողմնակից համարվողների մասին է, որոնք 2008 թվականի փետրվարին հրապարակավ իրենց աջակցությունը հայտնեցին նրան։

Այսպես, մարտի 29-ին ԱԳ նախարարի երկու խորհրդականներին՝ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին շնորհվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան. համապատասխան հրամանը զետեղված է նախագահի կայքում։ Մի ինչ-որ չափազանց կարճ ժամանակահատված երկուսի անուններն էլ իսկապես առկա էին խորհրդականների ցանկում, սակայն հրամանագրից շատ չանցած անհետացան։ Երկուսուկես ամիս անց, հուլիսի 13-ին, մամուլը հաղորդեց այն մասին, որ ԱԳՆ ևս մեկ նախկին աշխատակից՝ Մարթա Այվազյանը նույնպես նշանակված է խորհրդական։ Եվ չնայած մինչ օրս նրա անունը չի նշվում ԱԳՆ կայքում, տեղեկատվության հավաստիությունը կասկածի տակ առնելու հարկ չկա։

«Տեսեք, ո՜վ է եկել» հայտնի արտահայտությունը տվյալ դեպքում պետք է վերաձևակերպել «տեսեք, ո՜վ է վերադարձել» գոչյունի, քանզի ակներև է, կրկնեմ, այն կադրերի վերադարձը, որոնք երբեք չեն թաքցրել իրենց հավատարմությունը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ Ռուբեն Շուգարյանի դեպքում մենք առհասարակ գործ ունենք առաջին նախագահին ամենից մտերիմ դեմքերից մեկի հետ։

Նույն այդ չարաբաստիկ 2008 թվականին, որը ոչ շատ վաղուց տարօրինակ, բայց հասկանալի պատճառներով վերածվեց հայ անկախ պետականության նորագույն պատմության սկզբնակետի, հետընտրական ամենալարված մթնոլորտում ԱԳՆ-ի չորս բարձրաստիճան աշխատակիցներ հանդես եկան հայտարարությամբ, միանշանակ աջակցություն արտահայտելով Լևոն Տեր-Պետրոսյանին և միանալով նրա «բողոքի շարժմանը»։ Այդ չորսի թվում էին փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում դեսպան Ռուբեն Շուգարյանը և Ղազախստանում ու Ղրղզստանում դեսպան Լևոն Խաչատրյանը։

Նրանց անմիջապես միացան ԱԳՆ-ի ավելի ցածրաստիճան ևս վեց աշխատակիցներ, նույնպես հայտարարելով Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին։ Նրանց թվում էին հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, սովորական սպառազինության վերահսկման և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը (Լևոն Տեր-Պետրոսյանին բարեկամը)։ Ինչպեսև իրենց ավագ գործընկերները, նրանք հեռացվեցին ԱԳՆ-ից դիվանագիտության մասին օրենքը խախտելու համար։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Արմեն Բայբուրդյանը խորհրդարանի նախկին նախագահ Բ.Արարքցյանի խորհրդականն էր, թեև այն ժամանակ դիվանագիտական կրթություն չուներ, բայց 1993 թվականից բարձր պաշտոններ էր ստանում ԱԳՆ-ի կառույցում. 2018 թվականի սեպտեմբերին նա վերադարձվեց ԱԳՆ և գլխավոր հյուպատոս նշանակվեց Լոս Անջելեսում։ Վլադիմիր Կարապետյանը՝ ՀԱԿ-ի նախկին մամլո քարտուղարն ու Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ դեմքերից մեկը, դարձավ վարչապետի մամուլի ծառայության ղեկավար, դատելով ամենից, համակարգելով նաև արտաքին քաղաքական հարցերը։ Ռուբեն Շուգարյանը, որն ԱԳՆ-ից հեռացվելուց հետո մեկնեց ԱՄՆ և դարձավ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, նորից ստացավ արտակարգ և լիազոր դեսպանի բարձր աստիճան, ինչպեսև հայտարարության մյուս ստորագրյալը՝ Լևոն Խաչատրյանը։ Կարելի է չկասկածել, որ առաջին իսկ հարմար դեպքում նրանց բարձր պաշտոնների կնշանակեն ԱԳՆ-ում. հո իզուր չե՞ն աստիճանը վերադարձրել։

