Փաստաբաններ․ Արգելափակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը

Երևանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդը: Այս մասին հայտարարվեց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է News.am:

Բագրատ Միկոյանի խոսքով՝ գովազդի թույլտվության համար քաղաքապետարան դիմելու հերոսապատումը շարունակվում է արդեն մոտ կես տարի: Ընդ որում՝ գրքի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան՝ Հայաստանում գիրքը ամենատարածված գրքերի տասնյակում է և բեսթսելեր է Մոսկվայում: Հիշեցնենք, որ գիրքը հրատարակվել է հայերեն և ռուսերեն:

Խնդիրն ավելի մանրամասն ներկայացրեց Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա խոսքով՝ դեռևս ապրիլին իրենք դիմել են քաղաքապետարան գովազդի թույլտվություն ստանալու համար: «Ես զարմացած եմ վարչարարության խնդրի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցողից: Սա այն բանի քրեստոմատիական օրինակն է, թե ինչպես չպետք է լինի»,- արձանագրեց փաստաբանը:

Պարզվել է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի վերջին: Քաղաքապետարանը մինչև հիմա ոչ մերժել է, ոչ բավարարել: Պարզվել է նաև, որ հենց այս դեպքում է նախկինում գործող կարգը՝ դիմում, այնուհետև տուրքի վճարում, հանկարծ փոխվել, և անհրաժեշտ էր նախ վճարել տուրքը և անդորրագիրը ներկայացնել դիմումի հետ միասին: Խնդիրը շտկվել է, տուրքը վճարված է, բայց սայլը տեղից չի շարժվում: Ուշագրավ է, որ քաղաքապետարում չեն մտահոգվել պարզաբանելու առաջին դիմումի մերժման պատճառը՝ սահմանափակվելով պահանջներին չհամապատասխանելու ձևական նշումով:

Արաբկիր և Կենտրոն շրջանների թաղապետարանների միջոցով դիմելու փորձերը նույն արդյունքն ունեցան՝ պատասխան չկա:

Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից, հիշեցրեց փաստաբանը:

Միևնույն ժամանակ, քանի որ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն մտադիր է հետագայում էլ գործել ըստ օրենքի, նույնն ակնկալում է նաև քաղաքապետարանից և խնդրում է տրամադրել փաստաթուղթ, որը թույլատրում է գրքի գովազդը:

Այն տրամադրելու համար որպես խելամիտ ժամկետ ՍՊԸ ներկայացուցիչները պատրաստ են 24 ժամ հատկացնել՝ հակառակ դեպքում վաղը օրվա երկրոդ կեսին փաստաբանը դիմում կներկայացնի Վարչական դատարան: