ՔԿ-ն հաղորդել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի մանրամասների մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթևեկելի հատվածը:

Պայթյունի հետևանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր և վիրավորներ չկան:

Պայթյունի պատճառով խցանված է Երևան-Սևան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթևեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է, տեղեկացնում է News.am:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։