Պետք է նաև ենթադրել, որ երկուսին էլ կարճ ժամանակով նշանակեցին նախարարի խորհրդականներ հենց կոչումը վերականգնելու նպատակով։ Իսկ հետո կրկին հեռացրեցին։ Ինչե՜ր ասես, որ չես անի հանուն ԼՏՊ-ի կադրերի…

Հիմա էլ ահա հարազատ տանիքի տակ է վերադարձել Մաթա Այվազյանը։ Կարելի էր հնարավոր համարել, թե Հայաստանի համար այն դժվարին օրերին նա առաջնորդվում էր ժողովրդավարության նորմերի և մարդու իրավունքների ոտնահարում թույլ չտալու անկեղծ ձգտմամբ, եթե… Եթե վերջին տարիներին Այվազյանը չաշխատեր «Անվտանգության, ժողովրդավարության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ում որպես փորձագետ։ Բնականաբար, դրանում նույնպես ոչ մի քրեական բան չկա, միայն թե իր գոյության յոթ տարիների ընթացքում թերևս միայն Մարթա Այվազյանի մեկ-երկու հարցազրույցով աչքի ընկած այդ կազմակերպության ղեկավարը առաջին նախագահի ևս մեկ հավատարիմ կողմնակիցն է, որը նույնպես վերադարձավ իշխանական կառույցներ և դարձավ պաշտպանության ու անվտանգության հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ. Անդրանիկ Քոչարյանը։

Ավելին, նախորդ տարիներին Այվազյանի տված հարցազրույցներից պարզ է դառնում, որ սույն տիկինը նույնպես Հայաստանում ընտրակեղծումների սկիզբ է համարում հենց 2008 թվականը, այլ բնավ ոչ 1995-ը կամ 1996-ը։ Հարկավ, չէ՞ որ հակառակ դեպքում այդ արատավոր ավանդույթի հեղինակներ ու հիմնադիրներ պետք է անվանել Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին։

Ահա այսպես, ամենևին ոչ գաղտագողի, այլ բացահայտ անպատկառ ու առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու պետկառույցներ են վերադառնում տերպետրոսյանական կադրերը։ Քանի որ խոսում ենք ԱԳՆ-ի մասին, որտեղ այդ «արշավանքը» առանձնակի նկատելի է, ապա հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Վիկտոր Բիյագովը՝ առաջին նախագահի ազգականը կնոջ կողմից։ Որը, ի դեպ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, բացահայտ հակառուսական դիրքորոշում ունի։

Վերադառնալով արտգործնախարարի խորհրդականների ցանկին, նշենք հետևյալ նորությունը. բառացիորեն օրերս հաղորդագրություն հայտնվեց այդ պաշտոնում Ռուբեն Կարապետյանի նշանակման մասին։ Նրա անունը նույնպես խորհրդականների պաշտոնական ցուցակում առայժմ չկա։ Համաձայն «Ժամանակ» թերթի, Իտալիայում ՀՀ նախկին դեսպանը երեք տարի առաջ հրապարակավ սատարել է «Սասնա ծռեր» խմբավորմանը։ Իսկ անցած տարի հայտարարեց, թե հեղափոխությունը չի հասել ԱԳՆ, և որ հեղափոխությունը ԱԳՆ «կմտնի» այն պահին, երբ բոլոր պատահական մարդիկ հեռացվեն համակարգից։

Պատահական մարդկանց առումով դատել հանձն չենք առնում, ամենայն հավանականությամբ՝ վերջին տարիներին այդպիսիք կային արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Բայց ցավով ստիպված ենք փաստել, որ առայժմ ԱԳՆ-ում «հեղափոխությունը» արտահայտվում է բացառապես հհշական կադրերի և Լևոն Տեր-Պետրոսյանին հավատարիմ անձանց վերադարձով, այլ ոչ թե պատահական մարդկանց փոխարինումով պրոֆեսիոնալներով։ Լավատեղյակ մարդիկ ասում են, որ սա լոկ սկիզբն է, իսկ թե ինչով է դա պայմանավորված և, ինչն ավելի կարևոր է, ինչով են սպառնում այդ միտումները Հայաստանին ու Արցախին, ասելը, կարծում ենք, ավելորդ է։