Իրավապաշտպան․ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը շրջանցելու իշխանությունների փորձն անօգնական է թվում

Իշխանություններն արդեն փորձում են շրջանցել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, և այդ փորձն անօգնական է թվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ իրենք, իբր, նկատի ունեին այն, ինչի մասին ասված է հայտնի արձանագրությունում։ «Մեր երկրին ամոթ է իրականացնել վեթինգի գործընթացը, քանի որ դա վկայում է այն մասին, որ ստեղծվել է իրավիճակ, որն անհնար է փոխել պարզ ռեֆորմներով։ Դա վատ նշան է։ Իշխանություններն ազնիվ չեն ժողովրդի, մասնավորապես՝ փորձագիտական հանրության հետ»,- ասել է նա։

Իրավապաշտպանը նկատել է, որ ոչ բոլոր եվրոպական ինստիտուտներն են իրավիճակին անաչառ նայում և ներառում են տարրեր, որոնք բխում են նրանց շահերից։ «Այդ գործողությունները միշտ չէ, որ հիմնված են այն բանի վրա, որը մենք անվանում ենք դասական եվրոպական արժեքներ։ Այս ամենին ավելանում է ղարաբաղյան հարցի շուրջ մեզ համար աննպաստ մոտեցումների առկայությունը, որոնք դրսևորվում են Եվրոպայի կողմից։ Այդ հարցը սերտորեն կապված է նավթագազային պրոբլեմատիկայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ»,- ասել է ՀԿ նախագահը։

Լարիսա Ալավերդյանն ավելացրել է, որ պետք է լինել հետևողական անվիճարկելի արժեքների, մասնավորապես՝ անկախ դատական համակարգի պահպանման հարցում։ «Չեմ կարծում, որ կլինեն ինչ-որ քաղաքական հետևանքներ, բայց հույս կա, որ Եվրոպան թույլ չի տա իրականացնել կամայական քայլեր նոր իշխանությունների կողմից»,- ամփոփել է իրավապաշտպանը։

Основная тема:
Теги: